Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 23-րդ տուրում կենտրոնականը «Փյունիկ»-«Բանանց» հանդիպումն էր: Հաղթանակի դեպքում «Փյունիկը» գործնականում կապահովեր չեմպիոնի տիտղոսը: Իսկ եթե հաջողության հասներ «Բանանցը», որը վերջին շրջանում վերելքով է հանդես գալիս, ապա չեմպիոնից միավորների տարբերությունը կհասներ նվազագույնի եւ ոսկե մեդալների համար պայքարը նոր ուժով կբորբոքվեր:
Աբովյանում կայացած հանդիպումն անցավ «Բանանցի» առավելությամբ: 30-րդ րոպեին հաշիվը բացեց Սամվել Մելքոնյանը, որը խաղավարտից 10 րոպե առաջ նաեւ երկրորդ գոլը խփեց: Իսկ «Փյունիկի» ջախջախումն ավարտեց «Բանանցի» հարձակվող Արսեն Բալաբեկյանըՙ հաշիվը դարձնելով 3-0:
Առաջատարներին ընդհուպ մոտեցավ նաեւ «Արարատը», որն առավելության հասավ «Կիլիկիայի» նկատմամբ (3-1): Եվ թեեւ արարատցիներն արդեն 11-րդ րոպեին խաղադաշտում մնացել էին 10 հոգով (հեռացվել էր Հրայր Մկոյանը), սակայն նրանց առավելությունն առաջնության հետնապահի նկատմամբ զգալի էր: Լավ էին համագործակցում Էրզրումյան եղբայրներն ու Մարկոսը: Հենց Նշան Էրզրումյանն էլ 17-րդ րոպեին մեն մենակ դուրս գալով դարպասապահի դիմացՙ բացեց հաշիվը: Մինչեւ ընդմիջում Մարկոսը կրկնապատկեց հաշիվըՙ իրացնելով 11 մ հարվածը, որ նշանակվել էր Սերգեյ Էրզրումյանին վայր գցելու համար: Ընդմիջումից հետո էլ բրազիլացի ֆուտբոլիստը 2-րդ գոլը խփեցՙ առաջնությունում գոլերի թիվը հասցնելով 19-ի: Խաղավերջում օգտվելով «Արարատի» դարպասապահ Նիկոլայ Սարգսյանի անվստահ խաղից, Հայկ Մկրտչյանը կրճատեց հաշվի տարբերությունը (3-1):
Վերջին շրջանում հաջող խաղ ցուցադրող «Ուլիսը» Կապանում կամային հաղթանակ տոնեց: Արդեն 14-րդ րոպեին «Գանձասարի» ռումինացի լեգեոնական Մարշավելան բացեց հաշիվը: Այդ գոլին «Ուլիսը» պատասխանեց 32-րդ րոպեին: Աչքի ընկավ մեկ այլ լեգեոնականՙ Ադոֆե Շովբոյը: Իսկ հաղթական գնդակը 89-րդ րոպեին խփեց վերջերս «Արարատից» «Ուլիս» տեղափոխված Հովհաննես Հարությունյանը:
«Շիրակն» ընթացիկ մրցաշրջանում անհարմար մրցակից է դարձել «Միկայի» համար: Գյումրիում կայացած խաղում դարպասները մնացին անառիկ: Միավորի հերթական կորուստը «Միկային» հնարավոր է թանկ նստի մրցանակային տեղերի համար պայքարում:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Փյունիկ | 22 | 15 | 2 | 5 | 51-18 | 47 |
2. Բանանց | 23 | 14 | 4 | 5 | 45-20 | 46 |
3. Արարատ | 23 | 14 | 3 | 6 | 41-32 | 45 |
4. Միկա | 22 | 10 | 7 | 5 | 37-22 | 37 |
5. Գանձասար | 23 | 9 | 5 | 9 | 27-26 | 32 |
6. Շիրակ | 23 | 6 | 7 | 10 | 20-30 | 25 |
7. Ուլիս | 23 | 5 | 4 | 14 | 14-42 | 19 |
8. Կիլիկիա | 23 | 1 | 2 | 20 | 8-53 | 5 |
Ռմբարկուները
Մարկոս | «Արարատ» | 19 |
Արսեն Բալաբեկյան | «Բանանց» | 12 |
Գեւորգ Ղազարյան | «Բանանց» | 11 |
Լեւոն Փաչաջյան | «Փյունիկ» | 9 |
Հենրիխ Մխիթարյան | «Փյունիկ» | 8 |
Արթուր Քոչարյան | «Գանձասար» | 8 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ