«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2007-10-02 | #179, 2007-10-03 | #180, 2007-10-04


«ՄԻԿԱՆ» ԿՁԳՏԻ ՊԱՀՊԱՆԵԼ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ

Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց 23-րդ եւ կանանց 12-րդ ակումբային առաջնությունները: Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 7 տուր: Եվրոպայի ակումբային առաջնության չեմպիոնի տիտղոսն են վիճարկում տղամարդկանց 55 եւ կանանց 17 թիմեր: Հիշեցնենք, որ անցած տարի տղամարդկանց մրցաշարի հաղթող էր դարձել Ռուսաստանի «Տոմսկ-400» թիմը, իսկ կանանց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Երեւանի «Միկան»:

Անցած տարվա համեմատ «Միկայի» կազմում երկու փոփոխություն է կատարվել: Նելլի Աղինյանին փոխարինել է մեր ուժեղագույն շախմատիստուհիներից մեկըՙ Լիլիթ Մկրտչյանը, որը մինչ այդ հանդես էր գալիս Չելյաբինսկի «Յուժնի Ուրալում»: Իսկ Սիրանուշ Անդրեասյանի փոխարեն կխաղա Լիանա Աղաբեկյանը: Նա նշված է որպես պահեստային: Առաջին խաղատախտակի վրա «Միկան» կներկայացնի աշխարհի նախկին չեմպիոնուհի Մայա Չիբուրդանիձեն (2500): Հաջորդ խաղատախտակների վրա կխաղան Էլինա Դանիելյանը (2458), Լիլիթ Մկրտչյանը (2410), Նինո Խուրցիձեն (2450): Հարկ եղած դեպքում նրանցից որեւէ մեկին մրցաշարի ընթացքում կփոխարինի Լիանա Աղաբեկյանը (2218): Նշենք, որ միջին վարկանիշով (2449) «Միկան» մասնակից 17 թիմերի մեջ զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Ամենաբարձր վարկանիշն ունի «Մոնակոն» (2527), որին հաջորդում են ՌԴ չեմպիոն Կրասնոտուրինսկի թիմը (2456) եւ Չելյաբինսկի «Յուժնի Ուրալը» (2451):

Տղամարդկանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում է հանրապետության չեմպիոն «Բանկերի արքան»: Թիմը գլխավորում է փորձառու Սմբատ Լպուտյանը, որն իր թիմակիցներից ամենաբարձր անհատական վարկանիշն ունի (2633): Այնուհետեւ գալիս են Տիգրան Պետրոսյանը (2613), Կարեն Ասրյանը (2608), Ռաֆայել Վահանյանը (2594), Արտաշես Մինասյանը (2571), Տիգրան Քոթանջյանը (2559) եւ պահեստայիններ Աշոտ Անաստասյանը (2555), Աշոտ Ավետիսյանը (2157): Մեր թիմը միջին վարկանիշով (2596) 11-րդն է:

Մեր երկու գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանն ու Գաբրիել Սարգսյանը եւս կմասնակցեն մրցաշարին, սակայն տարբեր թիմերի կազմերում: Հակոբյանը հայտավորված է Սվերդլովսկի «Ուրալի» կազմում 3-րդ խաղատախտակի վրա: Թիմը գլխավորում է ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը: «Ուրալում» հանդես կգան նաեւ Ալեքսեյ Շիրովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վլադիմիր Մալախովը, Ալեքսեյ Դրեեւը, Ալեքսանդր Մոտիլյովը եւ Նուկհիմ Ռաշկովսկին: «Ուրալը» միջին վարկանիշով (2707) գերազանցում է բոլոր թիմերին:

Գաբրիել Սարգսյանը հայտավորված է «Լինեքսի» կազմում 4-րդ համարի տակ: Նրա թիմակիցներն են Գատա Կամսկին, Մայքլ Ադամսը, Սերգեյ Ռուբլյովսկին, Իվան Չեպարինովը, Մանուել Պերեսը, Խուան Կարասկոն եւ Իվան Գաբեզասը: «Լինեքսը» միջին գործակցով (2661) 6-րդն է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4