Նյու Յորքում ժամանակակից արվեստի մեջ մասնագիտացած «Կակոսյան» առաջատար պատկերասրահը հոկտեմբերի 19-28-ը «Insight?» խորագրով ցուցահանդես է անցկացնելու ռուսաստանցի մեծահարուստների մերձմոսկովյան Բարվիխա բնակավայրում: 30 նկարիչների (Պաբլո Պիկասո, Էնդի Ուորհոլ, Վիլլեմ դե Կունինգ, Ջեֆ Կունս, Դեմիեն Հերստ եւ ուրիշներ) աշխատանքներ կցուցադրվեն Բարվիխայի սրահներից մեկում:
Բլումբերգ գործակալության տվ-յալներով, նկարներից բացի կցուցադրվեն Ռիչարդ Սերի քանդակները եւ ժամանակակից կահույքի նմուշներ:
Պատկերասրահի տնօրեն Վիկտորյա Գելֆանդը հույս ունի, որ ցուցադրությունը կգրավի հարուստ ռուսաստանցիների նոր սերնդի ուշադրությունը: Մոսկովյան պատկերասրահներից մեկի տնօրեն Գարի Տատինցյանը իր հերթին կարծում է, որ «Կակոսյան» պատկերասրահի ցուցանմուշները կհետաքրքրեն երիտասարդ բանկատերերին եւ իրավաբաններին: Իսկ «Ռեգինա» պատկերասրահի սեփականատեր Վլադիմիր Օվչարենկոն գտնում է, որ ռուսաստանցիները «պահպանողական են, սիրում են հարմարավետ բաներ, ֆիգուրատիվ նկարչություն, բնանկարներ եւ նատյուրմորտներ»:
«Կակոսյան» պատկերասրահի նման բարձրակարգ արտասահմանյան որեւէ պատկերասրահ մինչեւ օրս սեփական ցուցահանդես չէր կազմակերպել Ռուսաստանում:
ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ