Համոզված է թուրքագետ Հակոբ Չաքրյանը
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում է Հայոց ցեղասպանության ճանաչման 106-րդ բանաձեւը, որը քննարկվելու է հոկտեմբերի 10-ին:
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մեծ նշանակություն ունի այն առումով, որ միջազգային ասպարեզում Թուրքիայի նկատմամբ մեր դիրքերն ամրապնդվում են, իսկ դա նշանակում է մեր դիրքերի ամրապնդում նաեւ Ղարաբաղի հիմնահարցում: Ինձ թվում է, Ներկայացուցիչների պալատը կընդունի բանաձեւը, հանձնաժողովից բացի Ներկայացուցիչների պալատի գլխավոր ասամբլեան եւս, բայց Սենատը, կարծում եմ, նորից կմերժի: Սակայն կա մի հանգամանք` մի բան է Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումն ԱՄՆ-ի կողմից, մի այլ բան, ասենք, Բոլիվիայի ընդունումը: ԱՄՆ-ն աշխարհի միակ լիարժեք գերտերությունն է, որն ուղղորդում է միջազգային հանրությանը, հետեւաբար ճանաչելու դեպքում ցեղասպանության հետեւանքների վերացման պատասխանատվություն է ստանձնում», երեկ «Հայելի» ակումբում բանաձեւի հնարավոր ընդունման մասին թեմայով հանդիպմանն ասաց թուրքագետ, «Ազգ» օրաթերթի վերլուծաբան Հակոբ Չաքրյանը:
Ակումբի մյուս հյուրը` քաղաքական գիտությունների դոկտոր, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանը եւս կարծում է, որ այս տարի Ներկայացուցիչների պալատում բանաձեւի ընդունման հավանականությունն ավելի մեծ է:
Հակոբ Չաքրյանը նշեց, որ մինչեւ հոկտեմբերի 10-ը Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ` լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար, սակայն մինչ այդ մեկնած 4 աշխատանքային պատվիրակություններն էլ որեւէ արդյունքի չեն հասել: «Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի ժխտողականության դիրքերը սպառվել են, նրանք էլ չգիտեն ինչ անել: Պատահական չէ, որ մի անգամ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ներկայացուցիչը Եվրոպայում ասել է, թե ինչպես ճանաչենք, եթե 90 տարի շարունակ ժխտել ենք», հայտարարեց Չաքրյանը:
Արմեն Այվազյանը շեշտեց մեկ այլ հանգամանք: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի նկատմամբ մեզ մոտ մի տեսակ մակերեսային մոտեցում կա: «Մենք մեզ համար պիտի ճշտենք ինչ ենք ուզում, որպեսզի իմանանքՙ հաջորդ փուլում ինչ ենք անելու: Հարցին պետք է լուրջ մոտենալ, ոչ թե ճանաչել-չճանաչելու կտրվածքով», ասաց նա` ընդգծելով, որ մեր երկրում նույնիսկ բանաձեւի թարգմանված տեքստը չկա, «ի՞նչն ենք քննարկում»: Հակոբ Չաքրյանն էլ հավելեց, որ առանց նյութին ծանոթանալու մեր երկրում խոսելը շատ ընդունված է` ակադեմիկոսներից մինչեւ գիտությունների թեկնածուների շրջանում: Դրա օրինակն են Զեյնո Բարանի հետ Բրայզայի ամուսնության մասին քննարկումները: Վերլուծաբանի խոսքով, ինտերնետային թերթերից մեկը Զեյնո Բարանի հետ Մեթյու Բրայզայի ամուսնության առնչությամբ, մեղադրելով հայկական իշխանություններին, գրել էր թե հայկական դիվանագիտությունը պետք է միջոցներ ձեռնարկի: «Մինչդեռ, տվյալ պարագայում չկա այլ միջոց, քան թուղթ ու գիր անելը», նկատեց թուրքագետը: Հակոբ Չաքրյանը համակարծիք էր Արմեն Այվազյանի հետ այն հարցում, որ մոտեցումը մակերեսային է եւ դրա պատճառը «նախաձեռնությունից զուրկ մեր արտաքին քաղաքականությունն է»:
Արմեն Այվազյանը շեշտեց 5 կարեւոր կետեր, որոնք մենք պետք է հաշվի առնենք, երբ լսում ենք այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ընդունման մասին: Քաղաքագետի խոսքով, պետք է նկատել, թե արդյոք տվյալ բանաձեւում ի՞նչ ժամանակաշրջան, ոճրագործության ի՞նչ վայր է նշված, պատասխանատվության եւ հետեւանքների մասին ինչպիսի՞ ձեւակերպումներ կան: Արմեն Այվազյանի համոզմամբ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ներկայացված բանաձեւը բավական դրական ձեւակերպումներ ունի: «Եթե Սենատն էլ չհաստատի, սա մեկ քայլ առաջ է», համաձայնեց Հակոբ Չաքրյանը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Բուշի ամենամյա ելույթին, որից հետո սփյուռքի որոշ շրջանակներ դժգոհել են, թե ավելի լավ է ելույթ չունենա, քան ցեղասպանություն բառը չօգտագործի, Հակոբ Չաքրյանն ընդգծեց. «Չպետք է մոռանալ, որ ԱՄՆ-ն միակ պետությունն է, որի նախագահն ամեն տարի ապրիլի 24-ի ուղերձով վշտակցում է հայերին: Թեպետ ցեղասպանություն բառը չի արտասանում, նրա ձեւակերպումներն ամբողջությամբ արտահայտում են ՄԱԿ-ի ցեղասպանության մասին կոնվենցիայի դրույթները»: Վերլուծաբանը շեշտեց, որ թուրքերը 40 մատաղ կանեին, որ Բուշը ապրիլի 24-ին այլեւս ելույթ չունենար. «Այդ մասին գիտի նաեւ Էմուսիկս, որքան էլ տարիքով փոքր է, նա գիտի, որ դա սխալ քայլ է»:*
Թուրքագետը բանաձեւի քննարկումը Ներկայացուցիչների պալատին ներկայացնելու խնդիրը սփյուռքի հետ չի կապում, առհասարակ առաջարկում է չգերագնահատել սփյուռքի գործունեությունը` մանավանդ որ համակարգված չէ: «Երբ ԱՄՆ-ին անհրաժեշտ է Թուրքիային զսպաշապիկ հագցնել, Հայկական դատի հանձնախմբին է ակտիվացնում, երբ անհրաժեշտ է լինում մեղմել լարվածությունը, շրջանառության մեջ է դնում Ամերիկայի հայկական համագումարին: Ես չեմ ուզում ասելՙ նրանք վերահսկվում են, բայց բոլոր դեպքերում, եթե գործունեություն են ծավալում այդ երկրում, պետք է որոշ հարցերում հաշվի նստեն պետական կառույցների հետ: Այնպես որ սփյուռքի գործունեությունը պետք չէ գերագնահատել», շեշտեց Հակոբ Չաքրյանը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
(*) Ի դեպ, Էմուսիկը Հ. Չաքրյանի սիրունիկ փիսիկն է: