«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2007-10-04 | #181, 2007-10-05 | #182, 2007-10-06


ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԸ ԿԱԶԱՏՎԵՆ ՄԱՇՎԱԾ ԵՎ ՔԱՅՔԱՅՎԱԾ ՎԵՐԵԼԱԿՆԵՐԻՑ

Կառավարության հատկացված 3 միլիարդ դրամով կապիտալ նորոգման կենթարկվեն 2500 վերելակներ եւ կտեղադրվեն 34 նորերը

Երեւանի բարձրահարկ շենքերի բնակիչների մշտական հոգսերից են վերելակների մաշվածությունն ու պարբերաբար չգործելը, դրանց վտանգավորությունը, նորոգման համար գումարներ հավաքելը եւ այլն: Ինչպես եւ այլ ոլորտներ, 90-ականներին այս համակարգը եւս քայքայվեց, վերելակները թալանվեցին, դրանք կոմպլեկտավորող մասերը շարքից դուրս եկան: Հույսը, թե վերելակային տնտեսությունը վերստին նորմալ կգործի, ըստ էության կորել էր: Սակայն այս տարի կառավարության որոշմամբ 3 մլրդ դրամ տրամադրվեց մայրաքաղաքի վերելակների կապիտալ նորոգման նպատակով:

Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի հավաստմամբ, նախորդ տարիներին վերելակների նորոգման եռամյա բիզնես ծրագրեր էին պատրաստվում, որոնք յուրաքանչյուր տարի թարմացվում էին: Քաղաքապետարանում հուսով էին, որ վարկային ծրագրով կամ ֆինանսավորման այլ աղբյուրներով ներդրումներ կկատարվեին եւ այս գործը կսկսվեր: «Բարեբախտաբար, կառավարության կողմից քայլ արվեց եւ բյուջեից հատկացված 3 մլրդ դրամով պետք է նորոգվեն 2500 վերելակներ: 34 վերելակներ ամբողջությամբ պետք է փոխվեն եւ տեղադրվեն նորերը: Ընդ որում, 7-ն արդեն այս տարվա 4-րդ եռամսյակում», ասաց փոխքաղաքապետը:

Այս տարի գույքագրվեց ամբողջ համակարգը, կոնկրետ հասցեներով ու շենքերով նշվեցին, թե որտեղ ինչ խնդիրներ կան: Կազմվել են խմբեր նորոգման աշխատանքները կազմակերպելու համար: Սակայն փոխքաղաքապետն ընդգծեց, որ պակասում են այս ոլորտի մասնագետները եւ որ պատրաստ են ներգրավել վերելակների մասնագետների ու նրանց, ովքեր թեկուզ մասամբ հասկանում են այդ աշխատանքից: «Աշխատանքների ծավալը մեծ է, նրանց կարիքը կա», մեկ անգամ եւս ասաց Վանո Վարդանյանը, ավելացնելով, որ ժամանակին «Երվերելակ» ընկերությունը հզոր մասնագիտացված կառույց էրՙ 1100 աշխատողներով: Նրանցից, սակայն, այժմ աշխատում է 10-11 տոկոսըՙ 154 մարդ: Շատերը հեռացան, որովհետեւ հույս չունեին, որ վերելակային տնտեսությունը կսկսի նորմալ գործել եւ իրենց մասնագիտությունը որեւէ մեկին պետք կլինի:

Գույքագրմամբ պարզվել է, որ Երեւանում վերելակների ընդհանուր թիվը 4261 է, որից ընդհանրապես չի աշխատում 354-ը: Չաշխատող վերելակներն, ըստ փոխքաղաքապետի, չարիքի փոքրագույնն են, որովհետեւ դրանք կարելի է նորոգել: Սակայն աշխատող վերելակների 70 տոկոսը վաղուց սպառել է 25 տարի կազմող շահագործման ժամկետը, որից հետո դրանք պետք է փոխվեին նորով կամ վերանորոգվեին: Այդ վերելակները, ճիշտ է, այսօր աշխատում են շնորհիվ «Երվերելակի» մասնագետների, բայց երբեմն բացթողումներ էլ լինում, որոնք խիստ անհանգստացնող են:

Աշխատանքները սկսելու համար գույքագրումից հետո կապեր հաստատվեցին Ռուսաստանի եւ Բելառուսի վերելակաշինական գործարանների եւ Հայաստանի այն գործարանների հետ, որոնք ժամանակին սարքավորումներ են արտադրել այդ վերելակների համար: Դրանք «Էլեկտրաապարատ», «Էլեկտրաշարժիչ» եւ «Մարս» գործարաններն են: Մասնագետներ գործուղվեցին այն երկրներ, որտեղից ժամանակին ստացել ենք այդ վերելակները: Դրանք Ռուսաստանի Կարաչաեւ եւ Բելառուսի Մոգիլյով քաղաքներն են: Լինելով գործարաններում, հայ մասնագետները տեսան գործարանների վիճակը, արտադրվող սարքավորումների որակն ու գները: Ավելի նպաստավոր պայմաններ առաջարկեցին եւ պատրաստակամություն հայտնեցին բելառուսները, եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց Մոգիլյովի գործարանի հետ: 4-րդ եռամսյակում արդեն որոշակի քանակություն պետք է ստացվի: Տեղափոխման համար պայմանագրեր են կնքվել հայկական «Ապավեն» եւ մեկ բելառուսական բեռնափոխադրող ընկերությունների հետ, որոնք պետք է իրականացնեն վերելակների տեղափոխումը Հայաստան:

«Վերելակը բաղկացած է 86 կոմպլեկտավորող մասերից եւ 2500 վերելակների համար այդ մասերից մեզ տարբեր քանակներով անհրաժեշտ է: Դրանք արտադրվում են Մոգիլյովի եւ մեր երեք ձեռնարկություններում», նշեց Վանո Վարդանյանը:

Աշխատանքները սկսելուց առաջ սկսվել է վերելակների վերինՙ տեխնիկական հարկի տանիքների նորոգումը: Դրանք նույն անմխիթար վիճակում էին, ինչ վերելակները: Սակայն աշխատանքներն իրականացնելիս ի հայտ եկավ մեկ այլ խնդիրՙ պարզվեց, որ այդ տեղերում ալեհավաքներ են տեղադրվել: Քաղաքացիներին ավելորդ հոգսից ազատելու եւ դժգոհության առիթ չտալու համար, ինչպես հայտնեց մեր զրուցակիցը, այդ ալեհավաքները տեղափոխում եւ ամրացնում են վերելակների տեխնիկական տանիքների եզրերի մոտ: 26 շենքերի վրա այժմ այդ աշխատանքները տարվում են: Միաժամանակ, թաղապետարաններին հանձնարարված է, որ վերելակների տակահորերը մաքրվեն: Դրանք նույնպես լցվել են աղբով, մինչդեռ առնվազն տարին մեկ անգամ պետք է մաքրվեն:

Այս օրերին արդեն որոշ շենքերում սկսվել են անմիջականորեն վերելակների նորոգման մասնակի աշխատանքները: Պայմանագրեր են կնքվել երեք կազմակերպությունների հետ: Քաղաքապետարանը սկսել է դրանց ֆինանսավորումը: Աշխատանքները սկսվել են Արաբկիրում, Նոր Նորքում, Մալաթիա-Սեբաստիայում, Ավանում, Դավիթաշենում: Փոխքաղաքապետը նշեց, որ վերելակների խնդիր չկա միայն Նորք-Մարաշ համայնքում, իսկ Նուբարաշենում կան միայն 6 շենքեր, որոնք գերատեսչական շենքեր են եւ այդտեղ աշխատանքներն ավելի ուշ կսկսվեն:

Վանո Վարդանյանն հայտնեց նաեւ, որ քաղաքապետ Երվանդ Զախարյանի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որի մեջ մտել են «Երվերելակ» կազմակերպության, թաղապետարանների եւ քաղաքապետարանի կոմունալ վարչությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ համատիրությունների նախագահներն ու վերին հարկերի բնակիչները: Հանձնաժողովն իր մասնագիտական գնահատականը, իսկ բնակիչներն էլ իրենց կարծիքն ու ոչ մասնագիտական գնահատականը պետք է տան կատարված աշխատանքների մասին դրանց ավարտից հետոՙ հանձնման ժամանակ:

«Սա շատ կարեւոր խնդիր է, քանի որ բոլորս ենք օգտվում վերելակներից: Հուսով եմ, որ մեր բնակչությունը եւս, տեսնելով նորն ու լավը, կպահպանի եւ չի վնասի նորոգված վերելակները», մեր զրույցի վերջում հույս հայտնեց փոխքաղաքապետը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4