«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2007-10-04 | #181, 2007-10-05 | #182, 2007-10-06


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ Ի ՀԱՅՏ ԵՆ ԵԿԵԼ

Մինչեւ 20 տարեկան աղջիկների եւ պատանիների աշխարհի առաջնության 3-րդ տուրում առաջատարների խմբում գտնվող Արման Փաշիկյանը սեւերով ոչ-ոքի խաղաց հնդիկ գրոսմայստեր Նեգի Պարիմարիանի հետ եւ վաստակեց 2,5 միավոր: Մեր մյուս առաջատարըՙ Տիգրան Մամիկոնյանն անհաջողության մատնվեցՙ զիջելով ֆիլիպինցի Վեսլեյ Սոյին: Վերջինս 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց եւ Մաքսիմ Ռոդշտեյնի ու Լինգ Հովելի հետ 3 միավորով գլխավորեց աղյուսակը:

Ավետիք Գրիգորյանը պարտվեց Վիկտոր Լազնիչկային: Անհաջողության մատնվեց նաեւ Սամվել Տեր-Սահակյանըՙ պարտվելով Իվան Պոպովին: Մեր երկու շախմատիստներն էլ վաստակել են 1,5-ական միավոր: Հրանտ Մելքումյանը հաղթելով Վյաչեսլավ Կուլակովին, վաստակեց 2 միավոր: Իսկ ահա Հովիկ Հայրապետյանը, որ մեկ միավոր ուներ, պարտություն կրեց Ահմեդ Ադլիից:

Աղջիկների մրցաշարում ուշադրության կենտրոնում էր Աննա Հայրապետյանի մրցախաղը գրոսմայստեր Բելա Կոտենաշվիլու հետ: Վերջնախաղում Աննայի նավակը պայքարում էր մրցակցի երկու անցողիկ զինվորների դեմ: Վրաց շախմատիստուհուն հաջողվեց զինվորներից մեկը փոխակերպել թագուհու, որից մի քանի քայլ անց Աննան հանձնվեց: Այսպիսով, Կոտենաշվիլին վաստակեց 3 միավոր եւ Վերա Նեբոլսինայի, Սանյաո Կարնավատեի, Սոպիկո Գուրամիշվիլու եւ Սարահ Հոլթի հետ ստանձնեց առաջատարի դերը:

Երկու անընդմեջ հաղթանակներից հետո Տաթեւ Աբրահամյանը զիջեց Վերա Նեբոլսինային: Դիանա Հարությունովան ոչ-ոքի խաղաց, իսկ Նունե Դարբինյանը, Իրինա Գեւորգյանը, Լիա Մարտիրոսյանը, Մարինե Գրիգորյանը, Դիանա Մնացականյանը, Տաթեւիկ Հայրապետյանը հաղթեցին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4