«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2007-10-05 | #182, 2007-10-06 | #183, 2007-10-09


ՆՊԱՏԱԿՆ ԱՆԱՐԳԵԼ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՀՈՎԵԼՆ Է ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՄԲՈՂՋ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՄԲ

Երվանդ Զախարյանը պարզաբանեց մեծածավալ շինարարական աշխատանքները միաժամանակ իրականացնելու պատճառները

«Չեմ ցանկանում եւ ճիշտ չեմ համարում գնահատականներ եւ պարզաբանումներ տալ ինձանից առաջ աշխատած քաղաքապետների մասին: Իմ աշխատանքի մասին կարող եմ ասել, որ ես անում եմ այն, ինչ պետք է անեմ, առավելագույնս օգտագործում եմ ինձ ընձեռած հնարավորությունները»: Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց լրագրողներից մեկի հետեւյալ հարցին. «Խորհրդային տարիների Երեւանի քաղաքապետներից Մուրադ Մուրադյանը, ասելով, որ մայրաքաղաքիՙ իր կառավարման տարիներին է իրականացվել ամենածավալուն կառուցապատումը, նշել է, որ իրեն հաջորդած քաղաքապետներից միայն Երվանդ Զախարյանն է խիզախություն ունեցել նման մեծածավալ քաղաքաշինական եւ ճանապարհաշինական ծրագրեր իրականացնելու: Ինչպե՞ս եք մեկնաբանում նրա այս գնահատականը»:

Իսկ մամուլի ասուլիսը Երեւանի քաղաքապետը սկսեց իրականացված աշխատանքների մասին այս տարվա ինը ամիսների արդյունքների ամփոփմամբ եւ առավել մանրամասն կանգ առավ մայրաքաղաքի ճանապարհների կառուցման եւ իրացման գոտիների հարցերի վրա:

Այսպես, այս տարվա 9 ամիսներին նախատեսված 65 մլրդ դրամ ծավալի աշխատանքների փոխարեն իրականացվել են 70 մլրդ դրամի աշխատանքներ: Երվանդ Զախարյանն ավելացրեց, որ բոլոր այն ծրագրերը, որոնք նախատեսված են եղել 4 տարի առաջ կառավարության հաստատած Երեւան քաղաքի զարգացման հիմնադրույթներով, կատարվել են եւ անգամ 15-20 տոկոսով ավելի չափով, քան նախանշվել էին: Դրանց մեջ ամենամեծ բաժինն ունեն քաղաքաշինական ծրագրերը:

Առաջին խոշոր քաղաքաշինական ծրագիրըՙ Հյուսիսային պողոտան, որը սկսվել էր 2003-ին եւ պետք է ավարտվեր 2007-ին, այս հոկտեմբերին կամ նոյեմբերի առաջին կեսին կավարտվի: «Ինչպես եւ խոստացել էինք», ընդգծեց Երվանդ Զախարյանը, ավելացնելով, որ Գլխավոր պողոտայի եւ քաղաքի այլ հատվածների կառուցապատման ծրագրերը շարունակվում են:

Տրանսպորտային ճանապարհների շինարարության մասին խոսելիս քաղաքապետը թվարկեց, որ ներկայումս շինարարական աշխատանքներ են ընթանում Խանջյան-Տիգրան Մեծ, Խանջյան-Վարդանանց, Նալբանդյան-Իսահակյան, Կիեւյան-Բաղրամյան, Բաղրամյան-Օրբելի խաչմերուկներում, կառուցվում են 7 ստորգետնյա եւ վերգետնյա անցումներ եւ վերակառուցվում մի քանի փողոցներ: Այսինքն, իրականացվում են այնպիսի մեծածավալ աշխատանքներ, որպիսիք Երեւանը վաղուց չի տեսել:

«Ինչո՞ւ բոլոր ճանապարհները կամ խաչմերուկները միաժամանակ են կառուցվում»: Հաճախ տրվող այս հարցի առնչությամբ Երվանդ Զախարյանն ասաց, որ կփորձի տալ պարզաբանումներ, որպեսզի «պարզ լինի բոլորի համար եւ այլեւս հարցեր չառաջացնի»: Որո՞նք էին քաղաքապետի պարզաբանումները:

Նախՙ Կիեւյան-Բաղրամյան եւ Կիեւյան-Օրբելի փողոցների մասին: Եթե Կիեւյան-Բաղրամյան խաչմերուկի վերակառուցումից հետո ապահովվի առանց կանգառների տրանսպորտային երթեւկությունը Կոմիտաս-Բաղրամյան եւ Կիեւյան-Քոչար փողոցներով, ապա Օրբելի խաչմերուկում անարգել երթեւեկություն չստեղծելու եւ լուսացույցը չհանելու դեպքում այնտեղ մշտական խցանումներ կլինեն: Այդ պատճառով էլ վերակառուցման աշխատանքները կատարվում են միաժամանակ:

Խանջյան փողոցի վրա կատարվող համաժամանակյա շինարարության մասին: «Սարալանջ փողոցի շինարարության նպատակը քաղաքի կենտրոնական մասի երթեւեկության կանոնակարգումն ու բեռնաթափումն է եղել: Այսինքն, հարավից եկող տրանսպորտի մի մասը փորձել ենք անցկացնել Սարալանջ փողոցով, ապա Կոմիտասով, Դավիթաշենի կամուրջով դեպի Աշտարակի խճուղի: Այս փողոցն իր ամբողջ հզորությամբ կարող է աշխատել միայն այն դեպքում, երբ վարորդը ժամանակ շահի: Քաղաքի հարավային մասից վարորդն այսօր Կոմիտաս է հասնում մոտ կես ժամում: Եթե Սարալանջ փողոցի շինարարությունից հետո մենք ժամանակի կրճատում չապահովենք եւ չշահագրգռենք վարորդներին այս փողոցից օգտվելու, ապա տվյալ փողոցի շինարարությունը կլիներ ինքնանպատակ եւ քաղաքի կենտրոնը թեթեւացնել չենք կարող»: Խանջյան-Տիգրան Մեծ, Խանջյան-Վարդանանց խաչմերուկների եւ Գետառի վերակառուցումը մինչեւ Հերացու փողոց եւ թունելով անցումը դեպի Սարալանջի փողոց իրականացնելով, ապահովվում է ամբողջ այս ճանապարհի երկարությամբ առանց կանգառի երթեւեկություն: Այս պարագայում վարորդները լիարժեք կարող են օգտվել այդ մայրուղուց: Եթե ներկայումս մեքենան կրկեսի մոտից մինչեւ Կոմիտասի պողոտա հասնում է 20-30 րոպեում, ապա այդ վերակառուցված խաչմերուկների եւ փողոցի շահագործումից հետոՙ 5-7 րոպեում: Սա նաեւ բնապահպանական նշանակություն կունենա, քանի որ խաչմերուկներում մեքենաների կանգառներն են սահմանափակվում, ինչը կպակասեցնի արտանետումների ծավալները:

Ներկայացնելով վերոնշյալ մեծածավալ աշխատանքների իրականացման պատճառներն ու անհրաժեշտությունը, քաղաքապետը կարեւորեց եւս մեկ հանգամանք: Այն էՙ ավտոմեքենաների ավելացման պայմաններում առաջիկա 10-15 տարիների հեռանկարով թեթեւացնել տրանսպորտային երթեւեկության վիճակը: Նա տեղեկացրեց, որ անցյալ տարի ավտոմեքենաների թիվը Երեւանում ավելացել է 18 հազարով, իսկ միայն այս տարվա առաջին 9 ամիսներինՙ 22 հազարով:

Իրացման գոտիների մասին քաղաքապետը հայտնեց, որ վարչապետի հանձնարարականի համաձայն, պետք է ճանաչվեին 10 եւ ավելի տարի ապրող մարդկանց սեփականության իրավունքները: Ըստ այդմ, 33-րդ թաղամասում կամ «Ֆիրդուսնոցում» այդ խնդիրը լուծված է, բացառությամբ նրանց, ովքեր այժմ Հայաստանում չեն կամ վեճեր ունեն միմյանց հետ: Վերջիններիս առնչությամբ Երվանդ Զախարյանը հայտնեց, որ ինչպես եւ խոստացել էր, կընդունի նրանց եւ կփորձի լուծումներ գտնել: Եթե դա չհաջողվի, ապա նոր միայն այդ հարցերը պետք է լուծվեն այլ ատյաններում:

Չափագրման աշխատանքներ են տարվում նաեւ Մյասնիկյան պողոտայի աջակողմյան եւ ձախակողմյան հատվածներում, Նորագյուղում, Հին Նորքում, Նորքի այգիներում, Շիրակի, Մանանդյան փողոցներում, Վերին եւ Ներքին Չարբախ թաղամասերում, մեկ-երկու ամսիցՙ նաեւ Ներքին Շենգավիթում:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի այն հայտարարության կապակցությամբ, ըստ որի Երեւանում ընթացող շինարարական աշխատանքները չեն անցել բնապահպանական փորձաքննություն տրված հարցին պատասխանելով, քաղաքապետը նախ ասաց, որ գոյություն ունեցող եւ միայն վերակառուցվող անցումները ենթակա չեն բնապահպանական փորձաքննության: Ինչ մնում է Գետառի եւ մյուս հատվածներին, ապա Երվանդ Զախարյանն ասաց, որ դրանք բոլորը Կենտրոն համայնքի գոտեւորման նախագծերով անցել են համալիր, այդ թվումՙ բնապահպանական փորձաքննություն: Փաստորեն, այդ մասին նախկին քաղաքաշինության եւ ներկայիս բնապահպանության նախարարը չգիտի: Հետաքրքրական է, թե ինչպե՞ս է իր նախարարական ժամանակն անցկացնում Արամ Հարությունյանը, եթե տեղյակ չէ, թե ինչ որոշումներ են ընդունվում իր ղեկավարած նախարարություններում:

Իրացման գոտիների հետ կապված մեկ այլ հարցի պատասխանելով, Երվանդ Զախարյանն ասաց, որ արվելու է հնարավորինը բնակիչների բողոքները բացառելու համար: Ինչ մնում է Հյուսիսային պողոտայի այն բնակիչներին, որոնք ըստ իրենց ստորագրած պայմանագրերի փոխհատուցում են ստացել, ապա դրանք վերանայել հնարավոր չէ: Իսկ նրանց վերաբերյալ, ովքեր գումարը ստանալուց հետո շարունակում են բողոքել, առաջիկա օրերին այդ մարդկանց անուն-ազգանունները, նրանց փոխհատուցման եւ «Երեւան» հիմնադրամից ստացած գումարները կհրապարակվեն:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4