«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2007-10-05 | #182, 2007-10-06 | #183, 2007-10-09


ՀԵՏԵՎԵՆՔ ԿՈՆՅԱԿԻ ՕՐԻՆԱԿԻՆ

Հայոց գինի էր «ծորում» Մոսկվայի Համառուսաստանյան ցուցահանդեսային կենտրոնի (նախկին ԹԺծղ) «Արմենիա» տաղավարում: Ռուսաստանում ՀՀ առեւտրական ներկայացուցչությունը գովազդային «Գինու տոն էր կազմակերպել մեր խմիչքները հանրաճանաչ դարձնելու նպատակով:

Ռուսաստանը հեղեղած վրացական ու մոլդովական գինիների մուտքն արգելելուց հետո տեղի շուկայի վաճառասեղաններին բավականին արագ դրանց տեղը գրավեցին եվրոպական (Ֆրանսիա, Իտալիա, Պորտուգալիա, Բուլղարիա), հարավամերիկյան ու նույնիսկ հարավաֆրիկյան գունավոր ու անգույն ալկոհոլաշշերը: Իսկ հայոց գինիները, որոնք իրենց յուրահատկություններն ունեն համով թե որակով, դժվարությամբ են ճանապարհ հարթում այս անծայրածիր ու խմիչքասեր վաճառատարածքում: Պատճառը մեկն էՙ ճանաչված չեն, ի տարբերություն, ասենք, մեր կոնյակի: Իսկ ճանաչվելու համար հսկայական միջոցներ են պահանջվում, ինչը, ցավոք, դժվար լուծվող խնդիր է հայաստանյան ֆիրմաների համար: Ահա եւ Ռուսաստանում ՀՀ առեւտրական ներկայացուցչությունը փորձում է իր հնարավորության սահմաններում ժամանակ առ ժամանակ լրացնել այդ բացը:

Միջոցառմանը մասնակցում էին գինի արտադրող տասից ավելի հայաստանյան ու արցախյան ընկերություններ: Շահեկան էր, որ հրավերին արձագանքել էին մոսկովյան խոշորագույն առեւտրական ու սպասարկման ֆիրմաների, մայրաքաղաքի կառավարության սպառողական մարմինների ներկայացուցիչները: Եվ եթե տաղավարի բազմահազար այցելուները սոսկ վայելում էին բուրումնավետ հայոց խմիչքները, ապա մասնագետներն ու շահագրգիռ անձինք դրանք «բանիմաց» տեսքով համտեսում էին:

- Եթե այստեղ պահանջարկ լինի, Հայաստանում գինիների արտադրությունը կարելի է էապես մեծացնել, - ասաց ՌԴ-ում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանը: - Սակայն մրցակցային պայքարն աննախադեպ անողոք է: Առայժմ այստեղ առավել ակտիվ են տեղի հայ կոմերսանտները, եւ մեր խնդիրն է այդ գործուն ուժը դարձնել առավելագույնս «ինտերնացիոնալ»:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4