«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2007-10-05 | #182, 2007-10-06 | #183, 2007-10-09


Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՆԱՀԻՏ ՑԻՑԻԿՅԱՆԻ

Քաղաքային մշակութային միջավայրի ու պատմության ձեւավորման համար առանձնահատուկ նշանակությամբ հուշատախտակները այդ քաղաքի անցյալի, այնտեղ ապրած ու գործած անձանց հիշատակի վավերագրերից են:

Երեկ Թամանյան փողոցի թիվ 1 տան պատին տեղադրվեց հայ անվանի ջութակահար, արվեստի տեսաբան եւ մանկավարժ Անահիտ Ցիցիկյանի հարթաքանդակըՙ քանդակագործ Յուրի Պետրոսյանի հեղինակությամբ: Անահիտ Ցիցիկյանը հայ երաժշտարվեստի պատմության մեջ մնայուն հետք է թողել ոչ միայն կատարողական բարձր արվեստով, այլեւ որպես գիտնական-հետազոտող ու մանկավարժ: Անցած տարի օգոստոսին լրացավ անվանի ջութակահարուհու 80-ամյակը: Անցումային խախուտ իրականությունն ու հոգեբանությունը մոռացության ճեղքեր են բացում: Ու շատ դեպքերում անցյալի հանդեպ մեր պարտավորությունները թուլանում են: Լավ է, սակայն այն մարդկանց գոյությունը, ովքեր իրենց գործունեությամբ կանխում են հիշողության ստվերումները: Այս առումով հարգելի է Անահիտ Ցիցիկյանի դստերՙ Նունե Շամախյանիՙ մոր արվեստի, նրա հիշատակի հանդեպ ունեցած նվիրումն ու ջանքերը: Տարիներ առաջ նա ստեղծեց «Անահիտ» մշակութային հիմնադրամը, 2004-ին լրամշակեց եւ վերահրատարակեց Ցիցիկյանի արվեստաբանական հիմնարար աշխատությունըՙ «Հայկական աղեղնային արվեստը» գիրքը: 2006-ին 80-ամյակի առիթով պատրաստեց եւ մամուլին հանձնեց հրապարակելի նյութեր: Ամիսներ առաջ նրա ջանքերով Երեւանի երաժշտական դպրոցներից մեկը կոչվեց Անահիտ Ցիցիկյանի անվամբ: Այսօր արդեն նոր նախաձեռնությունՙ հարթաքանդակի տեղադրումը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մտահղացմամբ եւ քաղաքապետարանի աջակցությամբ:

Ինչպես մշակույթի նախարարության ներկայացուցիչ Կարո Վարդանյանն ասաց. «Հուշատախտակները որքան հարստացնում են քաղաքի պատմությունը, այնքան աղքատանում ենք մենք, որովհետեւ նրանք հեռացել են մեզնից, բայց պարտավորեցնում ենՙ հիշեցնելով այդ մարդկանց կերտած կենսագրությունները»:

Այդ կենսագրություններից մեկիՙ Անահիտ Ցիցիկյանի ժամանակակցին եւ բարեկամինՙ Էդվարդ Միրզոյանին տրվեց հուշատախտակի բացման պատիվը. «Զարմանալի երեւույթ էր ինքը, գիտեր, որ հեշտ չեմ ես, բայց ինքն էլ այդպիսին էր. մենք մտերիմներ էինք: Տաղանդավոր ջութակահարուհի էր, շատ ստեղծագործությունների առաջին կատարող եւ հմուտ գիտնական էր, նրա երկարատեւ ուսումնասիրություններն ապացուցեցին, որ մեր երաժշտագիտությունն ունի հնագիտություն: Խոնարհվում եմ նրա հիշատակի առաջ»:

Հարգանքի տուրք ու խոնարհում էին ջութակահարուհու վաստակի առաջ «Կոմիտաս» քառյակի առաջին ջութակ Էդվարդ Թադեւոսյանի, երաժիշտ խմբավար Դավիթ Ղազարյանի, ակադեմիկոս Սեն Արեւշատյանի խոսքերը. «Փայլուն երաժիշտ, մանկավարժ, մտավորականՙ բառիս բուն իմաստով, նրա գիտական ուսումնասիրությունների շնորհիվ, որոնք ընդգրկեցին նաեւ մատենադարանային ձեռագրային աշխատանքներ, Հայաստանը մտավ հին երաժշտական մշակույթ ունեցող երկրների շարքը: Հարգանք եւ տուրք Անահիտ Ցիցիկյանի հիշատակին, առանձին շնորհակալություն դստերըՙ Նունեին, որ ճիգ ու ջանք չի խնայում մոր հիշատակը սերունդների մեջ անմոռաց պահելու համար»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4