Հիվանդանոցում են հայտնվել 30-ը
Շաբաթ օրվա տվյալներով, հանրապետությունում կարմրուկի եւ կարմրախտի դեմ արդեն պատվաստվել է 486 հազար 544 մարդ, որը կազմում է պատվաստման ենթակա բնակչության 60,2 տոկոսը: Այս մասին «Ազգին» տեղեկացրեց հակահամաճարակային տեսչության համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը:
Քանաքեռ-Զեյթուն համայնքում երեկ ժամը 13-ին պատվաստվեց համայնքի 56-րդ բնակիչը: Բուժքույր Ռուզաննա Հակոբյանը «Ազգի» հետ զրույցում հայտնեց, որ անցնող մեկ շաբաթվա ընթացքում ինքն արդեն պատվաստել է 5 հարյուրից ավելի մարդկանց: Պատվաստում ստացածներից, նրա խոսքով, վատ զգացողները մի քանիսն են եղել, այն էլ գլխապտույտ են ունեցել, ինչը սովածության կամ վախի հետեւանք է եղել: «Միայն մեկ էպիլեպտիկ է վատ զգացել, այն էլ, քրոջ բացատրությամբ, հերթական նոպա է եղել», ասաց բուժքույրը: Մինչ պատվաստում ստանալը 6-27 տարեկան մարդկանց առանձին սենյակում նախ հարցեր է տալիս բժիշկը, որից հետո միայն իրականացվում է պատվաստումը:
Առավել ակտիվ են եղել 18-25 տարեկան աղջիկները, որոնք ավելի զգոն են` մտածում են պատվաստվեն, որ հետագայում հղիության ընթացքում չվարակվեն: Տղաներն էլ պակաս ակտիվ չեն եղել: Չեն պատվաստում հղի կանանց, բայց կերակրող մայրերին, գրիպով հիվանդներին կամ ջերմություն ունեցողներին պատվաստում են: «Պատվաստում չենք կատարում արյան հետ կապված հիվանդությունների, ուռուցքի դեպքում: Սա է հիմնական հակացուցումը եւ մեկ էլ, եթե փոքր հասակում պատվաստվելուց շոկի մեջ են ընկել: Նախապես բժիշկները ստուգում են, հարցեր տալիս, նոր սրսկում ենք: Հակաշոկային պատրաստուկներ ենք ստացել, բժիշկները լավ պատրաստված են, կարող են ուշագնացության դեպքերը կանխել: Պատվաստումից հետո կես ժամ հսկողության տակ ենք նստեցնում, չնայած մի երկու րոպե նստում են, լավ են զգում եւ գնում են», հավելեց բուժքույր Հակոբյանը:
Հիշեցնենք, որ 1997-ին եւ 2004-ին հանրապետությունում գրանցվել է կարմրուկի եւ կարմրախտի աճ: Առաջիկայում հիվանդության աճը կանխելու համար էլ իրականացվում է կանխարգելման ազգային ծրագիրը, որի շրջանակներում հոկտեմբերի 1-13-ը պետք է պատվաստում ստանան հանրապետության 6-27 տարեկան անձինք:
Հակահամաճարակային տեսչության համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանի խոսքով, հանրապետությունում անցնող շաբաթում բավական հաճախելիություն է նկատվել: Անցնող շաբաթում առավել ակտիվ են եղել Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի հիշյալ տարիքային խմբի բնակիչները` 70 տոկոսից բարձր է եղել պատվաստվողների քանակը:
Այս օրերին շատ է խոսվել պատվաստումից հետո վատ զգալու դեպքերի մասին: Լիլիթ Ավետիսյանը տեղեկացրեց, որ շաբաթ օրվա տվյալներով, հանրապետությունում շուրջ 30 մարդ է հոսպիտալացվել: Վատացման պատճառները, բաժնի պետի խոսքով, տարբեր են եղել: «Մենք ասել էինք, որ պատվաստումից հետո ցանավորում կլինի` պայմանավորված օրգանիզմում տեղի ունեցող պատվաստման հետեւանքներով: Այսինքնՙ օրգանիզմը իմուն ծրագիր է մշակում պատվաստանյութի դեմ: Դրանից վախենալ պետք չէ, բայց մարդիկ վախեցել են ցանավորումից: Եղել են ուշաթափության դեպքեր, որոնք հիմնականում տեղի են ունեցել դեռահասային տարիքային խմբի հետ, որոնց հասունացման շրջանում հորմոնալ, էմոցիոնալ ֆոնը մի քիչ այլ է: Այդ տարիքում անհատական պատասխան կարող է տալ օրգանիզմը պատվաստման երեւույթին», հավելեց համաճարակաբանության բաժնի պետը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ