«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2007-10-06 | #183, 2007-10-09 | #184, 2007-10-10


ՀԱՅ-ՌՈՒՄԻՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀԻՄՔԻ ՎՐԱ Է

«Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ ռազմական համագործակցությունը փոխադարձ ըմբռնման հիմքի վրա է», երեկ Էրեբունի օդանավակայանում Ռումինիայի պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուի հետ ճեպազրույցում հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը: Եռօրյա այցով Հայաստան ժամանած Ռումինիայի պաշտպանության նախարարին Միքայել Հարությունյանի հետ դիմավորելու էր եկել նաեւ Հայաստանում Ռումինիայի դեսպանը: Հագեցած ծրագրի շրջանակներում նախատեսվում է Ռումինիայի պաշտպանության նախարարի հանդիպումը վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ԱԺ պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանի հետ: Պաշտպանության նախարարը հույս հայտնեց, որ Ռումինիայի պաշտպանության նախարարի հետ իրենց բանակցությունները լավ արդյունք կունենան:

Ռումինիայի պաշտպանության նախարար Թեոդոր Մելեշկանուն, որը Հայաստանում է եղել 12 տարի առաջ արտգործնախարարի կարգավիճակով, երեկ ճեպազրույցի ժամանակ ընդգծեց, որ երկու երկրների ռազմական համագործակցությունն արտակարգ հիմքերի վրա է եւ երկկողմ պաշտպանական ոլորտների ներուժը հիմա ավելի մեծ է: Համագործակցությունը խորացնելու համար Ռումինիայի պաշտպանության նախարարը կարեւոր համարեց իր այցը` հույս հայտնելով, որ բանակցությունների ժամանակ կգտնվի համագործակցության լավագույն տարբերակը: Նա նշեց, որ քննարկելու են սեւծովյան տարածաշրջանի անվտանգության հարցը, որն ընդգրկում է նաեւ Հարավային Կովկասը: Կողմերն անդրադառնալու են նաեւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարին:

Ռումինիայի պաշտպանության նախարարը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության թանգարան: Եռօրյա այցի ընթացքում Ռումինիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը կլինի նաեւ Մատենադարանում եւ Ազգային պատկերասրահում:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4