ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Անցյալը
Սփյուռքը արեւմտահայության հետեղեռնյան իրողության վավերացված հետեւանք-գոյությունն է: Արաբական անապատներից այն կողմՙ Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում ծվարած հայության «մնացորդաց» սերնդի վերընձյուղման, վերապրումի դժվարին ճիգերը սկզբնական կենսաբանական բնույթից շատ շուտով վերածվեցին ազգային ինքնությունը, սեփական հոգեւոր-մշակութային լինելությունը վերագտնելու շարժման: Դրանց առաջին նշանները եկեղեցիների, դպրոցների, տպագիր մամուլի ի հայտ գալն էր սփյուռքահայ տարբեր գաղթօջախներում: Ինքնապահպանման բնազդը հայ գաղթականներին ստիպեց ավելի ինքնակազմակերպվել եւ դրանց արտահայտությունը եղավ կրթարանների, եկեղեցիների, զանազան կազմակերպությունների, միությունների բազմապատկումը: Պատմական հայրենիքում վերաբնակվելու տարագիր հայության երազանքն իրականանալու անհնարինությունը վավերացվեց մի շարք փաստերով. դրանցից մեկը 1946-ի հայրենադարձության առաջին ալիքն էր: 1947 թվականին Բեյրութում ռամկավար ազատական կուսակցության մի շարք անդամների ջանքերով հիմնադրվեց Թեքեյան մշակութային միությունը: Կյանքից նոր էր հեռացել Վահան Թեքեյանը (1945) եւ իր բանաստեղծության, իր ազգային գործունեության թարմ հիշողությունները սրբորեն պահպանող շրջանակներում սա համարվեց ակնածանքի տուրք իր անվանն ու հիշատակին:
ԹՄՄ գործունեությունը մշակութային հստակ քաղաքականությամբ եւ որդեգրած սկզբունքներով որոշակի նպատակի էր հետամուտՙ բզիկ-բզիկ եղած ազգային մշակութային ժառանգության պահպանում ու զարգացում, սփյուռքի եւ Մայր հայրենիքի կապերի ստեղծում ու ամրապնդում: ԹՄՄ-ի հիմնադրման տարեթիվըՙ 1947-ը սփյուռքահայության համար կարեւոր բեկումի սկիզբ էր, երբ սիրիահայությունը, լիբանանահայությունը, եգիպտահայությունը, ֆրանսահայությունը բռնեց Հայաստան ներգաղթի ճամփան: Հայրենադարձության երեւույթը տեղաշարժեր էր առաջացնում սփյուռքահայ մարդու հոգեբանության մեջ, Հայաստանը տարագիր հայի ներքին սեւեռումի ամենակայուն հենակետն էր դառնում: Պատմական այս երեւույթը, հոգեբանությունը որոշակիացնելու, գործուն դարձնելու միջոցներ էին ձեռնարկվում: Ահավասիկ, Թեքեյան միության հիմնադիր առաջին խումբըՙ Բարունակ Թովմասյան, Հակոբ Դավիթյան, Հայկաշեն Ուզունյան, Գերսամ Ահարոնյան, Հրաչյա Սեդրակյան, Համբարձում Պերպերյան, Սարգիս Մենակ: Նրանք հստակեցրին առաջադրված խնդիրներըՙ մշակութային ժառանգության պահպանման եւ զարգացման համար ապավինելով տեղական ուժերին, կապեր հաստատել նաեւ հայրենի արվեստագետների հետ, սրանով հանդերձ կամրջել սփյուռքահայությանը Հայաստանի հետ: Իսկ դրա լավագույն ձեւը գեղարվեստական ընդհանուր մթնոլորտի ստեղծումն էրՙ պարային, երգչախմբային, թատերական, գրական ձեռնարկների, հոբելյանական հանդիսությունների, ցուցահանդեսների միջոցով: Հայաստանյան արվեստագետների առաջին ցնցող տպավորությունը Բեյրութում Թաթուլ Ալթունյանի անսամբլի ելույթն էրՙ 20.000-ից ավելի հանդիսականներով, որ հայրենասիրության ալիք բարձրացրեց:
Հայապահպան մյուս հիմնասյունը վարժարաններն էին, ԹՄՄ-ն անմասն չմնաց կրթական գործին: 50-ականներին Բեյրութում բացվեց Վահան Թեքեյանի անվան վարժարանըՙ իր աջակցությունը բերելով հատկապես կարիքավոր հայ ընտանիքների զավակներին: 1981-ին Լոս Անջելեսում բացվեց ԹՄՄ Արշակ Տիգրանյան ամենօրյա վարժարանըՙ կրթական գործունեությունը ազգասիրական եւ բարոյական արժեքների վրա խարսխած: Թեքեյան մշակութային միության լիբանանյան սկիզբը հետագայում շարունակություն ունեցավ սփյուռքահայ 16 գաղթօջախներումՙ ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա... ԹՄՄ-ն առաջին սփյուռքահայ կազմակերպությունն էր, որ պաշտոնապես հիմնադրվեց հետխորհրդային Հայաստանում: Դա 1990 թվականն էր. այս տարիների ընթացքում նա բեղուն մշակութային գործունեություն է ծավալել (ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ, մրցանակաբաշխության ավանդական արարողություններ, հոբելյաններ եւ այլն): Հյուսիսային Ամերիկայի Թեքեյան մասնաճյուղը Հայաստանում հովանավորում էր 4 դպրոցՙ Երեւանում, Գյումրիում, Ստեփանակերտում, Կարբիում, այս օրերին ավելացավ եւս մեկըՙ Արցախում: Նյու Յորքում եւ Նյու Ջերսիում գործում է ԹՄՄ «Մհեր Մկրտչյան» թատերախումբը, որ միության 60-ամյա հոբելյանի առիթով այս օրերին Հայաստանում հանդես է գալիս հյուրախաղերով: Արտաշես Հովհաննիսյանի ղեկավարությամբ Երեւանում գործում է ՀԹՄՄ-ի թատերախումբը:
Հայապահպան մյուս կարեւորագույն ազդակը տպագիր մամուլն է, 1955-ին ԹՄՄ-ն Բեյրութում սկսեց «Շիրակ» գրական-մշակութային հանդեսի հրատարակությունը, որ շարունակվեց երեք տասնամյակ: Մի քանի տարի առաջ ընդհատված հանդեսի վերաբացման անհաջող փորձին հետեւեց «Կամար» հանդեսի տպագրությունըՙ Ժիրայր Դանիելյանի գլխավորությամբ եւ Գ. Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ: «Կամարն» այսօր իր լուրջ բովանդակությամբ ու ճաշակավոր ձեւավորումով մտավորական բարձր համարում ունի ե՛ւ սփյուռքում, ե՛ւ Հայաստանում:
ԹՄՄ-ի կարեւոր ձեռնարկումներից է իր գործունեության յուրատեսակ ամփոփագիրըՙ մրցանակի տեսքով: Մրցանակասահմանման ու շնորհման տասնամյակների ավանդություն ունեցող միությունը միայն վերջին 10 տարիներին Հայաստանի եւ սփյուռքի 70 արվեստագետների, հումանիտար գիտության ներկայացուցիչների, լրագրողների ներկայացրել է «Վահան Թեքեյան», «Հայկաշեն Ուզունյան», «Վարդգես եւ Ռիտա Պալյան» մրցանակների:
Ներկան - Հոբելյանական օր
Այս տարի Թեքեյան մշակութային միությունը բոլորեց հիմնադրման 60 տարին: Այդ 60-ամյա տարեգրությունը լեցուն է հայ մարդու հոգեկան կերտվածքի, նրա ստեղծած արժեքների պահպանման ազգանվիրյալ շատ էջերով: Թեքեյանականները իրենց 60-ամյա հոբելյանական հանդիսությունը որոշել էին նշել Հայաստանում, եւ այն կայացավ հոկտեմբերի 8-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Այս առիթով Երեւան են ժամանել միության շատ ներկայացուցիչներ աշխարհի տարբեր անկյուններից, լույս է տեսել ԹՄՄ 60-ամյա տարեգրությունն ամփոփող հոբելյանական գրքույկՙ Սերգեյ Գալստյանի խմբագրմամբ, Վաչե Սեմերճյանի հեղինակությամբ: Հոբելյանական հանդիսությունը բացվեց ՀՀ նախագահի, Գարեգին Բ կաթողիկոսի ուղերձների ընթերցմամբ: ՀԹՄՄ-ի նախագահ Ռուբեն Միրզախանյանը ողջունեց ազգային մշակութային կարեւորագույն կառույցիՙ ԹՄՄ-ի հոբելյանի առիթով ժամանած բոլոր հյուրերին, նշեց, որ Երեւանում առաջին անգամ տեղի ունեցավ ԱՄՆ եւ Կանադայի ԹՄՄ հոբելյանական պատգամավորական համաժողովը եւ արտերկրի թեքեյանականների ներկայությունն այստեղ նոր իմաստ ու բովանդակություն կհաղորդի իրենց գործունեությանը:
Շնորհավորանքի խոսք հղեց ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանըՙ ամփոփիչ գնահատական տալով թեքեյանականների 60-ամյա գործունեությանը: Արժեւորվեց այն հանգամանքը, որ թեքեյանցիների համար հայրենիքը «ոչ միայն գեղեցիկ երազ էր, այլ նաեւ իրականությունՙ իր դժվարություններով: Եվ եղան մարդիկ, որ հայրենիքը գնահատեցին այնպես, ինչպես կա». կամ հեռվից մասնակցեցին, կամ եկան կառուցելու այս հայրենիքը:
ԹՄՄ ատենապետ Հարություն Արզումանյանը ամբողջացրեց միության անցած գործունեությունը: Օրվա բանախոսը ԹՄՄ փոխատենապետ Երվանդ Ազատյանն էր, որ գրականագետի հմուտ փորձառությամբ ու լիցքակիր, հյութեղ լեզվով ունկնդիրներին մեկ անգամ եւս հաղորդակից դարձրեց Թեքեյան բանաստեղծի բարդ ու խորունկ ներաշխարհին: Արդեն «Ազգ. Մշակույթ-հավելվածի» շաբաթօրյա համարում Եր. Ազատյանը հանդես էր եկել Վահան Թեքեյանին նվիրված հրաշալի մի հոդվածով: «Վահան Թեքեյանը հանդիսացավ այն անձը, որ իր ճակատագրին դեմ կանգնած հարց տվավ ինքն իրենՙ ի՞նչ է հոգին, հայու հոգին: Հարց մը, որ կտագնապեցնե բանաստեղծին, ոչ միայն իր ազգային, կուսակցական առաքելության մեջ, այլ նաեւ իր բազմաբովանդակ գրականության մեջ: Եվ անհրաժեշտ է, որ անդրադառնանք այդ հոգիին»: Եր. Ազատյանի համապարփակ վերլուծումը Թեքեյանի եւ նրա պոեզիային վերաբերող այդ անհանգիստ, տվայտող հոգու հետ ներքին խոր հարազատությամբ էր ներշնչված: «Գրական վաստակի վերջին շրջանին ինքը համամարդկային, իմաստասիրական բանաստեղծություններ կգրեր, տիեզերքի, մարդու կյանքի ու մահվան մասին կխորհեր: Այս ժառանգությունն է, որ այսօր մենք կկրենք: Իր գրականությունը թարգմանված է շատ լեզուներովՙ անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, ռուսերեն: Թեքեյան համաշխարհային գրականության ընտիր տաղանդներու շարքը կդասվի: Ինքը երբեք հետեւորդ չեղավ, այլ միայն առաջնորդ եղավ»:
Հոբելյանական երեկոյի ամենահուզիչ պահըՙ թերեւս օրվա խորհուրդը ԹՄՄ «Վարդգես եւ Ռիտա Պալյան» մրցանակի շնորհումն էր Հրանտ Դինքին: Այն ներկայացնելու եւ Դինքի մասին հիշատակի խոսքի պատիվը, «զգայուն պարտականությունը» տրվեց «Ազգ» օրաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանին: «Մարդիկ կան, որ աշխատում եւ գործում են նաեւ իրենց մահվանից հետո: Այսօր, ԹՄՄ հոբելյանի օրը պատահական չէ բոլորովին, որ սիրո եւ հարգանքի տուրք ենք մատուցում մեր գործընկերոջը: Վահան Թեքեյանը ինքն էլ եղել է հիմնադիր-խմբագիր: ԹՄՄ-ի առաջին հիմնադիրներից է Գերսամ Ահարոնյանը, որ խմբագիրն էր «Զարթօնք» օրաթերթի, որի գործը շարունակեցին Երվանդ Ազատյանը, Վաչե Սեմերճյանը, Նուբար Պերպերյանը, Օշին Քեշիշյանը (չորսն էլ ԹՄՄ կենտրոնական վարչության անդամներ), Հակոբ Պողոսյանը, Պարույր Աղբաշյանը եւ ուրիշներ: Միաժամանակ զգում ենքՙ այն աշխատանքը, որ շարունակում է կատարել Հրանտ Դինքը, ոչ միայն մեր ժողովրդի համար է կարեւոր, այլ նաեւ այն ժողովրդի, որի ստահակներից մեկի ձեռքով գնաց Հրանտ Դինքը: Սատարենք այդ աշխատանքը շարունակելուն»:
Սրտառուչ խոսքերից, ողջագուրումից հետո Ռիտա Պալյանը մրցանակը եւ 5000 դոլար դրամական պարգեւը հանձնեց Հրանտ Դինքի այրունՙ Ռաքել Դինքին: Այս մրցանակը տրվում է լրագրողական խղճի, արդարամտության եւ ազատ խոսքի խիզախումի համար: «Ամուսինիս եւ իր բացած ուղիին պատիվը կզգանք: Անոր բացակայությունը մեծ վիշտ մըն է, բայց ապրելու, ժպտալու ուժը կգտնենք, ինչպես Հրանտ Դինք կըսերՙ մեր մեջ ապրած դժոխքը դրախտի վերածելովՙ միասին կապրեինք: Ցանկությունս է, որ այս անմարդկային ոճիրը բացահայտվի, որով պատիվը կփրկվի թե՛ մարդկության, թե՛ Թուրքիո»: Ռաքել Դինքը մրցանակային դրամական գումարը փոխանցեց Երեւանում ստեղծված Հրանտ Դինքի հիմնադրամին: Հրանտ Դինքը հետմահու արժանացավ նաեւ Հայաստանի ժուռնալիստների միության «Ազդարար» մրցանակին: Մրցանակը Ռաքել Դինքին հանձնեց միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը. «Հրանտ Դինքն այսօր խորհրդանիշն է մեր արժանապատիվ ապրելու ձգտումի: Ոչ ոք նրա մասին անցյալ ժամանակով չի խոսելու: Նա միշտ է մեզ հետ»:
Երեկոյի հայտագրի գեղարվեստական մասը ներկայացրին կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, երգչուհի Աննա Մայիլյանը, ասմունքող Ազատ Գասպարյանը եւ «Հայաստանի փոքրիկ երգիչները»ՙ Տիգրան Հեքեքյանի դիրիժորությամբ: Հնչած կատարումների մի մասը Վահան Թեքեյանի բանաստեղծությունների հիման վրա էր: