«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2007-10-06 | #183, 2007-10-09 | #184, 2007-10-10


ՏՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Վ. ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ՉՈՐՍ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Թեքեյան մշակութային միության 60-ամյա հոբելյանը տոնական տրամադրությամբ է լցնում մեծանուն նվիրյալի անունը կրող բոլոր հաստատությունները` լինեն դրանք սփյուռքում թե հայրենիքում: Հայաստանում դրանք չորս դպրոցներ են, որոնցից մեկը Երեւանում է, մյուսներըՙ Ստեփանավանում, Գյումրիում եւ Արագածոտնի մարզի Կարբի գյուղում:

Երեկ Երեւանի Թեքեյանի անունը պատվով կրող դպրոցում հանդիսություն էր, որն ուղեկցվեց գեղեցիկ ու ազդեցիկ ներկայացմամբ (բեմում էին «Մաշտոց» լեզվի պահպանման կենտրոնի սաները), դաշնամուրային ու սաքսոֆոնի ընտիր կատարումներով, ախորժալուր հայկական երգ ու պարով, որի կատարողները նույն դպրոցի սաներն էին: Օրը հիրավի թեքեյանական էր, քանզի ներկաներից յուրաքանչյուրն իր գործողությամբ կարծես ապացուցում էր, որ Թեքեյանի ազգանվեր գործունեությունը շարունակողներ կան: «Չնայած Թեքեյանի կենսագրությունն ու բոլոր գործերը դեռ չենք ուսումնասիրել դպրոցական ծրագրով, բայց սիրում ենք այդ ազգանվեր բանաստեղծին եւ հպարտ ենք, որ մեր դպրոցը նրա անունով է կոչվում», ասում է Առաքելյան Անին 9-րդ դասարանից: Նրա քույրը` 7-րդցի Սոնան պատմում է, որ ամեն տարի այս օրերին իրենց դպրոցում տոնական տրամադրություն է լինում, իսկ այս տարի ավելի ճոխ էր կազմակերպված: Երեխաներն իրենց շնորհակալությունը հայտնեցին Թեքեյան մշակութային միության անդամներին, ովքեր դրամական փոքրիկ նվիրատվությամբ ոգեւորեցին դպրոցի գերազանցիկներին:

«Երկու շաբաթ անցկացնում ենք հուզումներով լի այնպիսի օրեր, որ դժվար է մի քանի խոսքով արտահայտել: Եղանք Հայաստանի տարբեր մասերում, շրջեցինք եւ ցնցվեցինք շրջագայության ընթացքում տեսածից եւ, իհարկե, այսօրվա հրաշալի միջոցառումից», պատմեց ԱՄՆ եւ Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչության ատենապետ Հարություն Արզումանյանը: Մեր խնդրանքով նա պատմեց այն ծրագրի մասին, որով ԹՄՄ-ն յոթ տարվա ընթացքում ավելի քան 250 հազար դոլար է նվիրաբերել Վահան Թեքեյանի անունը կրող հայաստանյան չորս դպրոցների ուսուցչական կազմերին: Այս տարի նվիրատվության գումարը հատել է 35 հազար դոլարի սահմանը, չհաշված այն գումարները, որոնք հանձնելու մասին թեքեյանցիները տեղում որոշում կայացրին, համտեսելով դպրոցահասակ երեխաների հյուրասիրությունը, որ իրավամբ կարող էր սիրո ճաշ կոչվել:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4