Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության 6-րդ տուրը հաջող էր հայկական թիմերի համար, որոնք իրենց մրցախաղերը հաղթանակով ավարտեցին:
«Բանկերի արքան» 4,5-1,5 հաշվով պարտության մատնեց «Ռոխադեին»: Առաջին խաղատախտակի վրա Կարեն Ասրյանը ոչ-ոքի խաղաց Իգոր Գլեկի հետ: Երկրորդ խաղատախտակի վրա Սմբատ Լպուտյանը պարտվեց Միխայել Ֆեյգինին: Իսկ ահա մյուս չորս խաղատախտակների վրա մեր շախմատիստները հաղթեցին: Վահանյանը հաղթեց Սալթաեւին, Պետրոսյանը` Ահնին: Մինասյանը պարտության մատնեց Մարեխալին, իսկ Քոթանջյանն առավելության հասավ Պետզոլդի նկատմամբ:
Վեց տուրից հետո «Բանկերի արքան» վաստակել է 8 միավոր եւ բոլոր պարտիաներում վաստակած 23 միավորով ընթանում է 11-րդ տեղում: Առաջատարը «Լինեքսն» է` 11 միավոր (ընդհանուր` 24,5 միավոր), որի կազմում է Գաբրիել Սարգսյանը: Վերջինս ոչ-ոքի խաղաց Էռնեստո Ինարկիեւի հետ, իսկ «Լինեքսը» 3,5-2,5 հաշվով պարտության մատնեց «Տոմսկ-400-ին»: 2-րդ տեղում ընթացող «Ուրալը» (10 միավոր, ընդհանուր` 27) ոչ-ոքի խաղաց «Կլիխի» հետ: «Ուրալի» կազմում Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Տրեգուբովի հետ: «Բոսնան» 4-2 հաշվով առավելության հասավ «Կեյսթոնեի» նկատմամբ: Մովսիսյանը հաղթեց Արեշչենկոյին:
Կանանց մրցապայքարում «Միկան» 3-1 հաշվով առավելության հասավ «Վոլկսբանկի» նկատմամբ: Չիբուրդանիձե-Ցարեւիչ, Մկրտչյան-Յահն պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի: Դանիելյանը հաղթեց Մելամեդին, իսկ Խուրցիձեն պարտության մատնեց Էխարդին: «Միկան» 6 տուրից հետո 8 միավորով (ընդհանուրը` 16) 4-րդ տեղում է: Առաջատարը Մոնտե Կառլոյի թիմն է (11 միավոր, ընդհանուրը` 19), որը 3-1 հաշվով հաղթեց «Յուժնի Ուրալին»: 2-դ տեղում «Կրասնոտուրինսկն» է, որը 2,5-1,5 հաշվով պարտության մատնեց «Ֆինեսին»:
Մրցաշարի ավարտին մնացել է մեկ տուր: Արդեն պարզ է, որ «Միկան» վայր կդնի չեմպիոնի լիազորությունները: Ավարտական տուրում «Միկան» կմրցի Թբիլիսիի «Ինտերպլաստի» հետ: Միայն հաղթանակի դեպքում մեր շախմատիստուհիները կարող են մրցանակակիր դառնալ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ