Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ներկայացրել է հոկտեմբերի 11-13-ը Երեւանում կայանալիք «Երեւանի օր» տոնակատարության միջոցառումները: Այդ օրերին ընդհանուր առմամբ կանցկացվեն 108 միջոցառումներ: Արդեն ավարտվել են միջոցառումների անցկացման բոլոր նախապատրաստական աշխատանքները:
Այս տարի սպասվում է, որ Երեւան կժամանեն 7 երկրներից 14 քաղաքների պատվիրակություններ: Մասնավորապես մեր մայրաքաղաքի տոնակատարությանը մասնակցելու համար հյուրեր կժամանեն Ռուսաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Իրանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից եւ Հունգարիայից:
Վանո Վարդանյանը հայտնեց, որ տոնական միջոցառումների անցկացման համար ընտրվել է մասնագիտական կազմակերպությունՙ «Շարմ» ընկերությունը: Միջոցառումները կլինեն քաղաքային եւ համայնքային նշանակության եւ տեղի կունենան Երեւանի բոլոր համայնքներում: «Երեւանի օրվա» հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, ժամը 19.00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Բացման արարողության ժամանակ «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչումը կտրվի երկու երեւանցիների, որոնց անունները, սակայն, փոխքաղաքապետը չհայտնեց:
Միջոցառումներով հատկապես հագեցած կլինի հաջորդ օրըՙ հոկտեմբերի 12-ը, շախմատի սիրողական մրցաշար եւ միաժամանակյա սեանս միջազգային վարպետ Միշա Խաչատրյանի հետ, տոնական համերգներ կամերային երաժշտության տանը հարող տարածքում, Անգլիական այգում, Կիրովի անվան զբոսայգում, ազգագրական ծիսակատարություն, սուսերամարտի բլից մրցաշար եւ եզրափակիչ համերգ Հանրապետության հրապարակում: Այդ օրը տարբեր բնագավառի ճանաչված անձանց քաղաքապետ Երվանդ Զախարյանը կշնորհի պատվոգրեր, շքանշաններ եւ հուշամեդալներ:
Տոնակատարության վերջին օրըՙ հոկտեմբերի 13-ին տեղի կունենան ֆուտբոլի պատանեկան բլից առաջնություն Ազատության հրապարակում, ազգային փոքրամասնությունների կազմակերպած համերգ, հեծանվավազք եւ հաշմանդամ մարզիկների սայլակավազք, մարաթոնյան վազք, իսկ վերջում Ազատության հրապարակում կանցկացվի կավճանկարների մրցույթՙ «Իմ Երեւանը» խորագրով եւ տոնական համերգ:
Վանո Վարդանյանը տեղեկացրեց նաեւ, որ տոնակատարությունների ավարտին Երեւանի 12 համայնքներում միաժամանակ կտրվի շքեղ հրավառություն:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ