«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2007-10-10 | #185, 2007-10-11 | #186, 2007-10-12


ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ ՆՎԱԳԵԼԸՙ ՊԵՏՊԱՏՎԵՐՈՎ

Կառավարության երեկվա ընդունած որոշումը հնարավորություն կտա վերակենդանացնելու ազգային այնպիսի գործիքների գործածումը, ինչպիսիք են արդեն անհետացման եզրին գտնվող սազը, թառը, պարկապզուկը, պկուն: Ներկայացնելով այդ որոշումը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Կարինե Խոդիկյանը հայտնեց, որ Հայաստանում գործող երաժշտական եւ արվեստի 134 դպրոցներում ազգային գործիքներով նվագել սովորող 1993 երեխաների ուսման վարձը պետությունը վերցնում է իր վրա: Այդ նպատակով իջեցված պետպատվերի գումարն այս տարվա 4 ամիսների համար կազմել է 46 մլն դրամ: Եկող տարի կկազմի 166 մլն դրամ: Փաստորեն, այսուհետեւ յուրաքանչյուր տարի ազգային գործիքներով ուսուցման վճարները պետությունը վերցնելու է իր վրա:

Կարինե Խոդիկյանը թվարկեց ազգային գործիքների անվանումները, որոնցով նվագելը երեխաների համար անվճար կլինիՙ քամանչա, քանոն, դհոլ, դուդուկ, զուռնա, շվի, թառ, սազ եւ այլն: Դրանցից ներկայումս ամենատարածվածը դուդուկն է:

Նախարարության գլխավոր մասնագետ Լյուդմիլա Մելիքյանը նշեց, որ այս որոշումը, փաստորեն ուղղակի աջակցություն է ընտանիքների բյուջեներին: Կարինե Խոդիկյանն ավելացրեց, որ պետության այս ֆինանսավորումը չի փոխարինում համայնքների կողմից երաժշտական դպրոցների ֆինանսավորմանը եւ վերջիններս իրավունք չունեն դադարեցնելու այդ ֆինանսավորումը:

Տեղեկացվեց նաեւ, որ նախատեսվում է եկող տարի հրատարակել այս ոլորտի 32 ձեռնարկ եւ դասագիրք:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4