«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2007-10-10 | #185, 2007-10-11 | #186, 2007-10-12


ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱԶՄԵԼ ԵՆ 1,2 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Դրանց մեծ մասը գալիս է Ռուսաստանից

Հայաստանի համար դրամական փոխանցումներն ունեն կարեւոր նշանակություն եւ դրանց ծավալներն անընդհատ աճում են: Այս մասին երեկ Երեւանում բացված միջազգային միջբանկային 4-րդ «Դրամական փոխանցումներ» անվանմամբ կոնֆերանսի ժամանակ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ բանկային փոխանցումները հայկական բանկերի հիմնական ծառայություններից են, եւ մրցակցությունն այս ոլորտում սրվում է: Եթե նախկինում հայկական բանկերը միայն կանխիկ գումար էին փոխանցում, ապա հիմա սկսել են գործածել նաեւ վճարային քարտեր:

Ինչ վերաբերում է Հայաստան մտնող մասնավոր փոխանցումների ծավալին, ապա, ըստ ԿԲ նախագահի, այս պահի դրությամբ կազմում է մոտ 1,2 մլրդ դոլար: Այդ ցուցանիշն արդեն գերազանցել է անցյալ տարվա տարեկան ցուցանիշը: Փոխանցումների 70 տոկոսը Հայաստան է գալիս Ռուսաստանից:

Տիգրան Սարգսյանը կարեւորեց փոխանցումների այն տեսակների զարգացումը, որոնք հնարավորություն են տալիս տեղում գումարը ստանալ հայկական դրամով: Այս տարվա առաջին 8 ամիսներին այդ փոխանցումների ծավալը կազմել է մոտ 1 մլրդ դրամ, որն ընդհանուրի մոտ 0,5 տոկոսն է: ԿԲ նախագահը այն կարծիքը հայտնեց, որ դա շատ հարմար ծառայություն է, որը հնարավորություն է տալիս խնայելու արտարժույթի փոխանակման ժամանակ վճարվող գումարը: Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանը շահագրգռված է նման ծառայությունների զարգացմամբ, քանի որ դա կնպաստի դոլարացման մակարդակի նվազմանը: Ի դեպ, նշվեց, որ Հայաստանում դոլարացումը կրկնակի բարձր է Ռուսաստանի նույն ցուցանիշի համեմատ:

Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը կարծիք հայտնեց, որ բանկային մանրածախ ծառայությունների զարգացումը հեռանկարային ոլորտ է: Դրա առակայությունն, ըստ նրա, պայմանավորված է Հայաստանից Ռուսաստան արտագաղթով:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4