Լրատվամիջոցների համահայկական ընկերակցությունը, «Նոյյան տապան» լրատվական գործակալությունն ու «Արարատ» գոլֆի ակումբը երեկ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար կազմակերպել էին մինի գոլֆի դասընթաց-մրցաշար: Մեզանում քիչ տարածված այս սպորտաձեւով զբաղվելու հնարավորությունը տարածաշրջանում առաջինը ստացել ենք հայերս, քանի որ «Արարատ» գոլֆի ակումբը միակն է տարածաշրջանում:
Ակումբի փոխտնօրեն Տիգրան Մարաբյանն ասաց, որ գոլֆի դաշտեր նոր միայն ստեղծում են Վրաստանն ու Ադրբեջանը: Փոխտնօրենը սրտնեղում է, որ լրատվամիջոցները քիչ են անդրադառնում այս սպորտաձեւին. «Գոլֆը հարուստների խաղ չէ, եւ մատչելի է բոլորի համար: Պարզապես գոլֆի սիրահարներ դառնում են նրանք, ովքեր հոգեբանությամբ, մտածողությամբ եւ վարվելակերպով մյուսներից տարբերվում են: Նրանք խաղալու ժամանակ հանգստանում եւ մտածում են: Գոլֆը խաղ է բոլորի համար», ասաց ակումբի փոխտնօրենը:
Խաղի ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած ինը մասնակիցներ արժանացան մրցանակների, իսկ մյուս բոլոր մասնակիցների մասնակցությունը խրախուսվեց վկայականներով:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ