«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2007-10-11 | #186, 2007-10-12 | #187, 2007-10-13


ԵՐԲ ԴԱՏՈՒՄ ԵՆ ԴԱՏԱՎՈՐԻՆ

Պարգեւ Օհանյանի հարցը նախագահ Քոչարյանի ձեռքում է

Արդարադատության խորհրդի նախագահ Հովհաննես Մանուկյանը երեկ հրապարակեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Պարգեւ Օհանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու Արդարադատության խորհրդի (ԱԽ) որոշումը: Որոշմամբ բավարարվեց կարգապահական հանձնաժողովի միջնորդությունը, որով ԱԽ-ն կդիմի հանրապետության նախագահին` դատավոր Պարգեւ Օհանյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Մոտ երկու շաբաթ անց նախագահ Ռոբերտ Քոչարյանը կորոշիՙ զրկե՞լ Պարգեւ Օհանյանին դատավորի լիազորություններից, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ դատավոր Պարգեւ Օհանյանի նկատմամբ այս անբարեհաճ վերաբերմունքի պատճառը «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարների գործով նրա կայացրած վճիռն է եղել: Հուլիսի 16-ին դատավոր Օհանյանը վճռեց ազատ արձակել «Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներ Գագիկ Հակոբյանին եւ Արամ Ղազարյանին, ովքեր մեղադրվում էին մաքսանենգության, փաստաթղթեր կեղծելու, հարկերից խուսափելու մեջ եւ ավելի քան 2 ամիս պահվել էին ԱԱծ մեկուսարանում: Մաքսային պետական ծառայությանն առաջին անգամ «իր տեղը ցույց տալու» դատավորի հանդուգն որոշումը, այսօր արդեն վստահորեն կարելի է ասել, չներվեց նրան, բայց եւ լավ ընդունելության արժանացավ արդարադատության վերականգնման տեսակետից: Վճռից հետո դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ էր սկսվել (իբր հայտանաբերվել են դատավարական խախտումներ), եւ երկու նիստով քննարկելով Օհանյանի հարցը` ԱԽ-ն երեկ հրապարակեց իր որոշումը, որը ենթակա չէ բողոքարկման:

«Սպասում էի նման որոշման: Դժվարանում եմ ասելՙ ինչ զգացողություն ունեմ, համենայն դեպս ոչ արդարության` թեեւ ինչ-որ անբացատրելի թեթեւություն կա: Այսինքն` արդարության համար երեւի թե հալածվելու մի դասական օրինակ է, որը աստվածաշնչյան գաղափարով թեթեւություն պիտի բերի», ԱԽ որոշման հրապարակումից հետո լրագրողների հարցերին ի պատասխան ասաց դատավոր Պարգեւ Օհանյանը` միաժամանակ նշելով, որ ինքն ընդհանրապես չի կորցնում արդարության հույսը. «Այն կարծիքին եմ, որ արդարությունը չի էլ հիվանդանում, որ ասում են: Արդարությունը պարզապես չի գալիս, երբ չես կանչում, ես համոզված եմ, որ ի վերջո լինելու է դա»:

««Ռոյալ Արմենիայի» գործով վճիռը կայացնելիս գեթ մի պահ ենթադրե՞լ եք իրադարձությունների այսպիսի ընթացք», «Ազգի» հարցին ի պատասխան դատավոր Պարգեւ Օհանյանն ասաց. «Այո, իհարկե: Ո՞ր լուրջ մարդը չի մտածի, ամեն տարբերակ չի կշռադատի: Ես մեծ համակրանք ունեմ նրանց նկատմամբ (նկատի ունի ընկերության ղեկավարներին-Գ. Գ. ), հատկապես նրա ներկայանալուց հետո»: ԱԽ որոշումը լսելուց հետո ակնհայտորեն ծանր հոգեվիճակում հայտնված դատավորը մեր մյուսՙ «Զղջման զգացողություն ունե՞ք» հարցին արձագանքեց. «Չէ իհարկե, հակառակը, միայն թեթեւություն եմ զգում»:

«Այս որոշումը սպասելի էր այնքանով, որքանով պարզ երեւում էր պատվերը, իսկ մեր դատավորները, ինչ-ինչ, բայց պատվեր կատարելու հարցում խիստ հմտացած են: Արդարադատության խորհուրդը պարզապես կատարեց պատվեր: Իսկ թե նախագահն ինչ լուծում կտա, ես չեմ ուզում կանխորոշել, թեեւ ինձ համար պարզ է», «Ազգի» հետ զրույցում ասաց դատավոր Օհանյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Եվրոխորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգն իր ուսումնասիրությամբ պարզել է, որ մեր երկրի դատավորների իրավունքները պաշտպանված չեն, հաճախ դատավորները կատարում են դատախազի պատվերը: «Ճիշտն ասած, հաճելիորեն զարմացած եմ այդ հանձնակատարի դիտողունակությունից, պետք է ցավով արձանագրենք, որ նա ճիշտն է արձանագրել», ասաց դատավոր Օհանյանը: Երեկ ԱԽ որոշումից հետո նա պատրաստվում էր իր հերթական դատական գործին. «Նախագահը դեռ պիտի որոշի, մինչ այդ իմ լիազորությունները դադարեցված չեն: Այսօր ես նիստ ունեմ: Չեմ խեղճանում երբեք»: Նախագահի որոշումից հետո դատավորը կգնա մի քիչ հանգստանալու, բայց չբացառեց, որ դատավորի լիազորություններից զրկվելուց հետո կզբաղվի քաղաքական գործունեությամբ: Պարգեւ Օհանյանը դատավոր է 1999-ից:

Ի դեպ, ԱԽ-ն նմանատիպ որոշում կայացրեց նաեւ Ավան եւ Նոր Նորքի առաջին ատյանի դատավոր Վազգեն Լալայանի կապակցությամբ: Խորհուրդը նախագահ Քոչարյանին կդինի նաեւ Լալայանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4