«Արմենտելի» բջջային կապի բաժանորդներն այսուհետեւ կկարողանան առայժմ ընկերության ցանցի ներսում օգտվել MMS ծառայություններից: Այդ մասին լրագրողներին տեղեկացվեց այդ ծառայության մատուցման կապակցությամբ հրավիրված շնորհանդեսի ժամանակ: Ընդ որում, մինչ դեկտեմբերի 1-ը, նկատի ունենալով ծառայության փորձնական գործարկումը, այն լինելու է անվճար:
Ի՞նչ է MMS հաղորդագրությունը: Այն հնարավորություն է տալիս բջջային հեռախոսով ուղարկել եւ ստանալ գունավոր պատկերներ եւ մեծ տեքստեր, անիմացիա, երաժշտական ֆայլեր ինչպես հեռախոսներին, այնպես էլ էլեկտրոնային փոստի հասցեներին: Ուղարկված տեքստերը կարող են լինել մինչեւ 1000 նիշ: 1 MMS հաղորդագրության ծավալը կազմում է ոչ ավելի, քան 300 Կբայթ: Այդ ծառայություններից կարելի է օգտվել, եթե առկա է MMS-ի հնարավորություն ունեցող բջջային հեռախոս, ակտիվացված է GPRT-WAP ծառայությունը, կատարված են MMS ծառայության ակտիվացման համար անհրաժեշտ կարգավորումներ:
Այսպիսով, Հայաստանում սկսվեց լիարժեք գործել նոր ծառայություն: Հիշեցնենք, որ ավելի վաղ MMS ծառայություն մատուցելու մասին իր բաժանորդներին տեղեկացրել էր բջջային կապի մյուս օպերատորըՙ «Վիվասելը»:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ