«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2007-10-11 | #186, 2007-10-12 | #187, 2007-10-13


ՎԱՏ ՀԱՅԸ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԼԱՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՉԻ ԴԱՌՆԱ

Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրենը ներկայացնում է ուկրաինահայության ներկա վիճակն ու խնդիրները

Ուկրաինայում ապրում են ավելի քան 400 հազար հայեր` կազմելով երկրի բնակչության մոտ 1 տոկոսը: Սրանք Ուկրաինայի հայերի միության (ՈՒՀՄ) տվյալներն են, որ «Ազգի» հետ զրույցում ներկայացրեց ՈւՀՄ հասարակական կազմակերպությունների համաուկրաինական ասոցիացիայի գործադիր տնօրեն Տիգրան Ավագյանը: Ըստ նրա, հենց Կիեւում բնակվում են մոտ 40 հազար հայեր:

Հայերի 2200 տարվա ներկայությունը Ուկրաինայում

Ուկրաինայում հայերը հայտնվել են մոտ 2200 տարի առաջ: Պրն Ավագյանի ներկայացմամբ, պատմականորեն բյուզանդական բանակի կազմում անգամ հայ զինվորների ջոկատներ տեղավորվել են Ղրիմում` Բոսֆորյան թագավորությունում: Առաջին նյութերը, որ նշում են այդ մասին, թվագրվում են 2200 տարի առաջ: Պատմականորեն հայերն ապրել են Ղրիմում, որտեղ բազմաթիվ եկեղեցիներ կան, հուշարձաններ: Ղրիմի որոշ մասը մի քանի դար Հռոմի պապի փաստաթղթերում կոչվել է որպես ծովային Հայաստան, ինչը, իհարկե, չի նշանակում, թե այդտեղ եղել է հայկական պետություն կամ թե դա հայկական տարածք է: Դա նշանակում է, որ հայերի թիվն ավելին էր, քան ուրիշ ազգերի թիվը:

Մեկ այլ կարեւոր կենտրոն է եղել Արեւմտյան Ուկրաինան, որտեղ հայերը բնակություն են հաստատել 11-12-րդ դարերից եւ որտեղ այդ դարերում հայերի թիվը հասնում էր 200 հազարի: Տիգրան Ավագյանի խոսքերով, հայերը կառուցում էին եկեղեցիներ, հիմնադրում ավաններ: Հայկական համայնքն այստեղ պահպանվեց մինչեւ 1945 թվականը, երբ համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի մի զգալի մասը տեղափոխվեց Լեհաստան եւ այլ երկրներ, քանի որ սովետական իշխանությունները ռեպրեսիաների ենթարկեցին եկեղեցականներին, իսկ այդ շրջաններում հիմնականում ապրում էին հայ կաթոլիկները:

Արեւմտյան Ուկրաինայի բնակչությունը, ըստ ՈւՀՄ գործադիր տնօրենի, տեղափոխվեց Լեհաստան, գյուղացիությունն առանց մտավորականության տարվեց Ուկրաինա, այդ թվում` նաեւ հայեր: Այդպիսի, այսպես կոչված, Արեւմտյան Ուկրաինայի լեհական ազգանուններով հայերի թիվն, ըստ ուկրաինացի գիտնականների, կազմել է 15 հազար, որ քիչ գիտելիք ունեին իրենց հայկական արմատների մասին: Կային երկու հայտնի մեծ գյուղեր` Զալեստյե Բոլշոյե եւ Զալեստյե Մալոյե, որտեղ հայկական գործոնն այնքան շատ էր, որ այդ գյուղերի կանանց մինչեւ հիմա կոչում են «էրմենկա», ուկրաիներենՙ հայուհի: Արեւմտյան Ուկրաինայում հայ համայնքի զգալի դերակատարությամբ կենտրոն էր Լվովը, Կամենսկ-Պոդոլսկը, որտեղ հայ համայնքներն անգամ ունեցել են ինքնավարություն: Կենտրոնական Ուկրաինայում կարեւոր կենտրոններից էր Կիեւը: Քրիստոնեությունն Ուկրաինա է բերել Աննան, որ եւս հայուհի էր:

Ուկրաինայի հայերի միությունը` համաուկրաինական միավորող կառույց

ԽՍՀՄ փլուզումից հետո ուկրաինական գրեթե բոլոր քաղաքներում հիմնավորվել են հայկական համայնքներ, բայց որպես միասնական, միավորող, հասարակական կազմակերպությունների համաուկրաինական ասոցիացիա` Ուկրաինայի հայերի միությունը հիմնավորվել է 2001 թվականին: Արդեն մեկ տարուց ավելի հայերի միությունը ղեկավարում է Ուկրաինայում հայտնի գործարար Հայկ Փամբուկչյանը: Ամեն դեպքում, Տիգրան Ավագյանի փոխանցմամբ, այդ ժամանակվանից գրեթե բոլոր շրջաններում կան հայկական համայնքներ, բայց արդեն որպես կառուցվածքային միավորներ, որ ունեն իրենց ապարատն ու նախագահը, կարող են օգնություն տրամադրել, կազմակերպել մշակութային եւ այլ միջոցառումներ տեղացի հայերի համար:

Թեկուզ տեղական մակարդակով միջոցառումներին իր մասնակցությունն է ունենում նաեւ Ուկրաինայի հայերի միությունը, տրամադրում է օգնություն, հաստատում տարեկան բյուջե եւ աշխատում դրան համապատասխան: Ըստ Ավագյանի, միության բյուջեն բաղկացած է մոտավորապես 12 մասերից: Մինչ բյուջեն կազմելը համայնքներից պահանջվում է ներկայացնել իրենց պահանջները եւ ներկայացնել սեփական հնարավորությունները, եւ միությունն աշխատում է օժանդակել համայնքային հնարավորություններից ավելին պահանջող ծրագրերին:

ՈւՀՄ-ը ավելի շուտ կոորդինացնող մարմին է, հիմնական աշխատանքն իրականացվում է համայնքներում: Տիգրան Ավագյանի ներկայացմամբ, ՈւՀՄ գործադիր մարմինը, հատկապես նախագահը, անում է ամեն ինչ, որ համայնքները լիակատար գործեն, որ բացվեն հայկական դպրոցներ, եկեղեցիներ: Ի դեպ, գրեթե բոլոր խոշոր քաղաքներում կան հայկական եկեղեցիներ, վերանորոգվածների եւ վերադարձվածների, նոր կառուցվածների հետ դրանց թիվը կազմում է ավելի քան 20 եկեղեցի:

Գործում են բազմաթիվ կիրակնօրյա դպրոցներ, երգի ու պարի համույթներ: ՈւՀՄ-ը ունի իր «Հայրենիք» համույթը Կիեւում: Տպագրվում են թերթեր, համայնքների մեծ մասն ունի իր էլեկտրոնային կայքէջը, համայնքների զգալի մասը հրատարակում են իրենց թերթերը:

ՈւՀՄ յուրօրինակությունները

Ուկրաինայում գործում են 24 կազմակերպված տեղական համայնք եւ ՈւՀՄ-ի 3 ներկայացուցչություններ: Կան մարզեր, որտեղ մի քանի ձեւավորված ու կազմակերպված հայկական համայնքներ կան, բայց դրանք ՈւՀՄ-ում համարվում են մեկը, ուստի ստացվում է 24: ՈւՀՄ-ը այս կերպ նախընտրում է համախմբել համայնքները եւ, ըստ Ավագյանի, չունենալ սփյուռքի այն իրավիճակը, երբ նույն երկրի տարածքում գործում են մի քանի համայնքներ անջատ-անջատ: ՈւՀՄ-ը աշխատում է բոլոր հայերի հետ` համախմբվելով Հայ առաքելական եկեղեցու շուրջը:

ՈւՀՄ-ը քաղաքականության մեջ չի ներառվում, այդօրինակ ոչ մի առաջարկի կազմակերպությունը չի արձագանքում: Ըստ գործադիր տնօրենի, ՈւՀՄ-ը պետականամետ է, գտնում է, որ հայության համար անհրաժեշտ է կայուն պետություն, եւ աշխատում այդ ուղղությամբ սեփական ուժերի ու հնարավորությունների սահմաններում` չտարանջատելով իրենց ուկրաինացիներից: Ավագյանի մեկնաբանությամբ, «բոլորս ուկրաինացի ենք հայկական ծագմամբ, պաշտպանում ենք մեր մշակույթը, զարգացնում մեր լեզուն եւ ցանկանում, որ որպես էթնիկ խումբ ավելի հզորանա մեր ազգի դերը` հօգուտ բերելու ինչպես հայությանը, այնպես էլ Ուկրաինային: Եթե մենք ուկրաինական ազգի ինտեգրված մաս չլինենք, ոչնչի չենք հասնի»: ՈւՀՄ-ը համագործակցում է բոլոր պետական մարմինների, գործարար աշխարհի ներկայացուցիչների, ազդեցիկ ուժերի հետ:

Ուկրաինայի հայերի միությունում կա չորս փոխնախագահ, որոնք վերահսկողության տակ են պահում ուկրաինական տարածաշրջանները` Արեւելյան, Կենտրոնական, Արեւմտյան եւ Հարավային: Այդպես, ըստ գործադիր տնօրենի, ավելի արդյունավետ է, քանի որ նրանք, անհրաժեշտության դեպքում, տեղական նիստեր են անցկացնում, քննարկում անելիքները: Միությունում գործում են երեք հանձնաժողովներ եւ Հայ դատի հանձնախումբ: Երեք հանձնաժողովները կրթության, ինֆորմացիոն, պատմամշակութային հարցերով են զբաղվում, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է 12-15 մասնագետներից` մշակույթի գործիչներ, պրոֆեսորներ, գործարարներ, սպորտի գործիչներ, համայնքապետներ:

10 հազար տպաքանակով հրատարակվում է միության ռուսալեզու «Արմյանսկի վեստնիկ» թերթը, որ ունենում է նաեւ ուկրաիներեն եւ հայերեն հոդվածներ: Թերթը ներկայացնում է ինչպես սփյուռքի, Հայաստանի, այնպես էլ Ուկրաինայի եւ այնտեղ գործող հայ համայնքների կյանքը: 18 էջերի շարքում կա եղեռնին նվիրված առանձին էջ, որի հարցերով առանձին հանձնախումբ է գործում միության կազմում: Այդ շրջանակներում հիմնականում աշխատանքը տեղեկատվական է: Պետք է կոնկրետ աշխատել պետական մարմինների, հասարակության հետ:

Ավագյանի տեղեկացմամբ, շուտով կստեղծվի նաեւ հայ գործարարների միություն ՈւՀՄ կառույցում: Այդ միության տարբերությունը համանմաններից կլինի այն, որ գործարարներին չեն հավաքի կոնկրետ գումարներ ձեռքբերելու համար: Ոչ մեկին չի ասվի, թե այս կամ այն ծրագիրը կարիք ունի ֆինանսավորման: Այդ միությունը ստեղծվում է, որ մարդիկ, նախ, իրար ճանաչեն եւ ճանաչեն որպես հայեր: Ավագյանի վկայությամբ, «Մեր նպատակը միայն հայ գործարարներին միմյանց կապելն է: Ուկրաինայում մեծ հարգանք ունեցող հայություն կա: Հիմնականում հայերն Ուկրաինայում ներկայանում են որպես աշխատասեր ժողովուրդ, պատրաստ աշխատելու եւ հասնելու ինչ-որ բանի»:

Միության ապարատը, որ բնավ էլ փոքր չէ, ֆինանսավորվում է գրեթե միշտ մեկ աղբյուրից` ի դեմս ՈւՀՄ նախագահի: Իսկ թե ինչու է այդպես, ըստ Ավագյանի, նախ, աշխատում են հայրենասիրական մղումներից ելնելով: «Գործարարները կարող են ոչ մի գումար էլ չտրամադրել: Ով տրամադրում է, պարզապես մտածում է հայության ու Հայաստանի մասին, ունի հայրենասիրություն: Մեր նախագահի երեխաները պարային ակումբի ակտիվ մասնակիցներ են, ելույթ են ունենում: Մեր նախագահը բոլորի հետ իրեն հավասար է պահում, դրա համար հարգանք է վայելում»:

Ուկրաինահայության խնդիրները

Հայ համայնքի յոթանասուն տոկոսն այժմ կազմում են վերջերս Վրաստանից, Ադրբեջանից, Միջին Ասիայից եւ այլ երկրներից Ուկրաինա գնացած մեր հայրենակիցները: Եվ Ուկրաինայում հայ համայնքի խնդիրներից է ակտիվության բացակայությունը: Տարբեր ծրագրեր են իրականացվում, ամենաակտիվ երեխաներին ուղարկում են ճամբարներ, համայնքը ֆինանսավորում է անապահով մեր հայրենակիցների վիրահատությունները: Բայց դա բնավ էլ կարեւոր հարցերից չէ, քանի որ համայնքի անդամների պասսիվությունը չի նպաստում ձեռնարկների իրագործմանը:

Ըստ Տիգրան Ավագյանի, խնդիր է նաեւ, որ նոր երիտասարդ, գրագետ, կրթված կադրերը զբաղվեն հայ համայնքի կյանքով, լինեն մասնակից: «Շատ հարցերում ուղղակի անհրաժեշտ է երիտասարդության ներկայությունն ու մասնակցությունը տարբեր միջոցառումների ու հարցերի քննարկմանը, բայց նրանք չեն գալիս, նախընտրում են եվրոպական կեցվածքը` լավ աշխատանք, լավ ժամանց եւ ոչինչ ավելին»: Միեւնույն ժամանակ, գործադիր տնօրենի խոսքերով, ՈւՀՄ-ում դեռ կոորդինացման մակարդակն ավելի բարձր է, քան այլ համայնքներում:

Տիգրան Ավագյանն, այնուամենայնիվ, գոհ չէ: «Մենք գոհ չենք, քանի որ միշտ պետք է ձգտել ավելիին: Դեռ անելիքներ շատ ունենք: Մասնավորապես, պետք է չթողնենք, որ հայությունն ասիմիլացվի թեկուզ այն պատճառով, որ վատ հայը լավ ուկրաինացի չի դառնա: Ոչ Ուկրաինային է պետք նման ուկրաինացի, ոչ էլ հայությանը: Պիտի լավ հայ լինի, որ Ուկրաինայի լավ քաղաքացի լինի, որ իր առաքելությունը կարողանա կատարել: Մենք պլանետար ազգ ենք դարձել չցանկանալով, շատ երկրներում ամենաակտիվ մասն ենք` դարձյալ ստիպված: Ու մենք բոլորս հնարավորինս ակտիվ պիտի աջակցենք Հայաստանին, առանց որի շատ դժվար կլինի որեւէ համայնքի համար արդյունավետ գործել այլ երկրներում: Մյուս կողմից էլ, որքան զարգանա Հայաստանը, այնքան լավ սփյուռքի համար, այդքան ավելի պիտի հաշվի առնվեն սփյուռքի շահերը»:

Ներկայումս ՈւՀՄ-ը մի քանի մեծ ծրագրեր է իրականացնում: Մասնավորապես, պատրաստվում է 2008 թվականի ամռանը նշել հայկական Սուրբ Խաչ եկեղեցու հոբելյանը Ղրիմում: Արդեն գործում է պետական հանձնաժողով` ՈւՀՄ նախագահի մասնակցությամբ: Պատրաստվում է վիրտուալ տեղեկատվական բազա, ՈւՀՄ հանձնաժողովներն այդ ուղղությամբ աշխատում են: «Մենք ուզում ենք հայագիտական վիրտուալ թանգարան ստեղծենք, արդեն ունենք էլեկտրոնային մոտ 3000 նյութ: Վերականգնում ենք եկեղեցիներ, հետազոտություններ են իրականացվում: Պիտի մի քանի համայնքներում ընտրություններ անցկացնենք: Ուկրաինայում այնպես չէ, որ թե խոշոր գործարարը ղեկավարում է համայնքը, իր ասածով պետք է լինի: Կեղծ ձեւով մեզանում համայնքի ղեկավար չի ընտրվում»:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4