«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#186, 2007-10-12 | #187, 2007-10-13 | #188, 2007-10-16


ԱՐՑԱԽԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է

Արա Աբրահամյան. «Երեխաները մեր ապագան են, բայց նրանց ապագան մեզանից է կախված»

Հանրակրթական 12 դպրոց ունեցող Ստեփանակերտում Ա. Իսահակյանի անվան թիվ 10 դպրոցի երեխաներն արդեն ունեն համակարգչային դասարան, որը հնարավորություն կտա գործնականում ծանոթանալու մերօրյա անհրաժեշտություն դարձած սարքավորումներին եւ տիրապետելու դրանց օգտագործմանը: 6 համակարգչով եւ համապատասխան սարքավորումներով դասարանն, ի թիվս Մարտակերտի թիվ 2, Հադրութի շրջանի Մեծ Թաղլարի եւ Մարտունու շրջանի Ճարտար գյուղի թիվ 1 դպրոցներում ստեղծվածների, Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) եւ Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) «Հայաստանի եւ Արցախի դպրոցների համակարգչայնացմանը` համազգային հոգածություն» ծրագրի իրագործման հերթական մասն են:

Հոկտեմբերի 14-ին Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորած պատվիրակության Լեռնային Ղարաբաղ այցելությանը նախ պատվիրակները հանդիպեցին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այնուհետեւ պատվիրակությունը ԼՂՀ նախագահի մասնակցությամբ այցելեց Ստեփանակերտի թիվ 6 դպրոց, որի նախագծային 700 մլն դրամ արժեցող շինարարությունը ֆինանսավորում է Արա Աբրահամյանը:

Այնուհետեւ այցելությունն էր թիվ 10 դպրոց` մասնակցելու համակարգչային դասարանի բացմանը: Աբրահամյանի խոսքերով, «Երեխաները մեր ապագան են, բայց նրանց ապագան մեզանից է կախված», ավելին, երեխաների համար պիտի այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ նրանց ոչ մի այլ տեղ ոչինչ չձգի: Ուստի երեխաների ողջույնի խոսքերից հետո Կոնգրեսի նախագահը խոստացավ Լեռնային Ղարաբաղ ուղարկված 24 համակարգիչների թիվն ավելացնել եւս 24-ով, ինչպես նաեւ տրանսպորտային միջոց տրամադրել ԼՂ կրթության եւ գիտության նախարարությանը` իր աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար:

Ավելի ուշ տեղի ունեցավ պատվիրակության անդամների հանդիպումը ԼՂ ղեկավարության հետ, որին ներկա էին ինչպես ռուսաստանյան, այնպես էլ Բուլղարիայի, Ուկրաինայի, Իրանի հայ համայնքները ներկայացնող ՀՀԿ եւ ՌՀՄ անդամներ: Հանդիպմանը նախագահ Բակո Սահակյանը ողջունեց Կոնգրեսի նախաձեռնությունը եւ համոզմունք հայտնեց, որ համագործակցության նախադրյալները լուրջ են: Լեռնային Ղարաբաղի նախագահը ներկայացրեց երկրի վիճակը, առկա խնդիրները, հեռանկարները: Սահակյանն ընդգծեց ԼՂ համար առաջնային մնացող հակամարտության կարգավորման հարցը, ապա նաեւ Արցախի ժողովրդագրական իրավիճակի մտահոգիչ լինելը: ԼՂՀ նախագահը մասնավորապես ներկայացրեց, որ նախատեսվում են ծնելիության խթանման ծրագրեր, չաշխատող մայրերին` նպաստներ, գումարների հատկացում նորապսակներին եւ այլն:

Ամեն դեպքում, ԼՂ նոր կառավարությունը ռազմավարական երկու ուղղություն է ընտրել` գյուղ եւ գյուղատնտեսություն, նաեւ դպրոցաշինություն եւ կրթության հարցեր: Ղարաբաղն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի. Ստեփանակերտում ջրամատակարարումն իրականացվում է մի քանի օրը մեկ, մեկ-երկու ժամով. 334 համայնքներից գազաֆիկացված են մոտ 50-ը, վերաբնակեցման ծրագիրն ունի վերանայման կարիք: Այս առնչությամբ համագործակցությունը Ռուսաստանի հայերի միության հետ ամենահավանական տարբերակն է, քանի որ մեր շատ հայրենակիցներ, ապրելով Ռուսաստանում, գտնվում են բավականին վատ պայմաններում եւ ցանկանում են վերադառնալ: Իսկ դրա համար պայմաններ պիտի ստեղծվեն հենց Ղարաբաղում:

Արա Աբրահամյանն, իր հերթին, նշեց, որ Ռուսաստանի հայերի միությունն ու Համաշխարհային հայկական կոնգրեսը մեծ պոտենցիալ ունեն, եւ համատեղ կարելի է մշակել այնպիսի մեխանիզմներ, որ հնարավոր լինի լուծել առկա խնդիրները` ընդգրկելով ողջ հայությանը: Ըստ Աբրահամյանի, ԼՂՀ նախագահի հետ քննարկմանը հիմնական 4 ուղղություն է առանձնացվել: Նախ, կրթության եւ դպրոցաշինության ոլորտում, ապա նաեւ ծրագրեր գյուղական շրջաններում, ազատամարտիկների, զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային հարցի լուծման եւ Արցախում հիվանդանոցների վիճակի բարելավման նախագծեր:

Հանդիպմանը երկուստեք նշվեց, որ մոտ օրերս Մոսկվա կայցելի Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, որտեղ կշարունակվի արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների քննարկումը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4