Այսօր 18 գեղեցկուհիներ պայքարելու են «Միսս Հայաստան-2007» տիտղոսի համար
Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր ժամը 19-ին տեղի կունենա «Միսս Հայաստան-2007» գեղեցկության եւ նրբագեղության մրցույթը: «Միսս Հայաստան-2007» տիտղոսին հավակնում են 18 աղջիկներ, որոնք ընտրվել են մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 2 հարյուր աղջիկներից: Երեկ Արմենպրեսի մամուլի սրահում ասուլիս հրավիրած «Միսս Հայաստան» ազգային գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը վստահեցրեց, որ 2 հարյուր մասնակիցներից 18 աղջիկներին ընտրել է աշխատանքային խումբը` միջազգային չափանիշներին համապատասխան աշխատակարգով:
«Միսս Հայաստան-2007»-ը, ազգային գործակալության նախագահի խոսքով, այս տարի նորություններ է ներառում: «Միսս Հայաստան-2007» տիտղոսին արժանացող գեղեցկուհին կստանա 7 հազար դոլար արժողությամբ թագ, որն այսուհետեւ փոխանցիկ է լինելու: «425 հատ ադամանդյա քար, 14 ռուբին եւ նռնաքարեր», նկարագրեց ազգային գործակալության տնօրենն ու հավելեց, որ ոսկյա, արծաթյա եւ պղնձյա երեք մրցանակ էլ նախատեսվում է առաջին երեք հորիզոնականները զբաղեցնող գեղեցկուհիների համար: Նորություններից է նաեւ այն, որ բացի առաջին երեք հորիզոնականների համար նախատեսված մրցանակներից, այս տարի սահմանվելու են նաեւ «Միսս մամուլ», «Միսս նրբագեղություն», «Միսս համակրանք» (սա որոշվելու է հաղորդագրություններով), «Միսս հմայք», «Միսս համերաշխություն» անվանակարգերը:
«Միսս Հայաստան-2007»-ի ժյուրին, Կարեն Արիստակեսյանի հավաստմամբ, բավական հեղինակավոր է լինելու: Ժյուրիի կազմում են լինելու «Միսս Եվրոպա» ազգային գործակալության տնօրենը, «Միսս Լեհաստան» ազգային գործակալության նախագահը, հայ հանրահայտ դեմքեր, ինչպես նաեւ «Միսս Ուկրաինա-2006» Ալյոնա Ավրամենկոն, որը մասնակցում էր ասուլիսին: «Ծանոթացե՞լ եք արդեն հայ գեղեցկուհիների հետ եւ ինչպե՞ս եք գնահատում նրանց գեղեցկությունը», «Ազգի» հարցին «Միսս Ուկրաինա-2006»-ը պատասխանեց, որ երեկոյան եւ առավոտյան է ծանոթանալու գեղեցկուհիների հետ, իսկ գնահատելիս էլ հաշվի է առնելու նրանց բնականությունը, պահվածքը բեմի վրա, ժպիտը:
Կարեն Արիստակեսյանի խոսքով, «Միսս Հայաստան-2007»-ը մասնակցելու է միջազգային տարբեր մրցույթների, որի ցանկն ավելի է ընդլայնվելու եկող տարի: Պայմանագրով գեղեցկուհի ընտրված աղջիկը չպետք է ամուսնանա առաջիկա մեկ տարում, միշտ պետք է ներկայանալի տեսք ունենա եւ մեկ տարվա ընթացքում պահպանի այն արտաքին նկարագիրը, որով մասնակցել է մրցույթին: Այս տարի մրցույթի մասնակիցները տարբեր մարզերից են: Արցախից որեւէ մեկը չի ընդգրկվել 18-ի մեջ, սակայն նախորդ տարվա գեղեցկուհին արցախցի Ռիտա Ծատրյանն է, ով այժմ մասնակցում է «Միսս ինտերնեշընըլ» մրցույթին. «Սրանով էլ մենք օգնում ենք Արցախի ճանաչմանը»:
«Միսս Հայաստան» ազգային գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը հայտնեց, որ աղջիկները մեկ ամիս շարունակ մարզվել են, սնվել հատուկ սննդակարգով, զբաղվել գեղաքայլքով: Նախագահի գնահատմամբ, մեկ ամսվա մարզումը բավական լավ է, քանի որ միջազգային մրցույթների ժամանակ գեղեցկուհիներն այդ շրջանն անցնում են 7 կամ 15 օրում:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ