«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2007-10-13 | #188, 2007-10-16 | #189, 2007-10-17


ԹԵՀՐԱՆՈՒՄ ԽՈՍՎԵՑ ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվեց քաղաքական հայտարարություն

Մերձկասպյան 5 պետությունների` Իրանի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները երեկ Թեհրանում բացված գագաթաժողովում արծարծել են Կասպից ծովի կարգավիճակի հարցը: Հինգ պետությունները տարաձայնություններ ունեն ընդերքի օգտագործման եւ ծովային սահմանների որոշման հարցերում:

Աղոթքից հետո գագաթաժողովը բացելով` Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Կասպից ծովի «էներգետիկ եւ մյուս պաշարները պետք է օգտագործվեն ի նպաստ բոլոր հինգ երկրների»:

2002 -ին Աշգաբադում անցկացված Կասպիական առաջին գագաթաժողովում չէր հաջողվել լուծել Կասպից ծովի կարգավիճակի հարցը:

Այս անգամ մեծ հետաքրքրություն էր առաջացրել գագաթաժողովին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցության հարցը, քանի որ կիրակի օրը լուրեր էին տարածվել, թե նրա դեմ մահափորձ է նախապատրաստվում Թեհրանում: Պուտինն այնուամենայնիվ մեկնեց Թեհրան եւ երեկ հանդիպումներ ունեցավ Իրանի եւ Թուրքմենստանի նախագահներ Մահմուդ Ահմադինեժադի եւ Ղուրբանղուլի Բերդիմուհամմեդովի հետ:

Ֆրանսպրեսը նշում է, որ 1943-ի Թեհրանի կոնֆերանսից ի վեր Ռուսաստանի ղեկավարները չէին այցելել Իրան: Գործակալության տվյալներով, Պուտինն Ահմադինեժադի հետ երեկ քննարկել է Իրանի միջուկային ծրագրերի, Ռուսաստան-Իրան հարաբերությունների հարցերը եւ որոշ միջազգային հարցեր: Խոսվել է նաեւ Բուշեհրում 1995-ից կառուցվող ատոմակայանի գործարկման ժամկետի մասին, որն անընդհատ հետաձգվում է:

Վերլուծաբաններից ոմանք կարծում են, որ այս ձգձգումների իրական պատճառը ոչ թե իրանական կողմի վճարումների ուշացումն է, այլ այն, որ Մոսկվան գործարկումը հետաձգելով փորձում է Իրանին դրդել թափանցիկ դարձնել սեփական միջուկային ծրագիրը:

Թեհրանի հանդիպմանը բացառիկ երեւույթ դարձավ այն փաստը, որ Պուտինին ընդունեց Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին, որը սովորաբար ընդունում է պետությունների միայն մահմեդական ղեկավարներին:

Երեկ մերձկասպյան 5 պետությունների նախագահները ընդունեցին համատեղ քաղաքական հայտարարություն, որով հանդես են գալիս միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման օգտին: Կողմերը 25 կետանոց փաստաթղթով հաստատում են մասնակից 5 պետությունների անկապտելի իրավունքը` զարգացնել միջուկային էներգիայի խաղաղ հետազոտությունը, արտադրությունը եւ օգտագործումը «սույն պայմանագրի, ինչպես նաեւ ՄԱԳԱՏԷ-ի մեխանիզմի շրջանակներում»:

Կողմերը պայմանավորվեցին «ոչ մի պարագայում թույլ չտալ ուրիշ պետությունների կողմից սեփական տարածքի օգտագործումը կողմերից որեւէ մեկի դեմ նախահարձակման եւ ռազմական այլ գործողությունների ձեռնարկման համար»: Ընդգծվեց, որ Կասպից ծովը պետք է օգտագործվի բացառապես խաղաղ նպատակներով, եւ բոլոր հարցերը «պետք է լուծվեն խաղաղ միջոցներով»:

Մասնակիցները նաեւ անվերապահորեն դատապարտեցին ահաբեկչության բոլոր ձեւերն ու դրսեւորումները: Բացի դրանից, փաստաթղթում նշվում է, որ կողմերը կնպաստեն բազմաբեւեռ աշխարհակարգի, առավել արդարացի միջազգային քաղաքական, տնտեսական եւ իրավական կարգի ձեւավորմանը:

ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4