Հետահայաց
«Ես արդեն 14 տարեկան պետք է լինեի ու շատ կցանկանայի լինել: Չստացվեց: Ինձնից անկախ պատճառներով: Պարզապես ճիշտ չէի ընտրել հարմար պահն ու տեղը լույս աշխարհ գալու համար: «Լույս աշխարհ» ասվածն էլ հովհարային անջատումների թե՞ միացումների «շնորհիվ» խավարի վերածված հայրենիքս էր, ավելի կոնկրետՙ նրա ծննդատներից մեկը: Որոշ բաներ հասցրեցի տեսնել-զգալ դեռ չծնվածՙ երկրին հրաժեշտ տալուց առաջ: Օրինակՙ ցրտից կծկված մարդկանց մռայլ դեմքերը, «Ֆուջիկա» նավթավառների, մոմի ու չոր սպիրտի հոտը, շարժական էլեկտրակայանների («դվիժոկ». կհիշե՞ք) հռնդյունը, հացի կտրոններն ու հերթերում իրար խռնված մարդկանցՙ հանապազօրյա մթերքից զրկված լինելու վախից աղճատված դեմքերը, ուրիշ հերթերՙ նավթի համար, «Պիկնիկ» թխվածքաբլիթ-վառելանյութը, օգնություն տրվող սոյան ու ձեթը, քաղաքի մի ծայրից մյուսը քայլողՙ ուղեւոր դառնալու հույսը կորցրածների շարանը, բնակարանը օդանավի տոմսի արժեքով վաճառող-փախչողներին, «դոլար-դրամ-ռուսական ռուբլի» եռյակի միջեւ շփոթահար կանգնած, տարիների վաստակածը 1-2 օրում կորցրածներին, կտրվող-ընկնող ծառերի հուսահատ ճռռոցը, ցուրտ տներն ու վերարկուներով դասի նստած երեխաներին, բազմահարկ շենքերը «զարդարած» վառարանների ծխնելույզները... Եվ ցո՜ւրտը, ցո՛ւրտըՙ ամեն տեղ սողոսկող, ամեն ինչ ընդարմացնող, կյանքն իր խանձարուրում սպանող ցուրտը:
Իսկ չհաջողված ծննդյանս օրը ձմեռ էր, 1993-ի ձմեռը: Չգրանցվելուս վայրըՙ Հայաստան, քաղաք Երեւան»:
Հավա՞տ, ո՞ւր կորար
Վատ երազն այնքանով է լավ, որ արթնանալուն պես վերջանում է: Այս մի երազը կարծես վերջանալու միտք չունի, գոնե մինչեւ նախագահական ընտրությունները:
ՀՀ 1-ին նախագահի «մարիոթային» ելույթը, որ սպասված էր, քանի որ 9 տարվա եւ արհեստական լռություն էր խախտել, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում որոշ ալեկոծումներ առաջացրեց: Ընդամենը: Պայթած ռումբի տպավորություն թողնելու համար (որոշ մարդիկ այդ ակնկալիքն ունեին) չափազանց քիչ լիցքեր ուներ, հատկապեսՙ թարմ լիցքեր: Ու ճիշտն ասած, այդպիսի նպատակ չէր էլ հետապնդում: Կարեւորը լրատվական ակտիվ շրջանառության մեջ դրվեց մի անուն, որը մինչ այդ լոկ բացասական կամ դրական (՞) հույզեր էր առաջացնում հասարակության մեջ:
Դրան հաջորդող բազմաթիվ հանդիպումները քաղաքական տարբեր ճամբարների ներկայացուցիչների հետ նախ երեք խնդիր էին լուծում.
1. Իրենց անակնկալությամբ կամ արտառոցությամբ գրավել բոլոր (ոչ միայն ՀՀՇ-ամետ) լրատվամիջոցների շատ դեպքերում անհարկի ուշադրությունը:
2. Ցույց տալ, թե «հանուն» երկրի ապագայի ինչերի՜ է պատրաստ առաջին նախագահը:
3. Իսկապես շոշափել քաղաքական ուժերի տրամադրվածությունըՙ առայժմ ձեռնպահ մնալով կոնկրետ պայմանավորվածություններից:
Կարելի էր կարծել, որ այդ քայլերը նաեւ իշխանություններին նյարդայնացնելու, լարվածության մեջ պահելու միտում ունեն, բայց այդպիսի լարվածության գոնե առերեւույթ բացակայությունը ենթադրել է տալիս, թե ՀՀ 1-ին նախագահի պահվածքն ընդհանուր գծերով անակնկալ քիչ բան է պարունակում նրանց համար...
Վերը նշված երեք կետերի հանրագումարում լուծվում է, այն էլՙ ոչ առանց հաջողության, առայժմ համար մեկ խնդիրըՙ 1-ին նախագահի անունը ակտուալ ու սովորական դարձնել հասարակության շատ դեպքերում անտարբեր լսողության համար:
Ոչ բռնապետական երկրում անհատը, որքան էլ ուժեղ ու լծակների տեր լինի, չի կարող ամբողջովին իրենով պայմանավորել բոլոր սխալներն ու ձեռքբերումները: Իսկ Հայաստանի Հանրապետությունը, գոնե իր նորագույն պատմության ընթացքում, դասական իմաստով բռնապետություն չի տեսել: 90-ականների սկզբի Հայաստանի բոլոր դժբախտությունների համար 1-ին նախագահին մեղադրելը ճիշտ չէ: Նույնքան էլ սխալ է բոլոր հաջողությունները (որոնք իսկապես եղել են) նրան կամ նրա հաջորդներին վերագրելը: Երկուսն էլ պրիմիտիվ ծայրահեղություններ են ու հեռուՙ ճշմարտությունից:
Բայց ակնհայտ է, որ շարքային քաղաքացիները, ովքեր մոտ 20 տարի առաջ վստահել եւ իրենց հույսը կապել էին ի սկզբանե համազգային շարժման ու նրանց ղեկավարների, ապաՙ երկրի 1-ին նախագահի հետ, բազմաթիվ զրկանքների միջով անցնելու կես ճանապարհին տեսնելով, որ իշխանություններն անջրպետվեցին թե՛ իրենցից, թե՛ համազգային խնդիրներից, մինչ այսօր իրենց խաբված են զգում: Վստահության այն պաշարը, որն ուներ 1-ին նախագահը մինչեւ 1994-95 թթ., ցավոք, չի ունենա նրա մոտակա հաջորդներից եւ ոչ մեկը: Այդ վստահությունն ու հավատը կորցնելն էր ամենամեծ բացթողումը, սխալը: Այդ ժամանակ վերածնվեց անվստահությունը բոլոր կարգի իշխանավորների, ղեկավարների, թեկուզ անկախ պետականության ու ապագայում որեւէ բան դրականորեն փոխելու հույսի նկատմամբ:
Առանց այդ հարցերին անդրադառնալու, միանգամից քաղաքականություն վերադառնալու, ժողովրդի կարճ հիշողության վրա հույս դնելու կամ այդ մասին նույնիսկ չմտածելու փոխարեն արժե՞ ինչ-որ ձեւ, ժամանակ ու հարմար առիթ (որը կարող էր լինել «Մարիոթի» ելույթը) գտնել ինչ-որ չափով ինչ-որ բան բացատրելու համար այս երկրի քաղաքացիներին: Թե՞ ազգովին մեղավոր ենք ու արժանի՞ չենք բացատրության: Թող որոշի երկրի առաջին նախագահը:
ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ