Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ ընդունեց էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի օրինակելի ձեւերը հաստատելու որոշումը: Խոսքը մասնավորապես էլեկտրական էներգիայի մատակարար ընկերության եւ խոշոր սպառողների միջեւ կնքվող պայմանագրի օրինակելի ձեւերի մասին է: Որոշմամբ հանձնարարվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը մինչեւ 2008-ի հուլիսի 1-ը նախկինում կնքված պայմանագրերը համապատասխանեցնել օրինակելի նոր ձեւերին:
Պայմանագրերի օրինակելի ձեւերի հիմնական առավելությունն այն է, որ, ի տարբերություն նախկինՙ զուտ առեւտրային բնույթի պայմանագրերի, այս պայմանագրերում կարեւորվում են տեխնիկական եւ առհասարակ անվտանգության ապահովման խնդիրները: Նոր պայմանագրերով կրճատվել են էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման ժամկետները, հնարավորություն է տրվել սպառողներին էներգամատակարարմանը վերաբերվող տեղեկատվություն ստանալ պայմանագրում նշված հեռախոսահամարով, սահմանվել են տույժեր էլեկտրաէներգիայի որակը չպահպանելու կամ տեխնիկական կանոնակարգերի խախտման դեպքերի համար:
Հանձնաժողովի երեկ տեղի ունեցած նիստին մասնակցում էին նաեւ «Նաիրիտ» ՓԲԸ, Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության ներկայացուցիչները: Նրանք մասնակցել են օրինակելի պայմանագրի նախապատրաստմանը եւ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին գոհունակություն հայտնեցին համագործակցության եւ ընդունված որոշման կապակցությամբ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ