«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2007-10-13 | #188, 2007-10-16 | #189, 2007-10-17


«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇՈՒՆ-2007» ՀՈՒՆԳԱՐԻԱՅՈՒՄ

2007 թվականի աշնանային ամիսներին (սեպտեմբերի 20-ից նոյեմբերի 26-ը) Ավստրիայում եւ Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանի եւ Հունգարիայի ազգային փոքրամասնությունների գործերով պետական քարտուղար Ֆերենց Գեմեշիի հովանավորության ներքո Հունգարիայի հայ ազգային ինքնավարությունը նախաձեռնել եւ կազմակերպել է «Հայկական աշուն-2007» միջոցառումների շարքը:

Սեպտեմբերի 20-ին Բուդապեշտի 5-րդ (Կենտրոն) թաղամասի ընդունելությունների սրահում տեղի ունեցան փառատոնի հանդիսավոր բացումը եւ ընդունելությունը, նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 16-րդ տարեդարձին: Տեղի ունեցավ նաեւ Երեւանից ժամանած գեղանկարչուհիներ Սեդա Բեքարյանի եւ Սյուզան Հակոբյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսի բացումը:

Սեպտեմբերի 20-ին «Հայաստանի օրն» էր նաեւ Հունգարիայի խոշորագույն մասնավոր DUNA TV հեռուստատեսության եթերում, ցուցադրվեցին հայկական գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր, համերգներ, հաղորդումներ` նվիրված հունգարահայ համայնքի անցյալին եւ ներկային, հարցազրույցներ ՀՀ դեսպան Ա. Հովակիմյանի, Հունգարիայի հայ ինքնավարության ղեկավարների եւ արվեստագետների հետ: Ի դեպ, մոտ ապագայում DUNA TV-ն համագործակցության համաձայնագիր է ստորագրելու Հայկական հանրային հեռուստատեսության հետ:

Կարեւորագույն միջոցառումներից էր «Հայ սփյուռքը Կենտրոնական Եվրոպայում» միջազգային հայագիտական կոնֆերանսը, որն անցկացվեց սեպտեմբերի 26-ից 27-ը Բուդապեշտի մերձակայքում գտնվող Պիլիշչաբա քաղաքի «Պաշմանյ Պետեր կաթոլիկ համալսարանում»: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 30 գիտնական-հայագետներ Հայաստանից, Հունգարիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Սերբիայից, Ավստրիայից, Հունաստանից եւ այլն:

Հոկտեմբերի 5-ին կազմակերպվեց 1848-49 թթ. հունգար ժողովրդի ազատագրական պայքարի հերոսներ` «Արկադի Մարտիրոսների հիշատակին» նվիրված հանդիսությունը Զինվորական պատմության ինստիտուտի Մարմարե դահլիճում, որի ընթացքում տեղի ունեցավ ազատամարտին զոհ գնացած հայկական ծագմամբ զորահրամանատարներ Էռնյո Կիշի եւ Վիլմոշ Լազարի անվան շքանշանների հանձնումը հասարակական եւ ռազմական ասպարեզում աչքի ընկած հունգար քաղաքացիներին:

Մի շարք միջոցառումներ տեղի կունենան մոտակա տասը օրվա ընթացքում, մասնավորապես` կբացվի հայկական մանրանկարչության ցուցահանդես, հունգարացիներին կներկայացվեն հայ երաժշտության գանձարանից ստեղծագործություններ, տեղի կունենա գրական երեկո նվիրված Ավետիք Իսահակյանի մահվան 50-ամյակին:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4