Երեկվա լիագումար նիստում ԼՂՀ խորհրդարանը հավանություն է տվել կառավարության գործունեության ծրագրին: Ներկայացնելով ծրագիրը, վարչապետ Արա Հարությունյանը նշել է այն առաջնահերթությունները, որոնք առաջիկա հինգ տարիների ընթացքում կգտնվեն կառավարության գործունեության հիմքում: Այն նախատեսում է 14-15 տոկոս տնտեսական աճ, առանց որի, վարչապետի խոսքով, անհնար կլինի բարձրացնել բարեկեցության աստիճանն Արցախում: Արա Հարությունյանը պետության կենսագործունեության համար սպառնալիք է համարել բնակչության ցածր կենսամակարդակն ու մեկ շնչին ընկնող եկամուտների այսօրվա վիճակը:
Ծրագրում կարեւոր տեղ է հատկացված կոռուպցիայի դեմ պայքարին, որի նպատակով նախատեսվում է բարեփոխումներ անցկացնել դատական համակարգում: Պետք է տնտեսությունը հանել ստվերից, մասնավորապես նշել է վարչապետը: Միեւնույն ժամանակ, նա շեշտել է պետական մարմինների թափանցիկ աշխատանքի ու հասարակական ակտիվության անհրաժեշտությունը:
Հատկանշական է, որ կառավարության ծրագրին միաձայն հավանություն են տվել խորհրդարանական բոլոր կուսակցությունները: ԱԺ-ում ամենամեծ` «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վահրամ Աթանեսյանն ընդգծել է ծրագրի պրագմատիկությունը, իսկ «Հայրենիք» խմբկացության ղեկավար Արթուր Թովմասյանը կարեւորել է իշխանության եւ ժողովրդի միջեւ վստահության մթնոլորտի ձեւավորումը:
Շուրջ մեկ տարի առաջ ընդունված ԼՂՀ սահմանադրության պահանջներին համապատասխան, խորհրդարանը փակ քվեարկությամբ հավանություն է տվել ԼՂՀ գերագույն դատարանի նախագահի պաշտոնում Արարատ Դանիելյանի թեկնածությանը, որը նախկինում վարում էր ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը: Նույն կերպ խորհրդարանը պաշտպանության, անվտանգության եւ օրինապահության մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրել «Ժողովրդավարություն» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Ժաննա Գալստյանին:
Նիստում ի գիտություն է ընդունվել «ՀՅԴ-Շարժում-88» պատգամավորական խմբակցության անդամ Գեղամ Բաղդասարյանի` խմբակցությունից դուրս գալու մասին դիմումը: Դրա շարժառիթը, ինչպես լրագրողներին ասել է ինքը` պատգամավորը, խմբակցության հետ ունեցած իր տարաձայնություններն են:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ