«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2007-10-16 | #189, 2007-10-17 | #190, 2007-10-18


ԵՐԲ ԱՐԺԵՎՈՐՎՈՒՄ Է ԴՐԱՄԸ

Ինչպե՞ս դա տեղի ունեցավ եւ ի՞նչ տեղի կունենա առաջիկայում

Դրամի արժեւորումն ու դոլարի արժեզրկումը Հայաստանում շարունակվում են արդեն չորրորդ տարին: Ճիշտ է, մոտ մեկ ամիս առաջ կայունացավ եւ անգամ սկսվեց հակառակ գործընթացը, երբ 1 դոլարի փոխարժեքը բարձրացավ մինչեւ 342 դրամի, սակայն դրամի արժեւորման գործընթացը վերստին վերադարձավ, կարելի է ասել, իր բնական հունին: Այս օրերին 1 դոլարի փոխարժեքը տատանվում է 332-334 դրամի սահմաններում:

Դրամի արժեւորման պատճառների վերաբերյալ վեճերը կարծես թե նույն ակտիվությամբ չեն շարունակվում: Սակայն այսօր էլ բացակայում են այս երեւույթի պատճառների անկախ եւ առանց քաղաքականացման մեկնաբանությունները: Վերջին միջոցառումն այս հարցի առնչությամբ, որ կազմակերպել էր Ռազմավարական հետազոտությունների ազգային կենտրոնը, դարձյալ քաղաքականացված էր: Իսկ կլոր սեղանի թեմայի վերնագրում «հայկական դրամի վարքագիծ» արտահայտության մեջ «վարքագիծ» բառն առանձին դրված էր չակերտներում: Այդ միջոցառման ժամանակ նույնպես փաստորեն բացակայում էին տնտեսագիտորեն հիմնավորված գնահատականները: Պաշտոնական պարզաբանումներ սովորաբար տալիս է Կենտրոնական բանկը: Սակայն հասարակության մի մասի համար դրանք բարդ են եւ դժվար ընկալելի, մյուսների համար հասկանալի են, բայցՙ անընդունելի, երրորդներն ընդհանրապես չեն ցանկանում լսել դրանք, իսկ պարզաբանումները հասկացողներն ու իրատեսական գնահատողներն էլ մեծ թիվ չեն կազմում: Փորձենք առկա տեղեկատվության հիման վրա հանրամատչելի ձեւով ներկայացնել այսօր շարունակվող այս երեւույթի իրական պատճառները:

Ինչո՞ւ արժեզրկվող հայկական դրամը հանկարծ սկսեց արժեւորվել

Հայկական դրամըՙ գործածությունը սկսելուց ի վեր, տարիներ շարունակ արժեզրկվում էր: Դա համարվում էր երկրի տնտեսական կացությանը համարժեք վիճակ ու բոլորը դրան հարմարվել էին: Սակայն 2004-ից հակառակ գործընթաց սկիզբ առավ եւ շարունակվում է առ այսօր: Սա մի տեսակ անհավատալի էր եւ անհասկանալի: Դժգոհություններ «դոլարի գինը գցողների» մասին լսվում էին ամենուր: Դրանցից օգտվելով քաղաքական դիվիդենտներ էին հավաքում քաղաքական որոշ գործիչներ:

Պատճառները, ինչպես հաճախ է նշվել, բազմաթիվ են եւ բաժանվում են երկու մասիՙ ներքին եւ արտաքին: Արտաքին գործոններից գլխավորն, անշուշտ, դոլարի արժեզրկումն է ամբողջ աշխարհում, որը հիմնականում արդյունք է ամերիկյան մոնետար իշխանությունների (ԱՄՆ ֆեդերալ ռեզերվի) վարած քաղաքականության:

Ներքին պատճառներից է Հայաստանի արդեն 6-7 տարի շարունակվող տնտեսական բարձր աճը: 2001-ի համեմատ 2005-ին երկրում ստեղծվող համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կրկնապատկվել էրՙ 1 տրիլիոն 175 մլրդ դրամից հասնելով 2 տրիլիոն 244 մլրդ դրամի: 2006-ին այդ ցուցանիշը կազմեց 2 տրիլիոն 657 մլրդ դրամ: Սա պե՞տք է ազդեր ազգային արժույթի վրա: Բնականաբարՙ այո: Ասենք, որ ազգային արժույթի արժեւորման նույն գործընթացը 2001-2003 թվականներից անցել են Արեւելյան Եվրոպայի եւ բալթյան երկրները, իսկ հետագայում նաեւ ԱՊՀ որոշ երկրներ, որտեղ տնտեսական անկումից հետո արձանագրվում էր կայուն տնտեսական աճ:

Տնտեսական աճին ուղեկից գործոններ կարելի է համարել դրամի արժեւորմանը նպաստող մյուս պատճառներըՙ ներդրումների հոսք հատկապես շինարարության ոլորտ, զբոսաշրջիկների թվի տարեցտարի ավելացում, անկախ այն բանից, թե նրանք նախկինում Հայաստանից արտագաղթած մեր հայրենակիցնե՞ր են, թե՞ իսկապես օտարերկրացի զբոսաշրջիկներ: Ամեն պարագայում երկիր արտարժույթ է մտնում:

Ավելի հաճախ, որպես ազգային դրամի արժեւորման հիմնական ներքին գործոն, նշվում են արտերկրից դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների մեծ ծավալները: Վերջին մեկ-երկու տարիներին դրանք գտնվել են տարեկան մոտ 1 մլրդ դոլարի սահմաններում: Սեզոնային գործոններին (գյուղմթերքների սպառման ժամանակաշրջան, Նոր տարի եւ այլն) չանդրադառնանք, քանի որ դրանք ժամանակավոր ազդեցություն են ունենում փոխարժեքի վրա:

Դրամի արժեւորման վրա սուբյեկտիվորեն խթանող ազդեցություն է ունենում հենց ինքըՙ արժեւորումը: Ստանալով արտարժութային փոխանցումներ, մեր հայրենակիցներից շատերը, որպեսզի դրանք չարժեզրկվեն, շտապում են փոխանակել դրամով: Ինչը նույնպես նպաստում է դոլարի արժեզրկմանը: Կենտրոնական բանկն իր հերթին երկրում դոլարայնացման մակարդակի նվազեցմանն ուղղված քաղաքականություն է տանում, ինչն արդեն որոշակի փոփոխություններ է առաջացրել հօգուտ դրամի: Մասնավորապես, այս տարվա 9 ամիսներին, ԿԲ տվյալներով, տնտեսության դրամայնացումն ավելացել է մոտ 39 տոկոսով, ինչի հետեւանքով մոտ 30 տոկոսով նվազել է դոլարայնացումը: Միաժամանակ, այդ երեւույթը նկատելի է բանկային ավանդներում դրամով ավանդների 88 տոկոսով, շրջանառությունում գտնվող կանխիկ դրամի 56,5 տոկոսով եւ դրամային զանգվածի 68,3 տոկոսով ավելացման տեսքով: Նշենք, որ միջազգային վարկանիշային կազմակերպությունները Հայաստանին վարկանիշ շնորհելիս հենց դոլարայնացման բարձր մակարդակն էին նշել որպես մեր երկրի համար հիմնական բացասական գործոններից մեկը:

Ո՞վ կամ ովքե՞ր կարող են ազդել փոխարժեքի ձեւավորման վրա

Այն, որ Կենտրոնական բանկը որոշակիորեն կարող է ազդել փոխարժեքի շուկայի վրա, առաջին անգամ ասվեց Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետի տեղակալ Ջուլիան Բերենգոյի մոտ երկու տարի առաջ Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Լրագրողներին ներկայացնելով իր զեկույցը, նա նշեց, որ մեր փոխարժեքը «լողացող-կառավարվող» է: ԱՄՀ ներկայացուցիչը միաժամանակ ընդգծեց, որ պետությունը կարող է ամրագրել փոխարժեքը, բայց այդ դեպքում կտրուկ գնաճը զսպել չի կարող:

Ինչպե՞ս է «կառավարում» փոխարժեքը ԿԲ-ն: Տերմինաբանություն չօգտագործելու համար ասենք, որ նա պարզապես բանկերից դրամ կամ դոլար է ձեռք բերումՙ ըստ անհրաժեշտության բարձրացնելով կամ իջեցնելով համապատասխան տոկոսադրույքները: Սակայն դրանով ԿԲ-ն միայն «ուղեկցում» է գործընթացին, որպեսզի չլինի շատ կտրուկ: Փոփոխել դրամի արժեւորման ուղղությունը հակառակ ուղղությամբ եւ երկար ժամանակահատվածով, նա չի կարող անգամ ցանկության դեպքում: Դա նման կլինի գետի հոսանքին հակառակ լողալուն եւ կարող է հանգեցնել լուրջ ցնցումների:

Հայաստանում ԱՄՀ ներկայացուցիչ Նինկե Օմեսը իր հրապարակային ելույթներում նույնպես նշում էր, որ Կենտրոնական բանկը չի կարող իրական փոխարժեքի վրա ազդեցություն ունենալ: Նրա կարծիքով, ճիշտ չէ ԿԲ-ին մեղադրել դրամի արժեւորման համար, քանի որ նա, ընդհակառակը, դրամի արժեւորումը մեղմելու համար դոլար է գնում դրամով: Սակայն այդ գործընթացը խորացնելու դեպքում շուկայում կավելանա դրամը, որն իր հերթին կբերի գնաճի:

Իսկ ուրիշ ովքե՞ր կարող են ազդել փոխարժեքի տատանումների վրա: Հայաստանի տնտեսությունն ու համապատասխանաբար ֆինանսական շուկան առայժմ փոքր ծավալներ ունեն եւ դոլարի ամեն մի խոշոր ներհոսք կամ արտահոսք (մի քանի մլն դոլար) կարող է ազդել փոխարժեքի վրա: Բացի այդ, Հայաստանի շուկան բարձր կենտրոնացվածություն ունի: Եթե մենաշնորհներ ունեցող խոշոր օլիգարխներից մեկ-երկուսը որոշեն նույն պահին մի քանի մլն կանխիկ դոլար ձեռք բերել, դա անմիջապես իր ազդեցությունը կթողնի փոխարժեքի շուկայում: Եվ վերջապես, հարկ է ավելացնել նաեւ, որ վերոնշյալ օլիգարխները, ինչպես եւ մեր բիզնեսը, մեծապես գտնվում են ստվերում: Ինչն էլ նշանակում է, որ նրանց միջոցները, գլխավորապես դոլարային տեսքով, հիմնականում կանխիկ շրջանառության մեջ են գտնվում, հետեւաբար դուրս են Կենտրոնական բանկի տեսադաշտից:

Ի՞նչ կլինի ապագայում

Կանխատեսումներ անելն այստեղ խիստ բարդ է, քանզի, ինչպես արդեն նշեցինք, այդ գործընթացը պայմանավորված է բազմաթիվ գործոններով: Այդուհանդերձ, հիշեցնենք, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի մի քանի ամիս առաջ արված կանխատեսման, որը կարծես թե իրականություն է դառնում, առաջիկայում ամերիկյան դոլարը կարժեզրկվի 15-35 տոկոսով: Սա արտաքին գործոնի վերաբերյալ: Հայաստանում դոլարի արժեզրկումն ու դրամի արժեւորումը, հավանական է, կշարունակվենՙ պայմանավորված նաեւ ներքին գործոններով: Մասնավոր փոխանցումներն արտասահմանից շարունակվում են մտնել Հայաստան եւ տարեցտարի ավելանում: Տնտեսական աճը շարունակվում է եւ հիմնականում շինարարության ծավալների աճի շնորհիվ, որտեղ խոշոր արտարժութային ներդրումներ են կատարվում:

Այդուհանդերձ, ազգային արժույթի արժեւորումը լավ, թե՞ վատ երեւույթ է: Չի կարելի հերքել այն փաստը, որ դրամի արժեւորումն ավելի շուտ դրական, քան բացասական երեւույթ է, քանի որ, հակառակ դեպքում, երբ դրամն արժեզրկվում է, աղքատների թիվն է ավելանում, բնակչության եկամուտներն են նվազում եւ սոցիալական լարվածությունն է խորանում: Եթե Կենտրոնական բանկը հանկարծ որոշի ամրագրել փոխարժեքը, դա էլ կբերի կտրուկ գնաճի եւ ճգնաժամային երեւույթների, ինչն, ի դեպ, երկու տարի առաջ տեղի ունեցավ մեր հարեւան Թուրքիայում: Մենք եւս դրամի թավալգլոր արժեզրկման եւ համընդհանուր աղքատացման երեւույթին ականատես ենք եղել 90-ականներին եւ, հավանաբար, չէինք ցանկանա կրկին վերապրել այդ տարիները:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4