Փոխարենը շատացան մանր-մունր խանութներն ու սրճարանները
Որքան էլ ափսոսանք, որ 2789-ամյա մեր մայրաքաղաքի սիրտը համարվում է ոչ թե Էրեբունի ամրոցը, այլ Աբովյան փողոցը, դրանից Երեւանը մաքուր ու ծաղկազարդ քաղաք չի դառնա: Եթե վաղն եւեթ Էրեբունի ամրոցը ընդգրկվի Կենտրոն համայնքի կազմում, պետք չէ կասկածել, որ ամրոցի մուտքի երկայնքով ձգվող փարթամ կանաչը մեկ վայրկյանում կվերածվի աղբակույտիՙ ի տես դրա հետ հաշտված երեւանցիների ու դրանից փախչող զբոսաշրջիկների, որոնց ներկայությունը խիստ զգալի է աշնան առաջին 2 ամիսներին: Էրեբունի-Երեւան տոնակատարությունը երեւանյան օրերով փոխարինելու եւ Էրեբունի ամրոցի տարածքից Ազատության հրապարակ տեղափոխելու երեւույթը խորությամբ քննելու դեպքում կարելի է ինքնաճանաչման խոր եզրահանգումներ անել, ինչպես, ասենք, ճապոնացիներն են անում: Բայց քանի որ հայերս հեռու ենք ինքնաճանաչումից ու չափազանց մոտ ինքնամեծարմանն ու ինքնագովազդին, ուրեմն ամեն ինչ հենց այն է, ինչ պիտի լիներ: Այս ամենի հետ հաշտվելու շատերիս փորձերը զուր են, քանի որ ի տարբերություն հաշտվողների, մեր գիտակցությամ մեջ ամուր մեխված է այն միտքը, որ յուրաքանչյուր կենդանի էակի համար այս կյանքում ամենակարեւորը մաքրությամբ ու գեղեցկությամբ շրջապատված լինելն է:
Երկու տարի առաջ Երեւանի «Կենտրոն» կանաչապատում փակ բաժնետիրական ընկերության փոխտնօրեն Արտակ Մարուքյանն ահա թե ինչ ասաց («Ազգ», 03.03. 2005). «Այս տարի Կենտրոն թաղապետարանը նպատակ ունի քաղաքի այդ կարեւորագույն փողոցը դարձնել ցուցադրականՙ կանաչապատման ու մաքրության առումներով: Կհաջողվի՞ արդյոք Աբովյան պուրակից մինչեւ Հանրապետության հրապարակ ունենալ օրինակելի փողոց, մեծ մասամբ կախված է նաեւ սեփականատերերից, որովհետեւ նրանց գերակշիռ մասը զլանում է մաքրել իր խանութի, շինության տարածքը, ուր մնաց թե ծաղկապատման հարցով զբաղվի: Իր շրջապատը մաքուր պահելու կուլտուրա չունեցողից ինչպե՞ս կարելի է ավելին պահանջել»:
Երկու տարի սպասեցինք Աբովյան փողոցը ընդօրինակելի տեսնելուն, բայց, ավաղ, տեսանք նորանոր սրճարաններ ու խանութներ, այն էլՙ ծառերն իրենց մեջ առած: Ու դժվարանում ես բնութագրել, ի՞նչ է սաՙ ճարտարապետական մտքի նորօրյա փայլատակո՞ւմ, թե՞ ինքնածաղրման նոր դրսեւորում: Ծառերՙ խանութի տանիքից դուրս եկած, խանութներՙ ծառե տանիքներով: Ու վերջ չկա դրանց, կառուցվում են նոր սրճարաններ հենց հիմա, այս պահին: Եվ այսպես ամեն գարուն-աշուն Աբովյանը դառնում է անտանելի քայլելու, ուր մնաց թե զբոսաշրջիկներ ընդունելու համար: Գուցե ժամանակն է Կենտրոն համայնքին օգնության ձեռք մեկնելու: Օրինակ, այսպեսՙ Երեւան ժամանող բոլոր զբոսաշրջիկներին հենց «Զվարթնոց» օդանավակայանում նոր տեղեկագիր բաժանել Երեւանի կենտրոնական փողոցների, այգիների ու շատ այլ բաների մասին, նրանց խորհուրդ տալ լինել Կենտրոնի միակ ծաղկաշատ Անգլիական այգում, զգուշանալ Հանրապետության հրապարակի նորաբաց շատրվանները դիտելիս, որովհետեւ մանկական մեքենաներով այնտեղ շրջող մի քանի ճարպիկներ դրամ են վաստակում մանուկներին գայթակղելով եւ անցորդներին հրմշտելով: Զբոսաշրջիկներին անպայման տեղեկացնել, որ Կենտրոն համայնքի տարբեր անկյուններում նստած կանայք արեւածաղիկ են վաճառում, որպեսզի մեր քաղաքում տեղի ունեցող բոլոր համերգների, նաեւ երգող շատրվանների ունկնդիրները քաղաքն արեւածաղկով պատենՙ ծաղիկների փոխարեն:
Աբովյան փողոցը հազիվ թե երբեւէ ընդօրինակելի դառնա, ճիշտ երեւանցիներիս պես:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ