«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2007-10-17 | #190, 2007-10-18 | #191, 2007-10-19


ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՀԱԳԵՑԱԾ Է ՊՈՒՏԻՆՈՎ

Արձակուրդի բերումով Երեւանում է գտնվում Մոսկվայի մեր թղթակից Ռուբեն Հայրապետյանը: Ընթերցողներին ենք ներկայացնում «Ազգի» գլխավոր խմբագրի եւ նրա` համալսարանական համակուրսեցու միջեւ տեղի ունեցած զրույցը:

- Ինչո՞վ է ապրում այսօրվա Ռուսաստանը:

- Պուտինով: Բոլոր առանցքային իրադարձությունները պտտվում են նրա շուրջը: Մթնոլորտը հագեցած է նրանով:

- Ո՞րն է գաղտնիքը նրա հեղինակության:

- Դա սարսափի վրա հենված ստալինյան բութ հավատ չէ եւ ոչ էլ բրեժնեւյան կոմունիստական քծնանք: Նորաթուխ յուրատեսակ դեմոկրատիայի պայմաններում կարելի է խաբել, բայց ոչ պարտադրել:

- Այդ դեպքում ինչի՞ վրա է հենվում այդ համակրանքը:

- Դե, եթե խորը նայենք, երկրի իրավիճակի կայունացման ու կենսամակարդակի բարձրացման վրա: Բայց եթե ուզում ես իմանալ, հսկայական ազդեցություն ունեն նրա անհատական հատկությունները, անձնական հմայքը: Ուշադրություն դարձրու, օրինակ, մի «մանրուքի» վրա. Լենինից հետո Ռուսաստանի միակ ղեկավարն է, որ օտար լեզուներ գիտե:

Պուտինը իրեն թույլ է տալիս եւ կարողանում է անկաշկանդ զրուցել սեփական ժողովրդի հետ: Ֆիզիկապես առողջ է, բնավորությամբ հավասարակշռված, հումորի զգացումով, հոյակապ հիշողություն ունի, սուր միտք, ընտանիքը զերծ է նվազագույն իսկ ասեկոսեներից, խոսում է սեղմ, հստակ: Ցուցակը կարելի է շարունակել` հօգուտ Պուտինի:

- Ժողովուրդն ինչպե՞ս ընդունեց նրա վերջին գործողությունները:

- Գոհունակությամբ եւ քաղաքական երկնակամարում նրա մնալու հույսով: Ժողովրդին որ թողնես, ամեն օր նրան կարող է վերընտրել: Մարդիկ իրենց աչքի տեսածից են վախենում. Աստված չանի, իշխանության գլուխ գա Գորբաչովի կամ Ելցինի նման անկատար մեկը, էլ չենք խոսում կոմունիստական առաջնորդների մասին: Ի դեպ, այն, ինչ տեղի ունեցավ նորերս, մոտ երկու տարի առաջ կանխատեսել էր քաղաքականագետ Անդրանիկ Միհրանյանը. վարչապետ, կառավարող կուսակցության լիդեր (պառլամենտը վերահսկող), բարձրագույն վարկանիշ` լրիվ բավարար է երկրի ամենաազդեցիկ քաղաքագետը մնալու համար:

- Բայց դա Ռուսաստանի քաղաքական ավանդույթներին հակասող իրավիճակ չի՞ ստեղծի: Չէ՞ որ այդ երկրում միշտ էլ հաշվի են նստել պաշտոնական առաջին դեմքի հետ, եթե նա նույնիսկ եղել է սադիստ, տգետ, հիվանդ կամ տհաս:

- Ճիշտ է, այդպես է, դժվար է պատկերացնել Պուտինին նախագահի ընդունարանում ընդունելության սպասելիս, եթե նույնիսկ նա օբյեկտիվորեն չհամարվի ռուսական Դեն Սյաոպին: Բայց չէ՞ որ իր համաձայնությունը տալուց առաջ նա պայման դրեց` եթե նոր նախագահը լինի ազնիվ, գործունակ, արդյունավետ ու ժամանակակից մարդ: Մնացած կես տարում նա անպայման կգտնի իրեն հարմար մեկին, որը ձեռուոտով կապված կլինի պայմանավորվածություններին:

- Բայց դու ինքդ էլ ես գրում, որ Արեւմուտքը կհակազդի նրան: Նրան ուժեղ լիդեր պետք չէ:

- Անշուշտ, բայց արդեն ուշ է: Պուտինը Ելցինի պես թալանված ու բարոյալքված երկրի ղեկավար չէ, որի առանցքային նախարարներին ամերիկացիներն էին նշանակում, կամ որտեղ ազգամիջյան կոնֆլիկտներ էին հրահրվում արտասահմանյան հետախուզական ծառայությունների միջոցով:

Ռուսաստանում այն կարծիքն է ստեղծվել, որ Պուտինը, չասենք` մատների վրա խաղացնում է, բայց չեկիստի իր սուր, ճկուն, խորաթափանց մտքով, անձնական հմայքով գերազանցում է արտասահմանցի գործընկերներին: Համաձայնիր, նրան որպես անհատականություն չես համեմատի աշխարհի հզորագույն երկրի լիդերի հետ: Հայերս կասեինք` նրան ծարավ կտանի ջուրը, հետ կբերի: Պարզապես երկրները տարբեր քաշային կատեգորիաների են պատկանում:

- Դու գտնում ես, որ ստեղծված բարենպաստ կացության մեջ չափազանցվա՞ծ է նավթային գործոնի դերը:

- Հաջողակ մարդուն հաջողությունն է ուղեկցում: Նավթի դերը շատ մեծ է, բայց ամեն ինչ չէ: Ներկա իրողությունն այն է, որ եթե նույնիսկ լուրջ դեմքով փորձես երկրի ներսում փնտրել Պուտինի արժանի հակառակորդներ, չես գտնի: Բոլոր կուսակցությունների ղեկավարները գիտեն, որ իրենք ոչ մի շանս չունեն: Սկզբունքորեն նրան հակադրվում են միայն կոմունիստները, այն էլ, ըստ էության, ձեւականորեն, որպես «ընդդիմադիր» ուժ: Կան նաեւ էժանագին չարախոսներ Կասպարովի կամ Նեմցովի մակարդակին` զրոյից փոքր-ինչ բարձր «վարկանիշով»:

- Պուտինից հետո` որպես նախագահի, ռուս-հայկական հարաբերություններում փոփոխություններ տեղի կունենա՞ն:

- Հազիվ թե, այդ հարաբերությունները Մոսկվայում գնահատվում են որպես բարեկամական, հավասարակշռված, դեմ չեն Սերժ Սարգսյանի թեկնածությանը:

- Իսկ ի՞նչ կասես հակակովկասյան տրամադրությունների մասին:

- Դրանք մնում են, բայց ողբերգական չեն: Եթե Պուտինը մնա, իրավիճակը չի վատանա: Չգիտես ինչու Հայաստանում շատերը համոզված են, որ մեզ այդ երկրում չեն սիրում: Մինչդեռ անհամակրությունը, ինչպես դու ես ասում, համակովկասյան է, եւ նման բացասական վերաբերմունքի մեջ մեղավոր են նաեւ իրենք` կովկասցիները: Նրանց գերակշիռ մասը անկոչ հյուրեր են այդ երկրում, ընդ որում այդ զանգվածը բնավ էլ իրեն հյուրի պես չի պահում: Ներկայումս միջինասիացիներն իրենց քանակով գրեթե չեն զիջում կովկասցիներին, բայց նրանց նկատմաբ վերաբերմունքն այլ է, կա արհամարհանք` «բութ են ու տգետ»:

- Ի՞նչ է նկատվում Մոսկվայի հայության կյանքում:

- Ազգային կյանք կա, գործում են մոտ երկու տասնյակ ազգային-հասարակական կազմակերպություններ, լույս են տեսնում թերթեր, ամսագրեր, կան դպրոցներ, երիտասարդական ակումբներ եւ այլն: Սակայն, կարծում եմ, ամենանշանակալին Մոսկվայի հայկական եկեղեցու հոյակապ համալիրի կառուցումն է: Դա իրոք հսկա կառույց է եւ, համոզված եմ, որ երբ ավարտվի ու սկսի գործել, ապա անպայման կդառնա Մոսկվայի ու առհասարակ Ռուսաստանի հայության գլխավոր հոգեւոր-ազգային կենտրոնը: Բարեբախտաբար հայերս չենք կորցրել ակնածանքը մեր եկեղեցու հանդեպ եւ դրա պերճախոս վկայությունը մեկենասների ու բարեգործների նվիրյալ վերաբերմունքն է շինարարությանը. աջակցում են առավելագույնս: Մի գաղտնիք պատմեմ: Երբ նորերս Հայաստանի վարչապետը այցելեց այդ համալիր ծանոթանալու շինարարության ընթացքին, շատերն «աղոթում էին», որ հանկարծ նրան չուղեկցեն Մոսկվայի կառավարության ղեկավարները: Մի բան է նախագիծը, որ նրանք հաստատել են, եւ բոլորովին այլ բան ներկա շինարարության հիրավի տպավորիչ մասշտաբները: Մտավախություն կար, որ հիշյալ անձանց մեջ կարող են լինել նաեւ անբարյացակամ, կոպիտ ասած` նախանձ մարդիկ (հատկապես` ոչ ռուս): Ի վերջո, եթե չեմ սխալվում, այս հոգեւոր օջախը իր մեծությամբ Մոսկվայում կլինի երկրորդ խոշոր քրիստոնեական եկեղեցական համալիրը ռուսական Քրիստոս Փրկչի մայր տաճարից հետո:

Բարեբախտաբար, Աստված լսեց հայերիս ձայնը...

Հարցազրույցը վարեց` ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4