Կառավարության հաստատած փաստաթղթով, քաղաքապետին կընտրի քաղաքային ավագանին
Երեւանի կարգավիճակի օրենքը, որի մասին այդքան խոսվում էր սահմանադրական հանրաքվեից առաջ եւ հետո, երեկ հաստատվեց կառավարության կողմից եւ որպես անհետաձգելի օրինագիծ ուղարկվեց Ազգային Ժողովի քննարկմանը: Համաձայն այդ փաստաթղթի, որի ամբողջական անվանումն է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին», Երեւանի քաղաքապետը կընտրվի անուղղակի ընտրությամբՙ քաղաքային ավագանու կողմից: Այդ մասին օրինագիծը լրագրողներին ներկայացնելիս հայտնեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը:
Ինչպես հայտնի է, սահմանադրության նոր տարբերակով Երեւանի կարգավիճակն արդեն իսկ սահմանվել էր որպես համայնք, բայց քաղաքապետի ուղղակի կամ անուղղակի ընտրության հարցը չէր պարտադրվել: Ըստ արդարադատության նախարարի, ուղղակի ընտրվող քաղաքապետը նախատեսում է ավելի լայն լիազորություններ, քան անուղղակի ընտրվողը: Այդ պատճառով էլ նախապատվությունը տրվել է այդ տարբերակին, որը, Գեւորգ Դանիելյանի հավաստմամբ, գերակշռում է Արեւմտյան Եվրոպայի երկրներում, մասնավորապես Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Քաղաքի ավագանու կողմից ընտրվող քաղաքապետը միաժամանակ համարվում է տեղական ինքնակառավարման մարմին եւ տարածքային կառավարման մարմին, հաշվետու է ավագանու, նաեւ կառավարության առջեւ:
Հաջորդ առանցքային հարցն առնչվում է թաղային համայնքներին, որպիսիք այլեւս չեն լինելու: Համայնքների փոխարեն լինելու են 10 վարչական շրջաններ, ներկայիս 12 համայնքների փոխարեն: Նորք-Մարաշ համայնքը նախատեսվում է միացնել Ավանին, Նուբարաշենըՙ Էրեբունուն: Քաղաքային ավագանու հայեցողությանն է թողնված վարչական տարածքների ավելացման կամ նվազեցման իրավունքը, բայց օրենքով սահմանվել է, որ դրանք չպետք է գերազանցեն 12-ը եւ ավելի քիչ լինեն 8-ից: Եվ ամենակարեւոր խնդիրը, որը, բարեբախտաբար, խելամիտ լուծում է ստացելՙ վարչական տարածքների ղեկավարներին պետք է նշանակի քաղաքապետը:
Սրանով հուսանք, որ վերջնականապես կանհետանա Երեւանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի տխրահռչակ նախագիծը, որը նախատեսում էր Երեւանը բաժանել փոքր քաղաքների, որոնց ղեկավարները պետք է ընտրվեին ուղղակի եւ ունենային, ըստ էության, անսահմանափակ իրավունքներ: Ինչի պատճառով Երեւանը որպես մեկ միավոր ամբողջությամբ կդադարեր գոյություն ունենալուց, կստեղծվեր կառավարման խառնաշփոթ, իսկ համայնքապետները կվերածվեին տեղական ֆեոդալներիՙ առավել վատթար, քան հիմա են:
«Ընտրովի քաղաքապետ - վարչական տարածքների նշանակովի ղեկավարներ» տարբերակը, որի անհրաժեշտության մասին նշել ենք այս խնդրին վերաբերող մեր հրապարակումներում, փաստորեն կպահպանի մայրաքաղաքիՙ մեկ միասնական միավոր լինելը եւ կապահովի նրա ուղղահայաց կառավարումը: Դա ենթադրաբար ավելի արդյունավետ կլինի, քանի որ ներկայիսՙ «նշանակովի քաղաքապետ եւ ընտրովի թաղապետներ» կառավարման ձեւը լծակներ չի տալիս քաղաքապետին տեղերում այս կամ այն խնդրի կարգավորման վրա ազդելու համար:
Վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը պետք է նշանակիՙ խորհրդակցելով քաղաքային ավագանու խմբակցությունների եւ վարչական ավագանիների հետ: Ի դեպ, ավագանիների մասին:
Քաղաքի ավագանին կազմված կլինի 55 անդամներից: Ընտրվելու է համամասնական կարգովՙ կուսակցական ցուցակներով: Սա նույնպես առաջընթաց կարելի է համարել, որը, հուսանք, ապագայում կտարածվի նաեւ Ազգային Ժողովի ընտրության դեպքում: Վարչական տարածքների ավագանիների թիվը կախված կլինի բնակիչների թվից: Մինչեւ 55 հազար բնակիչ ունեցող համայնքում ավագանու անդամների թիվը կլինի 10, 55-ից 100 հազարի դեպքումՙ 12, 100 հազարից ավելիի դեպքումՙ 15:
Վարչական տարածքների ավագանիներն, ի պատասխան մեր հարցի, թե ինչո՞վ են դրանք զբաղվելու, ըստ Գեւորգ Դանիելյանի, համարվելու են քաղաքապետին եւ քաղաքային ավագանուն օժանդակող մարմիններ: Քանի որ Երեւանն ունենալու է իր բյուջեն, ապա նրանք եւս կարող են նախահաշիվներ ներկայացնել իրենց տարածքի վերաբերյալ: Բացի այդ, քաղաքային ավագանին իր որոշ լիազորություններ կարող է պատվիրակել տարածքային ավագանիներին: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ վարչական տարածքների ավագանիների դերը մնում է անորոշ:
«Իսկ ինչպե՞ս է ընտրվելու քաղաքապետը» հարցին պատասխանելով, արդարադատության նախարարն ասաց, որ քաղաքապետ պետք է դառնա այն կուսակցության ցուցակի առաջին դեմքը, որը կհավաքի քաղաքի 55 հոգուց բաղկացած ավագանու տեղերի ավելի քան 40 տոկոսը: Իսկ եթե այդ կուսակցության ձայներն ավելի քիչ լինեն 40 տոկոսից, ապա քաղաքապետի թեկնածությունը կառաջադրի պարզ մեծամասնություն ունեցող ուժը:
Ներկայացնելով Երեւանի ապագա կարգավիճակի օրենքի նախագիծը, Գեւորգ Դանիելյանը հայտնեց, որ այնտեղ դեռեւս կան վիճելի հարցեր, մեկ շաբաթ հետո կառավարությունը վերստին անդրադառնալու է դրանց: «Որո՞նք են այդ վիճելի հարցերը», «Ազգի» հարցի կապակցությամբ նշվեց, որ դրանք վերաբերում են, օրինակ, քաղաքապետարանի եւ տարածքային գործադիր իշխանության հարաբերությունների որոշ հարցերին:
Մեր հաջորդ հարցին, թե ինչպե՞ս են վերաբերվում այս փաստաթղթին Երեւանի թաղապետները, նախարարը պատասխանեց, որ ոչ բոլորը միանշանակ կարծիք ունեն: Մի մասը գտնում է, որ կառավարման նոր տարբերակն ավելի արդյունավետ է: Արդարադատության նախարարը նշեց նաեւ, որ այս օրենքը պետք է ընդունվի մինչեւ այս տարվա դեկտեմբերի 5-ը, ինչպես նախատեսված էր սահմանադրական փոփոխություններով:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ