1 տաքսու լիցենզավորումը կկազմի 25 հազար դրամ, 1-ից ավելի տաքսիներինըՙ 200 հազար դրամ
Մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծեր ընդունելով, երեկ կառավարությունը, փաստորեն, ընդառաջեց ամիսներ առաջ բողոքի ցույցի դուրս եկած տաքսիների վարորդներին: Հիշեցնենք, որ նրանք բողոքում էին իրենց գործունեության լիցենզավորման պայմաններից եւ դրանց փոփոխության վերաբերյալ հավաստիացումներ ստացան վարչապետ Սերժ Սարգսյանից:
Համաձայն երեկ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում կատարված լրացման, այն դրույթը, որտեղ նախատեսվում էր հսկիչ-դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ) տեղադրել նաեւ տաքսիներում, վերացվել է: Տեղեկացնելով լրագրողներին այդ մասին, տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն ասաց, որ ՀԴՄ-ների տեղադրման անհրաժեշտությունը տաքսիներում չկա:
Հաջորդը «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված փոփոխությունն է: Նախարարը հիշեցրեց, որ մինչ այս փոփոխությունը տաքսիների գործունեության լիցենզավորման համար, ինչպես 1 մեքենա ունեցող անհատ ձեռներեցը, այնպես էլ 1-ից ավելի մեքենաներ ունեցող տաքսի ծառայությունները որպես պետական տուրք պետք է վճարեին 200 հազար դրամ: Սա էր տաքսու վարորդների դժգոհությունը հարուցած հիմնական պատճառը: Օրենքի փոփոխությամբ արդեն, 1 տաքսի ունեցողի լիցենզավորման համար պետական տուրքը կկազմի 25 հազար դրամ, իսկ 1-ից ավելի մեքենաներ ունեցող տաքսի ծառայություններինըՙ 200 հազար դրամ: Համապատասխանաբար, «Լիցենզավորման մասին» օրենքում, տարանջատվել են 1 եւ 1-ից ավելի մեքենա ունեցողների լիցենզավորման դրույթները:
Չեզոքացուցիչների տեղադրման օրենսդրական պահանջի վերաբերյալ նույնպես կառավարությունը մեղմացումներ է կատարել ուղեւորափոխադրումներ իրականացնող տաքսիների, միկրոավտոբուսների եւ ավտոբուսների համար: Ինչպես հայտնեց Անդրանիկ Մանուկյանը, այս առթիվ հարցում է կատարվել ռուսական «ԳԱԶ» եւ «ԱՎՏՈՎԱԶ» ընկերություններին: «ԳԱԶ» ընկերությունից պատասխանել են, որ արտանետումները կլանող չեզոքացուցիչները իրենց արտադրած մեքենաների վրա տեղադրելու համար կպահանջվի հավելյալ մոտ 400 դոլարի ծախս, իսկ «ԱՎՏՈՎԱԶԻՑ» հայտնել են, որ այդ չեզոքացուցիչներն անհնար է տեղադրել կարբյուրատորով աշխատող ավտոբուսների վրա: Ուստի կառավարությունը որոշել է ազատել վերոնշյալ մակնիշի մեքենաներով ուղեւորափոխադրումներ իրականացնողներին չեզոքացուցիչներ տեղադրելու անհրաժեշտությունից:
Ի պատասխան մեր հարցի, թե չեզոքացուցիչներից ազատվում են միայն ռուսական արտադրությա՞ն մեքենաները եւ միայն ուղեւորափոխադրումներ իրականացնողնե՞րը, տրանսպորտի եւ կապի նախարարն ասաց, որ չեզոքացուցիչներ տեղադրելուց ազատվում են ներկայումս շահագործվողՙ վերոնշյալ ընկերությունների արտադրած մեքենաները, իսկ Հայաստան նոր ներմուծվող բոլոր մեքենաները պետք է ունենան այդ չեզոքացուցիչները: Առանց դրանց մաքսազերծում չի արվում: Ինչ մնում է միայն ուղեւորափոխադրումներ իրականացնողնե՞րն են ազատվում չեզոքացուցիչներ տեղադրելուց, թե՞ նաեւ նույն մեքենաներն ունեցող մյուս քաղաքացիները, ապա Անդրանիկ Մանուկյանը հայտնեց, որ այս որոշումն ազդում է միայն ուղեւորափոխադրումներ իրականացնողների վրա:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ