Հոկտեմբերի 10-ին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունումից հետո թուրքական կառավարությունը Վաշինգտոնից ժամանակավորապես հետ էր կանչել ԱՄՆ-ում իր դեսպան Նաբի Շենսոյին: Հոկտեմբերի 18-ին, ինչպես CNN-Turk-ն է նշում, նա ճեպազրույց է ունեցել Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ:
Դեսպան Շենսոյը առաջարկել է միավորել 1915-ի իրադարձությունների առնչությամբ ԱՄՆ-ում լոբբիստական գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններին, ապա եւ շարունակել. «Պետք է մշտապես բացատրական աշխատանքներ տանել, որովհետեւ ԱՄՆ-ում հասարակությունը հավատում է 1915-ի իրադարձությունների իսկությանը: Եթե ոմանք «ոչ» են ասում, ապա դա անում են թուրք-ամերիկյան հարաբերություններին չվնասելու նկատառումով միայն»:
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը հիշեցրել է հրեաների ցուցաբերած աջակցությունը, ընդգծել «ԱՄՆ-ի հրեական կառույցների վստահությունը վերաշահելու» անհրաժեշտությունը, ավելացնելով. «ԱՄՆ Կոնգրեսում այդ բանաձեւի ընդունումը օրինակ կծառայի այլ երկրների խորհրդարանների համար: Շատ ավելի կհեշտանա համանման բանաձեւերի անցկացումը Եվրոմիության անդամ երկրների խորհրդարաններում: Մենք այդ հարցում շատ ժամանակ ենք կորցրել: Անհապաղ պետք է գտնել ելքի ուղին, քանի դեռ գործն ավելի չի բարդացել: Այլապես հայկական սփյուռքը նոր հաղթաթղթեր ձեռք կբերի, հարցը կներկայացնի ՄԱԿ-ին, փոխհատուցման եւ հողային պահանջներով հանդերձ»:
ՀԱՀՈԲ ՉԱՔՐՅԱՆ