«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2007-10-18 | #191, 2007-10-19 | #192, 2007-10-20


ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԿԱԶՄԵԼ Է 13,2 ՏՈԿՈՍ

Հիմնականում շինարարության շնորհիվ

Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության նախնական ցուցանիշների, այս տարվա առաջին 9 ամիսներին տնտեսական աճի բարձր տեմպը շարունակել է պահպանվել, կազմելով 13,2 տոկոս: Թեեւ 8 ամիսների նույն ցուցանիշի համեմատ (13,6 տոկոս) առկա է փոքր-ինչ նվազում: Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) գերազանցել է 2 տրիլիոն դրամի սահմանը (2 տրիլիոն 16 մլրդ դրամ):

Ինչպես արդեն նշեցինք, արձանագրված տնտեսական աճի համար դարձյալ պարտական ենք հիմնականում շինարարության ոլորտին, որտեղ գրանցվել է 18,3 տոկոս աճ:

Արդյունաբերության արտադրանքի աճն անհամեմատ փոքր էՙ 2,1 տոկոս: Սակայն կայուն է եւ ամսեամիս նկատվում է տեմպի ավելացման միտում: Առանց էլեկտրաէներգիայի արտադրության արդյունաբերության արտադրանքի աճը 1,4 տոկոս է, իսկ առանց ադամանդի արտադրության արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 8,3 տոկոսով: Գյուղատնտեսության արտադրանքի ծավալն աճել է 8,3 տոկոսով, մանրածախ առեւտրի շրջանառությունըՙ 9,8 տոկոսով եւ ծառայություններըՙ 16,9 տոկոսով: Վերջինս, շինարարությունից հետո, երկրորդ ամենամեծ աճ արձանագրած ճյուղն է:

Արտաքին առեւտրի ծավալներն ավելացել են 38,6 տոկոսով եւ կազմել 3 մլրդ 30 մլն դոլար: Հայաստանից արտահանվել է 835 մլն դոլարի ապրանք, որը 22,8 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ներմուծումը կազմել է 2 մլրդ 194 մլն դոլար կամ 45,7 տոկոսով ավելի 2006-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատած: Արտաքին առեւտրում բացասական հաշվեկշիռը խորացել է, կազմելով ուղիղ 1 մլրդ 359 մլն դոլար: Առանց ադամանդի արտահանման-ներմուծման ցուցանիշները հետեւյալն են. արտահանումըՙ 717 մլն դոլար, ներմուծումըՙ 2 մլրդ 73 մլն դոլար:

Միջին ամսական աշխատավարձը 2007-ի առաջին կիսամյակում գերազանցել է 74 հազար դրամը, բյուջետային ոլորտում կազմել է մոտ 53 հազար դրամ, մասնավոր հատվածումՙ մոտ 92 հազար դրամ: Միջին ամսական աշխատավարձի աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 20,5 տոկոս:

Գնաճը այս տարվա առաջին 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 3,8 տոկոս, իսկ դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 0,2 տոկոս գնանկում: Օգոստոսին սեպտեմբերի նկատմամբ գրանցվել է 0,7 տոկոս գնաճ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4