«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2007-10-18 | #191, 2007-10-19 | #192, 2007-10-20


ՀԱՅՐԵՆԻ ԲՆԱՇԽԱՐՀԻ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐ

Զարեհ Մութաֆյանի «ծովի բանաստեղծությունն» ու հայրենի լեռնաշխարհը

«Մութաֆյանը ծովի ուրույն պոետ է: Նրա բոցավառ տեսիլքը մեզ է հրամցնում հեղուկ տարածքի գեղեցկությունը, երբեմն միապաղաղ, ամայի ու խոր տպավորվող: Նկարչի երեւակայության շնորհիվ այդ ծովապատկերները դառնում են քնարական ոճով ու նրբին զգացողությամբ...», ֆրանսիական «Les Nouvells des Arts»-ում Զարեհ Մութաֆյանի արվեստի մասին գրել է Պիեռ Բերթեն:

Մութաֆյանի ծովի աշխարհին ծանոթացանք երեկ, ազգային պատկերասրահում իր ծննդյան 100-ամյակի առիթով կազմակերպված ցուցահանդեսում: Սրահներից մեկում բնանկարներն էինՙ ձմեռային էտյուդների, ծառերի, աշնանային ստվերների ու թախծի արտահայտություններով: Մութաֆյանի ծովը հանդարտ է, այդ հանդարտության մեջ նավերին իջնող դեղնակապտավուն լույսի մեղմ տրամադրություններ կան: Փոխվում են այդ տրամադրությունները, երբ նրա վրձինը խոսեցնում է հայրենի բնաշխարհն ու նրա հոգեւոր ճարտարապետությունը: Գույնի թանձրաշերտերը մատնում են հոգու խռովք, ներքին տաք շնչառություն, ճիշտ այնպես, ինչպես հանկարծ, շատ անակնկալ գտնում ես սպասված հարազատիդ ու մեջիցդ օտարությունն աստիճանաբար սկսում է հալչելՙ մոտեցող հույսի ակնկալիքով («Տաթեւ», «Սբ. Խաչ եկեղեցի» եւ այլն):

Նրա նկարչության մյուս շերտը կրում է 1915-ը վերապրող հայի հոգու մեծ վերքի, տառապանքի արտահայտությունները («Վերապրող զույգ», «Վերապրող հայուհի): Թերեւս սակավ, բայց նկարիչների մեջ տարածված է ինքնարտահայտման գրավոր խոսքի տարբերակը: Զարեհ Մութաֆյանը նկարչությանը զուգահեռ զբաղվել է արվեստաբանությամբ, գրել է մի շարք հոդվածներ, ուսումնասիրություններՙ կերպարվեստի եւ տարբեր շարժումների, դրանց բերած նորությունների ու ներկայացուցիչների մասին («Նկարչության դասական դպրոցները եւ արդի ձգտումները», «Հայաստանի մեջ վրձնով եւ գրչով», «Արվեստի տեսարանները 18-19-րդ դարերում»): Մի օրինակ արդի արվեստի մասին նրա մտորումներից. «Արդի նկարիչները, ապաւինած իրենց գերիշխան Ես-ին, կը մերժեն ինչ-որ կուգայ դուրսէն, ձեւակերպ տալու համար իրենց մէջ ծնած մտածումին, հոգ չէ, որ արտառոց ըլլայ ան, կը բաւէ, որ տուրք չտայ ուրիշի մը յղացումի հաճոյքին:

... Արուեստը, հին թէ նոր, կը նմանի աղօթքին, որ կը կրկնուի դարերէ ի վեր միլիոնաւոր բերաններէ ու չի հիննար, վասնզի աղերսն է սրտին, հայցն է գութին, յոյսը սպասումին: Արուեստը աղօթքին պէս կը քալէ ժամանակի հետ ու ժամանակի պէս վախճան չունի»:

Զարեհ Մութաֆյանը սփյուռքի այն արվեստագետներից է, որի ստեղծագործությունը մեծապես փոփոխություն կրեց հայաստանյան ներշնչանքներից: 1967-ին Հայաստան իր առաջին այցից հետո նա բազմաթիվ ցուցադրություններ ունեցավ այստեղ եւ բազմաթիվ կտավներ էլ նվիրել է մեր երկրին:

Փարավոն Միրզոյանի բացման խոսքից հետո Զարեհ Մութաֆյանին ներկայացրեց Շահեն Խաչատրյանը. «Նա մեր պատմության մեջ մեծ գործ է արել ու այդ գործը ես հերոսական եմ համարում: 1915-ի աքսորի ճանապարհին 12 հոգանոց ընտանիքից միակ ողջ մնացածը ինքն էր: 8 տարեկան երեխան ընկավ Սամսունի, ապա Կորֆուի որբանոց, այնտեղիցՙ գնաց Իտալիա, սովորեց գեղարվեստի ակադեմիայում, ապա իր արվեստը Փարիզում ձեւավորեց, որով ապացուցեց, որ միայն հոգեւոր կյանքով կարելի է պահպանել հայկականությունը»: Շահեն Խաչատրյանը հիշեց նրան երկրաշարժի օրերին. «Մի շիշ օղի էր դնում միայն գրպանը, մեկնումՙ աղետյալներին օգնություն հասցնելու: Ուր էլ լինեմ, պիտի հայ ապրեմ, ինչ էլ թողնեմ, պիտի հայկական լինի». այսպես է ապրել Զարեհ Մութաֆյանը:

... Առհասարակ երեւանյան նկարչական որակյալ ցուցահանդեսներին մեր մտավորականության ներկայությունը միշտ էլ ակտիվ է եղել: Զարեհ Մութաֆյանի առիթով նույնպես շատ հարգելի մտավորական մարդիկ կային: Մթնոլորտի մեջ սակայն մինչ այդ չեղած, «անծանոթ», նոր մի երանգ կար: Այս զգացողությունը, վստահաբար, Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայությունից էր:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4