Հոկտեմբերի 17-ին Նյու Յորքումՙ Միավորված ազգերի կենտրոնակայանում տեղի ունեցավ պատանի նկարիչների միջազգային մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտգործնախարարության հաղորդագրությունից: Մրցույթի 6 հաղթողներից առաջինը հայաստանցի տասներեքամյա Մարիամ Մարուքյանն է (դասատու` Ռուզաննա Հակոբյան): Երկրորդ պատվավոր տեղերն են զբաղեցրել նույն ուսուցչուհու շնորհալի աշակերտուհիները` Անահիտ Մարտիրոսյանը եւ Լուսինե Ներսիսյանը` բոլորն էլ Նորքի Հայորդաց տան սաներ են:
Աշխարհի գրեթե բոլոր երկրներից 12 000 աշխատանքներ էին ներկայացվել, այդ թվում 471-ըՙ Հայաստանից: 6 հաղթողների ստեղծագործությունները կպատկերվեն 2008-ին ՄԱԿ-ի թողարկած դրոշմանիշների վրա:
Մարիամը ծնողազուրկ է, ապրում է Երեւանում տատիկի հետ: Նրա մասնակցությունը մրցույթին իրականացել է Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի, ՀՀ առաջին տիկին Բելա Քոչարյանի եւ ՀԲԸՄ-ի հոգածությամբ:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ