Գուգարաց թեմի մամլո դիվանից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 14-ը` Թարգմանիչ վարդապետների տոնի օրը, Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու համար նշանավորվել է պատմական մի կարեւոր իրադարձությամբ. թեմի առաջնորդ տեր Սեպուհ եպս. Չուլջյանի ձեռամբ օծվել է Սբ. Գրիգոր Նարեկացու ճգնարանից բերված քարի մասունքը եւ օրհնվել է նույն ճգնարանի ժայռափոր եկեղեցու պատից քերված հողը:
Նվիրական սրբություններն, ըստ տեղեկատվության, ձեռք է բերել թեմի առաջնորդը օգոստոսի 15-25-ը Արեւմտյան Հայաստան կատարած ուխտագնացության ժամանակ: «Այս ժայռաբեկորի մեջ Նարեկացու աղոթքներն ու մրմունջներն եմ լսում, նրանց լացով ու ողբով է լցվել այս քարը: Հետագայում եկեղեցու մի անկյունում կկառուցվի փոքրիկ մատուռ` սուրբ սեղանով, որի վրա կդրվի մասունքը», արարողության ժամանակ ասել է թեմի առաջնորդը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ