«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2007-10-18 | #191, 2007-10-19 | #192, 2007-10-20


ՍԲ. ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՎԻՐԱՀԱՅ ՏԱՃԱՐՈՒՄ

Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը, Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանն ու նույն եկեղեցու հոգեւոր երգչախումբը հոկտեմբերի 12-13-ը հյուրընկալվել են վիրահայոց թեմում: Այս մասին հաղորդում են Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմից:

Վանաձորցի բարերար Արմեն Մխոյանի եւ վիրահայ Սամվել Աղեկյանի աջակցությամբ իրականացված այցի ընթացքում վիրահայ հնամենի տաճարում ելույթ է ունեցել Վանաձորի Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու հեղինակավոր երգչախումբը: Սեպուհ սրբազանը, երգչախմբի գործունեության մասին խոսելիս նշել է, որ այն լինելով նորանկախ Հայաստանի առաջին ծիծեռնակը եւ իր կազմում ընդգրկելով հիմնականում մանկավարժների` իր 16-ամյա գործունեության ընթացքում ծառայել եւ ծառայում է ստանձնած պատասխանատու եւ աստվածահաճո առաքելությանը:

Վիրահայոց թեմում երգչախմբի անդրանիկ ելույթը բավական լավ է ընդունվել` արժանանալով մեծ արձագանքի եւ թեմերի միջեւ առաջ բերելով հոգեւոր, մշակութային կապն առավել աշխուժացնելու ծաղկուն գաղափարներ: Եկեղեցում համերգի օրը ներկա են եղել Վրաստանում ՀՀ դեսպանատան մշակույթի գծով խորհրդական Եղիա Մանսուրյանն ու Վրաստանի խորհրդարանի անդամ Վան Բայբուրթյանը:

Գուգարաց թեմի եւ երգչախմբի հյուրընկալության օրերին պատարագ է մատուցվել Թբիլիսիի Սբ. Գեւորգ եկեղեցում: Հյուրերը նաեւ այցելել են հայ գրողների պանթեոն, եղել Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական թատրոնում, իսկ հետդարձի ճանապարհին այցելել պատմական Մցխեթա:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4