Հավաստիացնում է փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը
Հյուսիսային պողոտայի բացումը տեղի կունենա մինչեւ նոյեմբերի 15-ը եւ դարձյալ մինչեւ նոյեմբերի կեսերը վերակառուցվող ու նոր կառուցվող անցուղիների, անցումների եւ ճանապարհային հանգույցների տրանսպորտի համար երթեւեկելի հատվածները կհանձնվեն շահագործման: Այս մասին երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հավաստիացրեց Երեւանի փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը, միաժամանակ ընդունելով, որ եղել են ժամկետներից շեղումներ: Մասնավորապես, մի շարք անցումների եւ անցուղիների շինարարությունը պետք է ավարտված լիներ սեպտեմբերի կեսերին: Փոխքաղաքապետը դա բացատրեց չնախատեսված դժվարություններով, որոնք նոր բարդություններ էին ստեղծում շինարարների համար: Խոսքը, ինչպես բազմիցս նշվել է, չնախատեսված կոմունիկացիաների մասին է: Հեռախոսագծեր, էլեկտրագծեր, ջրի եւ կոյուղու խողովակներ, որոնք նշված չեն եղել նախագծերում: Իսկ մեկ հատվածումՙ Տիգրան Մեծ-Խանջյան խաչմերուկում, նաեւ շինարարական կազմակերպությունն էր թերացել, ինչի պատճառով պայմանագիրը նրա հետ խզվել էր:
Այդուհանդերձ, Կարեն Դավթյանը մատնանշեց, որ շինարարական աշխատանքներն այժմ հաջող են ընթանում եւ հույս հայտնեց, որ նախատեսված ժամկետներից մեծ շեղումներ չեն լինի: Որպես օրինակ նա հիշատակեց Վարդանանց-Խանջյան խաչմերուկը, որի տրանսպորտի համար երթեւեկելի մասի շինարարությունն առաջիկա մեկ-երկու օրերին կավարտվի: Ինչ մնում է ստորգետնյա աշխատանքներին, ապա դրանք դեռ կշարունակվեն եւ հիմնականում կավարտվեն մինչեւ տարեվերջ:
Սարալանջի փողոցի շինարարության առնչությամբ տրված հարցին փոխքաղաքապետը պատասխանեց, որ դարձյալ նախատեսված է ավարտել այս տարի: Սակայն ծրագիրն ունենալու է երկրորդ փուլՙ Ավետիսյան փողոցի լայնացումը, քանի որ հնարավոր չէ լայն փողոցը միացնել նեղ փողոցին: Ուստի, վերջինս նույնպես պետք է լայնացնել:
«Ազգի» հարցը Կարեն Դավթյանին հետեւյալն էր. «Նորակառույց թաղամասերի կամ շենքերի շինարարության ժամանակ արդյոք համարժեք ձեւով ընդլայնվո՞ւմ են նաեւ ենթակառուցվածքներըՙ էլեկտրահաղորդման գծերն ու նոր ենթակայանները, ջրագծերն ու կոյուղատարները, թե՞ նոր խողովակներն ու կաբելները մեխանիկորեն ամրացվում են արդեն գործողներին, ստեղծելով խցանումների ու խափանումների լուրջ հնարավորություններ»: Ըստ փոխքաղաքապետի, բոլոր կոմունիկացիաները նոր կառուցվող թաղամասերում եւ շենքերում ընդլայնվում են եւ բոլոր ծրագրերում նոր կոմունիկացիաների ընդլայնման կամ նորերի կառուցման հարցը ներառված է: Մասնավորապես, Հյուսիսային պողոտայի շենքերի խողովակներն անմիջականորեն միացել են մայրուղային խողովակներին, որոնք բավարարում են նոր պահանջներին: Այսինքն, ջրային ու մյուս կոմունիկացիաները, նրա հավաստմամբ, չեն միացվում գոյություն ունեցողներին: Կարեն Դավթյանը հայտնեց, որ ներկայումս նման խնդիր է քննարկվում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Կենտրոնը սպասարկող մասնաճյուղի հետ, քանի որ էլեկտրասնուցման ներկա հնարավորությունները չեն բավարարում պահանջներին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ