Արծրուն Պեպանյանը իր «Մեգիրա» ստեղծագործությունը ներկայացնում է քաղաքական-էզոթերիկ վիպակի ժանրում: Սրանից առաջ նա հեղինակել է «Կալիգուլա», «Հուլիոս Կեսար», «Ալեքսանդր որդիՙ Ամոնի» վեպերը եւ «Այրվելու գնացողը» վիպակը: Նախորդ գեղարվեստական հորինվածքներում ժամանակի պայմանականությունը ստեղծագործությունների գլխավոր մեկնակետն է: Դրանց առանձնահատկությունը բացատրվում է իր անհատական որոշակի ունակություններովՙ առնչվող էզոթերիկ աշխարհին: (Այս մասին ինքը ե՛ւ գրում է, ե՛ւ բանավոր արտահայտվում): Ժամանակի եւ եռաչափ տարածության ստանդարտի «խախտումները» հիմք են տվել իր գրքերի մասին հետեւյալը գրելու. «Ամենաուշագրավը պատմության ժամանակի փիլիսոփայական բանաձեւումն է, որ պատմավեպից օտարում է տարածության ու գործողության ժամանակագրությունը: Ժամանակ կատեգորիան Պեպանյանի մեկնաբանությամբ դիտված է փիլիսոփայական ռեզոնանսի վրա, ... եւ թվում էՙ պատմությունը գործում է մեր կողքին եւ մեզ զուգահեռ»:
Կամՙ «Հեղինակը երեւակայական յուրահատուկ որակ կազմող միստիկական մտահայեցողությամբ նվաճել է հազարամյակների հեռավորություն ունեցող, չափազանց առարկայական, տեսանելի իրականությունը, որ հեշտ ասված բան չէ»:
«Մեգիրային» նախորդած «Այրվելու գնացողը» գրքում հեղինակը գրում է, որ իրեն օգնել են Տիեզերքը կառավարող անտեսանելի ուժերը: Իսկ ահա «Մեգիրան» արդեն իր երազի ոչ թե մեկնաբանությունը, այլ ուղղակի վերարտադրությունն է: Եվ կանխելով վերահաս կասկածամտություն-մերժումըՙ իր վիպակը հասցեագրում է նրանց, ովքեր պատկերացում ունեն էզոթերիկ եւ Այլ առնչությունների մասին: Չնայած, որ Արծրուն Պեպանյանն իր այս գիրքը համարում է երազի «արձանագրում», բայց ուշադիր ընթերցելիս դժվար չէ տեսնել հեղինակի ներքին ակտիվ կյանքի, հոգեւոր որոնումների հետագիծը: Իսկ սյուժեն կամ մտաձեւերը, որոնց մասին ակնարկում է նա, ածանցվում են վերոնշյալից, դրանք երազի մեջ կամ ենթագիտակցական շերտերում ձեւավորվող պատկերներ են, որոնք տրվում են որոշակի պահերի, հաղորդակցումների արդյունքում: Երազՙ երազի մեջ: (Մի պահ ընդունենք աշխարհն իբրեւ պատրանք-մայա, ինչպես մի շարք կրոնական ուսմունքներ եւ մտածողներ են համարում, որի դրսեւորումները հատկապես արդի կինեմատոգրաֆիայում հաճախ են նկատվում, օրինակՙ «The Matrix»):
Մարդը հոգեւոր որոնումների առաջին հարցադրում-բանաձեւումից («Ճանաչիր ինքդ քեզ») սկսում է ճշմարտության այն ճանապարհը, որտեղ հանգրվանային փուլերով (նշաններով) եւ ներքին աստիճանական հասունությամբ անձը ներթափանցում է վերանցական բարդ համակարգ եւ սկսվում է նոր կյանք, որտեղից էլ կարող է ստանալ սկզբում թերեւս ինտուիտիվ, հետագայում ավելի գիտակցված զգայություն-տեղեկություններ, որոնք, ինչպես հեղինակն է ասում (իր պարագայում), ուղղակիորեն սղագրվում են, այսինքնՙ գեղարվեստական տրանսֆորմացիայի չեն ենթարկվում: Հոգեւոր այս փորձն ունեցողը, անգամ սկսնակը գիտի այս ճանապարհի բարդությունները եւ այն ծայրահեղ զգուշություն-ուշադրությունը, որ խորհուրդ է տրվում «անցորդին». երբեմն էլ համարվում է սիզիփյան աշխատանք, որովհետեւ աշխարհի գայթակղությունները վտանգավոր-անվերջանալի են:
Ինչեւէ: Արծրուն Պեպանյանի վիպակի հերոսուհինՙ 18-ամյա գեղեցկուհին իր մեջ կրում է կյանքի վերափոխման գաղափարի սաղմը, որին սակայն Մեգիրան անիրազեկ է: Գեղարվեստական պատումը, սյուժետային գիծը շատ պարզ է: Ժամանակի «Քուրմը»ՙ հիսունին մոտ տղամարդու խորհրդանշական կերպարով, որոնում է հոգեւոր այն էակին, որն անցնելով տարածության եւ ժամանակի փորձությունների միջով (ճանաչողության ոլորտ) աշխարհ կբերի Փրկչին: Սա այն հնարքն է, որն առիթ է տալիս խորհրդածությունների, եւ որի շուրջը հեղինակը կառուցում է վիպակի գաղափարական վերնաշենքը: Ստեղծագործության լեզվական միջավայրը գտնված է, որն ապահովում է երազի վերարտադրությանն ու երեւակայական հորինվածքին բնորոշ ոճական համոզչականությունՙ թափանցիկ, մի տեսակ թեթեւ, միրաժային: Այստեղ բացակայում են մտացածին, ինքնահնար վիճակները, ակնհայտ է ստեղծագործության վերապրումի ոգին, եւ որն ապահովում է սյուժետային ներդաշնակությունը հիմնական նյութինՙ ներքին փիլիսոփայությանը: Արծրուն Պեպանյանն առաջարկում է մարդու, նրա ճակատագրի, աշխարհի փրկության իր կոնցեպցիան: Համամարդկային ընդգրկումների մեջ, սակայն, ընդգծված է հայ մարդու տագնապը սեփական ժողովրդի ապագայի հանդեպ. այս ամենը, սակայն անցնում է միստիկ զգացողությունների եւ էզոթերիկ առնչությունների բարդ համակարգով:
Այստեղ կարեւոր է առանձնացնել, որ Արծրուն Պեպենյանը, ի տարբերություն մեր շատ մտավորական-արվեստագետների, ոչ միայն արձանագրում է մեր կյանքի այսօրվա իրողությունը, իմաՙ քաոսն ու անհուսությունը (անօրինականությունից ծնվող) ու մտահոգվում դրա համար, այլեւ առաջարկում է բանաձեւ, որը արմատական բնույթ ունի եւ ոչ ստանդարտային ձեւեր:
Միջանկյալ կարելի է անդրադառնալ «Գրական թերթի» օգոստոսյան համարներից մեկում վիպակիՙ Ս. Աբրահամյանի գրականագիտական ստանդարտ մոտեցմանը: Գրախոսության հեղինակը, որի հիմնական սլաքը Ա. Պեպանյանին ուղղված մեղադրանքն է գրագողության մեջ (նիցշեականություն) չթափանցելով բառի (խոսքի) էության մեջ, համահարթեցնում է գրողական երեւակայությունը եւ ներհայեցողական երեւույթները (որոնց ընթացքում ծնված զգացողությունները սովորաբար միստիկ բնույթի են): Արծրուն Պեպանյանն իր պատասխան-հոդվածում հիմնավորապես հերքում է գրագողության մեղադրանքը, «ինչպե՞ս պլագիատ անել չկարդացած գիրքը» առաջին իսկ հարցադրմամբ: Որքան էլ գեղարվեստորեն արտահայտված (լեզու, կերպարներ, ոճավորում, կառույց)ՙ «Մեգիրան» պահանջում է մոտեցում ոչ այնքան գրականագիտության, որքան գաղտնագիտության տեսանկյունից: Հեղինակը, որ գիրքը հասցեագրել է Այլ առնչություններից տեղյակ ընթերցողին, գրում է. «Նման մարդիկ գիտեն, որ անձը իմացության զարգացման աստիճաններով վեր բարձրանալով (եթե դա է կյանքի նպատակը) եւ հետզհետե ընդլայնելով Տիեզերքի հետ առնչվելու սպեկտրը, տիեզերական ինֆորմացիոն դաշտից կարող է ստանալ իր որոնած տեղեկությունները: Այդ ինֆորմացիաները կամ դրանց մի խումբը հնարավոր է քեզանից առաջ որեւէ մեկը ստացել է եւ շարադրել գրքի կամ ուսմունքի տեսքով: Դու ինքդ, եթե ստանում ես այդ նույն շերտ մտնելու թույլտվություն, ապա կարող ես առանց գրքեր եւ ուսմունքներ ուսումնասիրած լինելու ստանալ քեզ անհրաժեշտ ինֆորմացիան:
Նշածս մարդիկ նման դեպքերում ոչ թե միմյանց մեղադրում են պլագիատի մեջ, այլ ընդամենը փաստում, որ տվյալ անձի առջեւ եւս բացվել է այս կամ այն շերտը: Այդ մարդիկ տեղյակ են, որ բոլոր տեսակ ինֆորմացիաները, գյուտերը, ուսմունքներն ունեն մեկ Տեր, դա Տիեզերքը կառավարող ուժերն են, եւ այդ մարդիկ երբեւէ չեն պնդում, թե իրենց գրածը կամ ստեղծածը իրենց սեփական ուղեղի արգասիքն է: Նման մարդիկ գիտակցում են, որ իրենց սոսկ փշրանքներ են տրվել բարձրյալի ինֆորմացիոն դաշտից, եւ փառքի հետեւից վազելու փոխարեն հայտարարում ենՙ եթե իմ գործը փառաբանելու արժանի է, ապա փառքը Աստծունն է»:
Գիրքը եւ մասնավորապես այս երեւույթը (պլագիատություն) լուրջ քննարկման նյութ դարձավ «Նարեկացի» արվեստի կենտրոնում, այս խնդիրներին բավարար տեղեկացված մտավորական միջավայրում, ուր բարեբախտորեն հետաքրքրությունների եւ նախասիրությունների ընդհանուր մթնոլորտ էր ձեւավորված:
«Մեգիրան» հեղինակ-միջնորդին տրված է իբրեւ նախածրագրային հղացք, որպես իր գաղափարական հիմնածրագրի հոգեւոր անհրաժեշտ միջավայր: «Եթե նրանք կարողանան համակարգել Տիեզերքից իրենց երկրի վրա իջնող էներգիան, ապա կտիրե՛ն աշխարհին: Ինչպես եղել է հնում: Դրա համար էլ հակառակորդները միշտ ձգտել են ոչնչացնել նրանց ու խլել նրանցից իրենց հայրենիքը, եւ հազար տարի նպատակային աղավաղել են նրանց էությունը»: Սա ասում է «Ժամանակը»: «Դու կարծում ես, որ կա՞ գաղափար, որը կարթնացնի յահերին (հայեր), հարցրեց Մեգիրան: «Քաղաքականությունն ու քաղաքագիտությունն այլեւս անզոր են: Հարկավոր է գտնել դեպի սիրտ տանող ճանապարհը, որ անցնում է ենթագիտակցության միջով»: Առաջադրված է հանրային գիտակցությունը վերափոխելու բանաձեւ, որի առաջին բանալիները չորսն են. Հայտնություն (Գիրք), Առաջնորդ, Երաժշտություն, Կրոնական բարեփոխում:
«Մեգիրայի» մտասեւեռումները լավատեսական վերջաբանի են հանգեցնում: «Մտքերի հովտից» մինչեւ «Հենման կետ» «ձգվող» այլաբանական, խորհրդաբանական միստիկ զգացողությունները ուրվագծում են հայերի հնագույն երկրի իդեալ-պատկերը ու այդ ժողովրդի ոգու արիական ծագումը: «Օտարները նրանց երկիրը կոչում էին աստվածային օրենքների երկիր»: Ահա եւ ծնվող գաղափարըՙ Վերադարձ արմատներին, եւ նոր գիրքըՙ «Կոնսերվատիվ հեղափոխություն», որում ընդունված ստերեոտիպերից դուրս ծրագրային փաստաթուղթ է ներկայացվում: Բնութագրվում է ներկա Հայաստանի իրավիճակը եւ տրվում են այդ իրադրության օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները: Ոչ ստանդարտ իրողությունը պահանջում է լուծման համարժեք բանաձեւ: XX դարասկզբի եվրոպական մի շարք երկրների, մասնավորապես գերմանական նացիոնալ-սոցիալիստների ազգայնական շարժումների փորձը նկատի ունենալով, տեղայնացնելու միտումից զերծ (միաժամանակ մեր ուշադրությունն ուղղելով դրական, մեզ շահեկան երեւույթների վրա) հեղինակն առաջարկում է «հանրային գիտակցության արմատական փոփոխման ոչ ստանդարտ, դասական քաղաքագիտությունը շրջանցող մի համակարգ»:
Արծրուն Պեպանյանի «Կոնսերվատիվ հեղափոխություն» գիրքը օրգանական շարունակությունն է նախորդի, եւ կարծում ենք մտքերի ակտիվ փոխանակումների, թերեւս նաեւ բախումների (արյան թարմ շրջանառություն) առիթ է տալու: Այլապեսՙ խորը անհուսություն է:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ