Շաբաթ օրը Երեւանում` կառավարության նիստերի դահլիճում բացվել է իրանական գորգերի եւ ձեռագործ աշխատանքների ցուցահանդես: Հնգօրյա ցուցահանդեսին մասնակցում են 12 ընկերություններ, որոնցից 10-ըՙ գորգեր, 2-ը ձեռագործ աշխատանքներ են ներկայացնում: Ցուցահանդեսի կազմակերպիչ` Թեհրանի գորգերի միության ներկայացուցիչ Ռեզա Վուսողին «Ազգի» հետ զրույցում հույս հայտնեց, որ ցուցահանդեսը կնպաստի հայ-իրանական գորգագործ շրջանակների համագործակցությանը:
Ցուցահանդեսին իրանական գորգերը ներկայացնում էին Իրանի Թավրիզ, Շիրազ, Նեշաբուր նահանգների եւ Ղոմ քաղաքի ընկերությունները, որոնց գորգերն առավել հեղինակավոր են համարվում: Ցուցահանդեսի մասնակիցները մի տեսակ անտրամադիր էին, որ այցելուները քիչ են եղել եւ կարծում են, որ պատճառը ցուցահանդեսի մասին տեղեկատվության պակասն է:
«Ընկերոջ գորգ» ընկերությունը գորգեր եւ փայտի աշխատանքներ է ներկայացնում: Ընկերության ներկայացուցչի խոսքով, ցուցահանդեսի ընթացքում մասնավոր հանդիպումներ եղել են, բայց մեծ մասշտաբային ընկերությունների հետ համագործակցության վերաբերյալ որեւէ պայմանավորվածություն չի եղել: Ցուցահանդեսի մասնակիցները հույս ունեն, որ ավարտին կկարողանան որոշակի պայմանագրեր կնքել հայ գորգագործների հետ: Հայկական գորգերի մասին ընկերության ներկայացուցիչը նշեց. «Տեսականին մեծ չէ, թեեւ քանակը շատ է: Դաջվածքներն ավելի ավանդական են, նոր, մոդեռնացված գորգեր, մանր գործվածքներով գորգեր եւս չենք տեսել: Հայկական ամենալավ որակի գորգը 30 հանգուցավոր գործերն են եղել, որոնցում օգտագործվել է 15-20 գույն, իսկ Թավրիզում գորգերում 800-ից ավելի գույներ են օգտագործում»:
Ալիե Էդալան ցուցահանդես էր բերել իր ձեռքի փայտյա աշխատանքները: Մանր փայտերից պատրաստված աշխատանքներով հետաքրքրվողներ եղել են, բայց Էդալայի կարծիքով գինն անմատչելի է եղել եւ գնորդներ դեռ չեն հայտնվել:
«Էրամի» ընկերության վաճառքի մենեջեր Մուհամեդ Էրամիի խոսքով, Ղոմի գորգերը ավելի նուրբ են, գործվածքն ավելի մանր է: Ղոմի գորգագործներն օգտագործում են ե՛ւ բնական, ե՛ւ արհեստական գույներ:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ