Չեխիայի փոխարտգործնախարարը հանգստացնում է եւ ամսվա վերջին պատրաստվում այցելել Հայաստան
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի Պրահա ժամանելու նախօրեին ` շաբաթ օրը, չեխական Բրժենիցե գյուղում տեղի ունեցավ միջազգային կոնֆերանս, որին մասնակցեցին 16 երկրներից ժամանած 100-ից ավելի պատվիրակներ, այդ թվումՙ խաղաղության պաշտպանության միջազգային կազմակերպությունների անդամներ, չեխական 36 տեղական վարչակազմերի ղեկավարներ, որոնք եկել էին իրենց բողոքի ձայնը հայտնելու երկրի տարածքում հակահրթիռային կայանի` ռադարի տեղակայման դեմ: Տեսաձայնագրության միջոցով մասնակիցներին աջակցություն էին հայտնել նաեւ ճապոնական Հիրոսիմա քաղաքի քաղաքագլուխ Տադատոշի Ակիբան, Լոնդոնի քաղաքագլուխ Քեն Լիվինգստոնը: Վերջինս նշել է, որ Չեխիան ինքնիշխան պետություն է եւ իրավունք ունի ինքնուրույն որոշելու, թե ինչ տեղակայի իր տարածքում: Իսկ «Ոչ հենակայաններին» նախաձեռնության մամուլի խոսնակ Յան Տամաշն էլ, նշելով եվրոպական երկրներից նման ակտիվ մասնակցությունը, ընդգծել է, որ դա մի անգամ եւս ցույց է տալիս, որ այդ խնդիրը անհանգստացնում է ոչ միայն Չեխիային:
Ավելին, հակահրթիռային ռադարի դեմ քարոզարշավ սկսելու նպատակով մի ավտոբուս դուրս կգա Պրահայից եւ կշրջի տասնյակ չեխական քաղաքներում:
Մինչդեռ մեզ հետ ունեցած բացառիկ հարցազրույցում Չեխիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Տոմաշ Պոյարը նշեց. «Մեր անվտանգությունը պետք է ամրապնդենք ոչ միայն չեխ-ամերիկյան, այլեւ եվրատլանտյան համագործակցության շրջանակներում: Կայանի խնդրում հանրաքվե չի լինի: Երբ մենք պայմանավորվենք ամերիկացիների հետ, պայմանագրի վերջնական ձեւը հստակեցնենք, դրանից հետո այդ փաստաթուղթը քվեարկության կդրվի միայն չեխական խորհրդարանում: Դա կախված է պատգամավորների քվեարկությունից եւ նախագահի ստորագրությամբ վավերացումից: Մենք կարծում ենք, դա կամրապնդի ոչ միայն մեր, այլեւ Եվրոպայի անվտանգությունը: Դա պետք է ողջ ՆԱՏՕ-ին` մտածելու այնպիսի համակարգի մասին, որը մեզ կպաշտպանի տարբեր երկրներից մեզ վրա ուղղված հրթիռներից, հատկապես Միջին Արեւելքից: Տեսնենք, թե 1-2 տարի հետո ինչ կլինի»:
Ըստ արտգործնախարարի առաջին տեղակալի, առնվազն մի քանի ամիս դեռ քննարկումներ կգնան պայմանագրի տեքստերի շուրջը, հետո կսկսվի վավերացման գործընթացը, որից հետո միայն կտեղակայվի:
Նկատի ունենալով, որ Ռուսաստանը դեմ է ռադարի տեղակայմանը, չե՞ն տուժի արդյոք չեխ-ռուսական հարաբերությունները հարցին Տոմաշ Պոյարը պատասխանեց. «Ռուսական պատվիրակությունը եղավ Պրահայում, մեր նախագահը եղավ Մոսկվայում, ինչպես նաեւ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները եղան Մոսկվայում: Իհարկե, մոտեցումներում տարբերություններ կան, բայց մենք հակված ենք շարունակելու երկխոսությունը: Բացի այդ, Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ է շարունակվում երկխոսությունը, մենք ասել ենք, որ դա Ռուսաստանի անվտանգությանը երբեք չի վնասի: Մենք դեմ չենք, որ հակահրթիռային պաշտպանության ոլորտում Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցություն լինի: Իհարկե, եթե դա ավելի կնպաստի Չեխիայի, Եվրոպայի եւ Ռուսաստանի անվտանգությանը, անշուշտ, աջակցում ենք: Մեր կարծիքով, այստեղ երբեք Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կամ Ռուսաստան-ՆԱՏՕ պատերազմ չի լինի, որպեսզի այն վնասի Ռուսաստանի շահերին»:
Փոխնախարարը հերքեց չեխական մամուլում տարածված այն կարծիքը, թե ռադարը նաեւ բնապահպանական խնդիրներ կստեղծի շրջակա միջավայրի համար, նշելով, որ նախկին սովետական ռադարներից ավելի մեծ բացասական ազդեցություն է եղել մարդկանց վրա, քան կլինի ամերիկյանից: Բացի այդ, չեխական առողջապահության նախարարության մասնագետները փորձաքննություն են անցկացրել Մարշալյան կղզիներում տեղակայված ամերիկյան ռադարների շրջակայքում եւ հերքել են մամուլի անհանգստությունները:
Օգտվելով առիթից, փոխնախարարից հետաքրքրվեցինք, թե ինչ ակնկալիքներ ունի հոկտեմբերի վերջին Հայաստան կատարելիք այցից, հատկապես եթե նկատի ունենանք, որ հայ-չեխական երկկողմ հարաբերությունները դեռեւս սաղմնային վիճակում են: «Կարծում եմ, որ նոր փուլ կսկսվի մեր հարաբերություններում, նաեւ ԵՄ-Հայաստան հարաբերություններում, որը կախված է նաեւ այլ պետություններից եւ մեր աշխատանքից», ասաց նա:
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ սեպտեմբերին Բրյուսելում Եվրոմիության շրջանակներում տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ մասնավոր զրույցներ են ունեցել նաեւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը` պայմանավորվելով խորացնել հարաբերությունները:
Իսկ փոխնախարարի հետ մեր հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Օրեր» եվրոպական ամսագրի առաջիկա համարում:
ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա