Հավաստիացնում է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը
«Հանձնաժողովը հավաստի տեղեկություններ ունի, որ շաքարավազի շուկայում իրարանցումն արհեստական է ստեղծված: Հայաստանում ներկայումս շուրջ 6 ամսվա շաքարավազի պաշար կա եւ առաջիկա 1 տարվա ընթացքում գնային փոփոխություններ չեն սպասվում», երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: Իր ասածը նա հիմնավորեց այն հանգամանքով, որ այդ շուկան ունի բարձր կենտրոնացվածություն, գտնվում է հանձնաժողովի ուսումնասիրության կենտրոնում ու հանձնաժողովը պարտավոր է հետեւել այնտեղ տեղի ունեցող իրադարձություններին:
Աշոտ Շահնազարյանը հայտնեց, որ հանձնաժողովի աշխատակիցները հետեւում են զարգացումներին, երեկ արդեն գները կայունացել ենՙ 1 կգ-ն 230-240 դրամի սահմաններում ու հերթեր չկային: Ո՞ւմ էր ձեռնտու եւ ո՞վ էր հրահրել այս իրավիճակը: Բոլորին հետաքրքրող այս հարցի պատասխանը, ըստ էության, չտրվեց: Աշոտ Շահնազարյանն այս իրավիճակը համարեց խանութների սեփականատերերի ստեղծած, որոնց մի մասը կտրուկ բարձրացրեց շաքարավազի գինը, մյուսները պահեցին այդ ապրանքը հետագայում բարձրացնելու ակնկալիքով: Այդ մարդկանց հանձնաժողովի նախագահը զգուշացրեց, որ չշարունակեն գործել այս ձեւով, այլապես նրանց նկատմամբ ֆինանսական լուրջ պատժամիջոցներ կկիրառվեն: Այդ նպատակով ստուգումներ են անցկացվելու եւ ոչ միայն հանձնաժողովի կողմից:
Ինչո՞ւ է հանձնաժողովի նախագահը վստահ, որ այս իրավիճակը ստեղծել է ոչ թե ներկրող ընկերությունըՙ «Սալեքս գրուպը», որը զբաղեցնում է շուկայի մոտ 90 տոկոսը, այլ խանութների սեփականատերերը: Այս հարցի առնչությամբ Աշոտ Շահնազարյանը հայտնեց, որ ներկրող կազմակերպությունը չի բարձրացրել շաքարավազի գները եւ մատակարարումները չի դադարեցրել: Ավելին, իրարանցումը կանխելու համար իրեն պատկանող խանութների ցանցում շաքարավազն այդ օրվա ընթացքում վաճառել է 10 դրամով պակասՙ 1 կգ-ն 220 դրամով: Այդ օրվա ընթացքում վաճառվել է շաքարավազի 10 օրվա ծավալը: «Արդյոք նրան ձեռնտու չէ՞ր վաճառքի ծավալների նման աճը» հարցի կապակցությամբ էլ հանձնաժողովի նախագահը նշեց, որ Հայաստանում գոյություն ունեն տարեկան սպառման որոշակի ծավալներ եւ այդ օրերի սպառումը որեւէ ազդեցություն չի ունենում սպառման ընդհանուր ցուցանիշների վրա:
«Ինչպե՞ս կարող է հանձնաժողովի նախագահը ասել, որ մեկ տարվա ընթացքում գնային փոփոխություններ չեն լինի» հարցի պատասխանն էլ այն էր, որ համաձայն ներկրողից ստացված տեղեկությունների, արդեն կան կնքված պայմանագրեր:
«Ազգի» հարցերից մեկն այն էր, թե ի վերջո «հնարավոր չէ՞ խանութներից պարզել, թե որտեղից են տարածվել լուրերը շաքարավազի առաջիկա թանկացումների մասինՙ ներկրո՞ղն է իրենց նման բան ասել, թե՞ միմյանցից են իմացել այդ տեղեկությունը»: Աշոտ Շահնազարյանը պատասխանեց, որ դա կարող են պարզել նաեւ լրատվամիջոցները, քանի որ խանութների տերերը իրենց այդ մասին չեն ասի, իսկ լրատվամիջոցներին գուցե հայտնեն:
Ամեն պարագայում փաստ է, որ մեր ներքին շուկան շարունակում է մնալ փխրուն եւ չկայացած: Անկախ այն բանից, թե ո՞վ եւ ինչպե՞ս էր ստեղծել շաքարավազային իրարանցումը, դա վկայում է նաեւ այն մասին, որ մեր տնտեսվարողներըՙ մասնավորապես առեւտրականները, դեռ շատ հեռու են քաղաքակիրթ բիզնեսի չգրված օրենքներից: Իսկ որպեսզի նրանք «մոտենան» այդ օրենքներին, պետք է զգան, որ շուկայական տնտեսության տրամաբանությանը հակասող քայլերի եւ մասնավորապես հակամրցակցային համաձայնությունների դեպքում խիստ ֆինանսական պատժամիջոցների կենթարկվեն: Այսինքն, նրանք դեռ չեն զգում, որ պետությունը եւ իշխանություններըՙ հանձին տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, կարող են հանդես գալ օրենքների եւ սպառողի պաշտպանության դիրքերից: Հուսանք, որ հանձնաժողովը հետեւողական կլինի, որպեսզի տնտեսվարողները զգան եւ գիտակցեն դա:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ