«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2007-10-23 | #194, 2007-10-24 | #195, 2007-10-25


ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ ԷԼԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է ՈՒ ԷԼԻ ԿԼԻՆԻ ԲԱՔՎՈՒՄ

Հաճախակի այցելությունները տարածաշրջան էլի մնում են անարդյունք

Դարձյալ տարածաշրջանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ): Բնականաբար, հիմնական մեկնաբանություն է մատուցվում, որ համանախագահները ինչպես Հայաստանում, այնպես էլ հոկտեմբերի 26-ին Բաքվում քննարկելու են այն հարցերը, որոնց առնչությամբ դեռեւս չկա համաձայնություն: Երեկ արդեն իսկ համանախագահների հետ հանդիպել են Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Դեռեւս հոկտեմբերի 17-ին Օսկանյանը Փարիզում հանդիպեց ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի եւ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովի հետ քննարկելու համանախագահների` հոկտեմբերի 24-27-ը տարածաշրջան կատարելիք այցին առնչվող հարցեր: ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, քննարկվել էին նաեւ որոշ բովանդակային խնդիրներ, որոնք հնարավոր է, որ առաջ քաշեն համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների ժամանակ:

Հիմնականում նախագահների մակարդակով հանդիպումների նախապատրաստական այցերի ընթացքում քննարկման թեմա են չհամաձայնեցված դրույթները, որոնց թիվն, ի դեպ, ինչպես եւ բանակցությունների սեղանին դրված փաստաթղթերի էջերի քանակը, մշտապես փոփոխական է:

Ամեն դեպքում, եթե մի որոշ ժամանակ խոսում էին չհամաձայնեցված մեկ կետի մասին` առանց մանրամասնելու այդ կետի բովանդակությունը, ապա Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը հոկտեմբերի 9-ին, ըստ «Ազատության» կայքէջի, Բրյուսելում Եվրոխորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նիստում ունեցած ելույթում ասել է, որ ԵԱՀԿ շրջանակներում բանակցությունները կարգավորման լուրջ հեռանկարներ են բացահայտել: Օսկանյանը նշել է նաեւ, թե հակամարտության կարգավորման «հիմնարար սկզբունքներին» վերաբերող երեք էջանոց փաստաթղթում ընդամենը չորս հարց է մնում չհամաձայնեցված: Ընդգծելով, որ երկու երկրների ղեկավարներն առայժմ չեն կարողացել փոխհամաձայնության գալ այդ չորս հարցերում, նախարարը հույս էր հայտնել, որ տարաձայնությունները կարող են հաղթահարվել մինչեւ 2008-ի փետրվարին Հայաստանում անցկացվելիք նախագահական ընտրությունները:

Հիշեցնենք, որ համանախագահները նախորդ անգամ Երեւանում էին սեպտեմբերի 17-ին եւ Ֆրանսիայի դեսպանատանըՙ ասուլիսի ընթացքում համանախագահ Մերզլյակովը նշեց. «Մենք դրական տպավորություն ունենք այդ հանդիպումներից եւ ամենաքիչը ենթադրում ենք, որ մեկնումը Բաքու այս հանդիպումներից հետո ստացավ լրացուցիչ խթան: Հույս ունենք, որ Բաքվում էլ հանդիպումները կանցնեն ոչ պակաս արդյունավետ»:

Այսօրինակ հայտարարությունները միայն փաստում են, որ ամեն ինչ հերթապահ որակումներով է սահմանափակվում, իսկ այս այցելություններից իսկապես լուրջ սպասումներ կարելի է ունենալ միայն ամենաճարահատյալ դրության դեպքում: Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպման հավանականությունը 2008-ի նախագահական ընտրություններից առաջ ավելի շուտ գործընթացի հանդեպ ուշադրությունը բեւեռած պահելու, քան իրականություն արտացոլելու դրսեւորում է:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4