«Այդ դեպքն իրոք տեղին չէ, եւ ընդհանրապես պետք չէ դա այսօրվա գործող իշխանություններին», ասաց տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով իր իսկ կուսակից Ալեքսան Պետրոսյանի` նախորդ օրը ընդդիմադիր թերթերի երկու խմբագիրների եւ ընդհանուր թվով տասնմեկ այլ անձանց մի քանի ժամով ոստիկանության Կենտրոնի բաժին բերման ենթարկելու, ապա առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջամտությունից հետո ազատ արձակելու, մինչ այդ ոստիկանների եւ «Այլընտրանք» նախաձեռնության` հանրահավաքի մասին տեղեկատվություն տարածողների միջեւ տեղի ունեցած քաշքշոցի վերաբերյալ պարզաբանում տալու հարցին:
Իսկապես, ո՞ւմ էր պետք տեղի ունեցածը: Հիշեցնենք, որ երեքշաբթի երեկոյան, երբ «Այլընտրանքի» անդամները բարձրախոսով կոչ են արել քաղաքացիներին մասնակցել ուրբաթ օրվա հանրահավաքին, մոտ ժամը 19-ին ոստիկանները կանգնեցրել են ընդդիմադիրներին, ոստիկանության քաղաքային վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը պահանջել է Նիկոլ Փաշինյանի ձեռքին գտնվող բարձրախոսը. տեղի է ունեցել վիճաբանություն, քաշքշուկ, ոստիկաններին միացել են կարմիր բերետավորներ, որից հետո ոստիկանության բաժին են տարել Նիկոլ Փաշինյանին, Շողեր Մաթեւոսյանին, Պետրոս Մակեյանին, Միքայել Հայրապետյանին, Դավիթ Մաթեւոսյանին` 11 հոգու: Ի դեպ, ծեծկռտուքի ընթացքում դեմքին վնասվածքներ է ստացել լրագրող Գոհար Վեզիրյանը: Ոստիկանության բաժին են ժամանել պատգամավորներ, ապա նաեւ Հայաստանի առաջին նախագահը, որը 4 ժամ մնացել է ոստիկանությունում, իսկ գիշերվա ժամը 3:30-ին բերման ենթարկվածներին ազատ են արձակել: Հարուցվել է քրեական գործ բերման ենթարկվածներից 10-ի նկատմամբ: «Իրենք հասկացան, որ առավոտյան տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվելու, եւ ուղղակի ստիպված էին մեզ ազատ արձակել», համոզված էր Նիկոլ Փաշինյանը:
Այս բոլորը ներկայացնելուց հետո մի անգամ եւս ուզում ես հարցնել` ո՞ւմ էր պետք այս անհաջող ներկայացումը, արդյոք մեր իշխանավորներին պե՞տք են այս կարգի կոպիտ գործողություններ: Եվ արդյոք հայրենի ոստիկանության այս գործողությունները որեւէ կերպ տարբերվո՞ւմ են խորհրդային ոստիկանության, 1994 կամ 1996 թվականի ոստիկանության պահվածքից: Եվ ո՞ւր են եվրոպական չափանիշներով բարեփոխումների այն շորշոփները, որոնք անընդհատ թմբկահարում է մեր իշխանությունը: Եվ ոստիկանությունն այսպիսով ծառայությո՞ւն է մատուցում իշխանությանը, թե՞ հակառակը, վարկաբեկում է նրան` հերոսականության լուսապսակով օժտելուն նպաստելով մի ուժի, որը բոլոր քաղաքական ուժերի նման ձգտում է իշխանության: Համենայն դեպս այդպիսի կարծիք հայտնեցին երեկ հենց իշխանական ուժերի շատ ներկայացուցիչներ, իսկ կացնային մեթոդներով մեր ոստիկանության աշխատաոճը նկատելու համար հատուկ պատրաստվածություն բոլորովին էլ պետք չէ:
Փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը տեղի ունեցածը երեկ Ազգային ժողովում անվանել է խուլիգանություն եւ քրեական հանցագործություն` մի խումբ անձանց կողմից, որոնք «ակնհայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել հասարակության նկատմամբ», հայհոյել են ոստիկանության աշխատակիցներին, նույնիսկ նրանցից մի քանիսը հարբած են եղել, դիմադրություն են ցույց տվել, 4 ոստիկան դիմել են բժշկական օգնության: Ի դեպ` հարբածության մասին հերքել է «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագիր Շողեր Մաթեւոսյանը` ասելով, որ ալկոհոլի առկայության ստուգման են ենթարկել բոլորին:
Հովիկ Աբրահամյանն էլ իր պարզաբանման մեջ, չցանկանալով մեկնաբանել իրավապահ մարմինների աշխատանքային գործունեությունը, արձանագրեց, որ բոլորս հավասար ենք օրենքի առջեւ, ոչ մեկին սահմանադրությունն ու օրենքը թույլ չեն տալիս ոտնձգություն կատարել. «Հարցն ունի նաեւ քաղաքական ենթատեքստ, կա օրենք, կա ոստիկանություն, որը պատասխանատվություն է կրում օրենքի համար, եւ բոլորը հասարակական կարգի խախտման համար օրենքի առջեւ պետք է պատասխան տան: Մենք թույլ չենք տա, որ մի քանի հոգի կազմակերպեն եւ խախտեն հասարակական կարգը»:
Սակայն առաջին իսկ պահերից ոստիկանությունում ներկա եղած «Ժառանգության» պատգամավոր Լարիսա Ալավերդյանի գծած պատկերն այլ էր. «Ոչ միայն քաղաքացիների, այլեւ պատգամավորների հանդեպ որպես ոչ օրինաչափ, որպես հակաօրինական, վերջապես որպես իշխանություն զավթելու փորձ, երբ որ մի մարմին` ոստիկանությունը, իրեն է վերագրում բոլոր մարմինների լիազորությունները», այսպես գնահատեց նա ոստիկանության գործողությունները: Բացի «Ժառանգություն» խմբակցության 4 պատգամավորից այնտեղ են եղել Խաչատուր Սուքիասյանը, Հովհաննես Մարգարյանն ու Արտաշես Ավոյանը ՕԵԿ-ից: «Երբ հասանք, առաջինը մեզ էին դիմադրում` «Ժառանգություն» խմբակցությանը, չթողնելով մուտք գործել պետական մարմին. ինչ աբսուրդի հասնող բան է», ասում էր Լ. Ալավերդյանը` նկատելով, որ հընթացս լարվածությունն ավելի ուժեղացնելու միտում կար հենց իշխանությունների կողմից: «Ինձ թվում է, որ հրահանգ է եղել` լարվածությունն ուժեղացնել ինչ-որ ձեւով: Ըստ երեւույթին մի միտում է եղելՙ պրովոկատիվ գործողություններով դրդել քաղաքացիներին հակաօրինական գործողությունների. տվյալ դեպքում այդպես է նախադեպը սկսվել` փաստորեն արգելվել է թռուցիկների բաժանումը, եւ դրանից բխել է», կարծիք հայտնեց նա: Հրահանգն, ըստ Լ. Ալավերդյանի, բարձր մակարդակից է եկել. «Որովհետեւ ոստիկանության կոնկրետ աշխատակիցները, որոնց ես ճանաչում եմ տարիներ շարունակ, իրենց չէին կարող վերագրել այդպիսի արգելքների իրականացում»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը, նշելով, որ տեղի ունեցածը ձեռնտու չէ ՀՀԿ-ին, չբացառեց, որ այն կարող է եւ սադրանք լինել` քաղաքական տվյալ ուժի իմիջը բարձրացնելու նպատակով, ինչը քաղտեխնոլոգիաների շրջանակում տեղավորվում է. «Եթե երթի մասնակիցները գործել են սահմանադրության եւ օրենքի շրջանակներում` անթույլատրելի եմ համարում կատարվածը», ասաց նա` միաժամանակ նկատելով, որ իրավապահները պետք է մեկնաբանեն` օրենքի շրջանակո՞ւմ է տեղի ունեցածը, թե՞ ոչ: Նույն երանգները կային նաեւ մյուս խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների խոսքում:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանը դատապարտեց տեղի ունեցածը. «Մենք դատապարտում ենք տեղի ունեցածը, անկախ նրանից, թե հրահրող կողմն ո՞վ է եղել: Ոստիկանությունն, իհարկե, պետք է քննի հարցը` ինչպե՞ս է պատահել, որ նմանօրինակ արատավոր երեւույթներ են տեղի ունենում: Հատկապես երբ խոսքը վերաբերում է սահմանադրական այն իրավունքներին, որոնք ազատություններին են վերաբերում, հանրահավաքներին կամ հանրահավաքների նախապատրաստմանը: Որեւէ դեպքում չպետք է ազատ խոսքի ճնշում տեղի ունենա Հայաստանում: Մենք կսպասենք ոստիկանության հայտարարությանը, կսպասենք քննության արդյունքներին. եթե օրենքի խախտումներ են տեղի ունեցել, պետք է երկու կողմից էլ հավասարապես պատասխանատու լինեն: ՀՅԴ-ն ինքն է իր վրա զգացել նախկինում նման ճնշումներ: Իսկ նրանք, ովքեր կարծում են, թե նման ձեւերով կարող են քաղաքական միջոցառումները կանխել, արջի ծառայություն են մատուցում եւ հավելյալ փիար են անում այն քաղաքական ուժերի համար, որոնք խնդրո առարկա են», ասաց նա:
ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը, հղում անելով տարբեր լրատվամիջոցներից իր ստացած հակասական տեղեկատվությանը, տեղեկացրեց, որ կոնկրետ ինքը դիմել է մարդու իրավունքների պաշտպանին եւ պատկան մարմիններին` ավելի լիարժեք տեղեկատվություն ստանալու համար. «Այդուհանդերձ` եթե ցուցարարների գործողությունները տեղավորվել են օրենքի եւ սահմանադրության շրջանակներում եւ նրանց հանդեպ կիրառվել է բռնություն, դա միանշանակ դատապարտելի է: Այլ գնահատական, թե նրանց կողմից եղել է հասարակական կարգի խախտում, ինչպես պնդում է պարոն Մահտեսյանը, դա արդեն հարցի իրավական-քրեական կողմն է, հարուցվել է քրեական գործ, եւ կոնկրետ ինքս փորձելու եմ պատկան մարմիններից ճշտել դեպքի մանրամասները»:
Արդեն միջադեպը դատապարտող եւ անաչառ քննություն իրականացնելու պահանջ պարունակող հայտարարություններ տարածել են «Ժառանգությունը», ՕԵԿ-ը:
ԶԼՄ-ներում հնչող գնահատականներն էլ տարբեր են, արդեն հնչում են իշխանության շատ որոշակի թեւերի հանդեպ սաբոտաժի եւ հոկտեմբերի 26-ին հանրահավաք անող ուժերի ռեյտինգն այս միջամտությամբ կտրուկ բարձրացնելու մասին որակումներ նաեւ արտախորհրդարանական ուժերից, իսկ ընդդիմությունը, բնականաբար, այս ամենը գնահատում է իբրեւ Հայաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքները խախտելու կոնկրետ գործողություն:
Իսկ այս իրադարձությունները կատարվում են այն պահին, երբ Հայաստանում չեն վարչապետ Սերժ Սարգսյանը, մի շարք նախարարներ:
Հ. Գ.-«Ազգը» դատապարտում է լրագրողների հանդեպ կատարված բռնությունները, ինչպես նաեւ տեղի ունեցած ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների խախտումներըՙ միաժամանակ հետեւելով իրավապահ մարմինների իրականացրած հետագա քայլերին:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ