Փող աշխատեցին վերավաճառողները
«Շաքարավազի իրարանցումը հորինված էր, այդպիսի խնդիր չկար: Միջազգային շուկայում շաքարավազի գները չէին բարձրացել, իսկ ներկրողն էլ ոչ միայն չէր թանկացրել իր ապրանքի գինը, այլեւ գոյություն ունեցող գնից էլ էժան էր վաճառում», երեկ «Փաստարկ» ակումբում հայտարարեց «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ Աբգար Եղոյանը: «Այդ դեպքում ո՞ւմ էր ձեռնտու իրարանցումը եւ ո՞վ շահեց դրանից», «Ազգի» հարցին Աբգար Եղոյանը պատասխանեց, որ շաքարավազ ներկրողը եւ շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունն այս իրարանցումից գումարային առումով շահույթ չունեցավ, այլ շահեց միայն ծավալների մեջ, քանի որ մեծ ծավալներ վաճառեց. «իրացման տեմպն աճեց»: Իսկ զուտ գումարի առումով շահեցին վերավաճառողները, ովքեր կարողացան փող ներդնել եւ փող աշխատել:
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ նախագահը գոհունակությամբ նշեց, որ բուսական յուղի եւ կարագի թանկացումների համար տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այս անգամ իր գործառույթներին համապատասխան աշխատեց` մոտ 50 ընկերությունների տուգանելով նրանց տարեկան հասույթի 2 տոկոսի չափով: Նախագահն այլ բանից է դժգոհ. նա վստահ է, որ կարագի եւ բուսական յուղի ահռելի թանկացումներից, որոնք, ի դեպ, համարժեք չէին միջազգային շուկայի թանկացումներին եւ մի քանի անգամ ավելի էին, ներկրող ընկերություններն այնպիսի գերշահույթ ստացան, որ 2 տոկոս տուգանքը նրանց չի խեղճացնի: Աբգար Եղոյանը համոզված է, որ մթերք ներկրող եւ տարածող ընկերությունները կգերադասեն այդ 2 տոկոս տուգանքը վճարել եւ խախտումներ անել` միեւնույն ժամանակ գերշահույթ ստանալ:
Հիշյալ ՀԿ-ն դիմելու է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանը, որ գնային բարձրացումների դեպքում 5 տոկոս տուգանք սահմանելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա, իսկ տնտեսական մրցակցության հանձնաժողովն էլ մթերքների թանկացման պատճառներն ուսումնասիրի ոչ թե 3 ամսում, այլ 15 օրում:
ՀԿ-ի նախագահը նշեց, որ վերջին երեք տարիներին Հայաստանում մթերքների գները միշտ էլ բարձրացել են, անընդհատ, բայց կտրուկ բարձրացումներ եղան կարագի եւ բուսական յուղի դեպքում: Նման կտրուկ բարձրացումները կանխելու համար Աբգար Եղոյանը կարեւորում է պետական որեւէ կառույցի ստեղծումը, որը կվերահսկի գների աճը:
Ինչ վերաբերում է առաջիկա թանկացումներին, Աբգար Եղոյանը նախ ընդգծեց, որ մեր տարօրինակ երկրում թանկացումները լինում են Նոր տարուց առաջ` ի տարբերություն այլ երկրների, որտեղ հակառակն է լինում, հետո էլ հավելեց, որ հունվար-փետրվար ամիսներին դժվար թե թանկացումներ լինեն:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ