Խրախուսելի երեւույթ հայ-թուրքական հարաբերությունների նոր արշալույսի համար
Միսաք ու Սարգիս Քոչունյան եղբայրների ջանադրության շնորհիվ 1908 թվականի հոկտեմբերի 28-ին հիմնադրված Պոլսո գրական, քաղաքական ու հասարակական «Ժամանակ» օրաթերթն արդեն մեկ դար (թերթի գործունեությունը ընդհատվել է միայն սկզբնական շրջանում, 2 անգամ) անդրադառնում է Արեւմուտքի եւ Թուրքիայի քաղաքական անցուդարձին, միաժամանակ լուսաբանելով հայկական եկեղեցու, դպրոցի, մամուլի կյանքը սփյուռքում: «Համայնապատկեր տնտեսական եւ ճարտարապետական», «Երկրներ ու ժողովուրդներ» բաժիններում ներկայացվում են տարբեր երկրների դեպքերն ու դեմքերը, գրական բաժնում տպագրվում են արեւմտահայ եւ արեւելահայ դասական ու ժամանակակից գրողների գործերը, նաեւ թարգմանություններ եվրոպական արդի գրականությունից: 1990-ականներից ի վեր թերթում արտացոլվում են նաեւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Թերթի 100-ամյակին նվիրված անդրանիկ հանդիսությունը հոկտեմբերի սկզբին տեղի ունեցավ Միսաք Քոչունյանի ծննդավայրումՙ Հալեպում:
Օրաթերթի գործունեության ու Պոլսո իրականության մեջ նրա ունեցած դերի ու կշռի մասին զրուցեցինք վերջերս «Ազգի» խմբագրություն այցելած օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանի հետ:
- Որո՞նք էին օրաթերթի ստեղծմանն ու գոյատեւմանը նպաստող հիմնական ազդակները, քաղաքական ու հոգեւոր ի՞նչ նախադրյալներ էին ստեղծվել թերթի հիմնադրման համար:
- Օրաթերթը ծնունդ առավ ճիշտ այն ժամանակ, երբ Թուրքիայում հարաբերական ազատություն էր հաստատվելՙ շնորհիվ օսմանյան պետությունում հռչակված երկրորդ սահմանադրության, որը դրականորեն ազդեց ազգային փոքրամասնությունների, այդ թվումՙ հայերի կացության վրա: Թերթի հիմնադիրներըՙ Միսաք եւ Սարգիս Քոչունյանները այդ ժամանակաշրջանի անվանի մտավորականներից էին, առաջինը վիպագիր էր, լրագրող, Ստամբուլի ազգային պատգամավորական ժողովի պատգամավոր, իսկ երկրորդըՙ Պոլսո պատրիարքարանի ելեւմտական հանձնախմբի ատենապետն էր, նաեւ Սբ. Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի ատենապետը: Թերթի ազգային դիմագիծը նրանք են կերտել, խիստ բնորոշիչ է եղել նաեւ այն, որ «Ժամանակը» դարձել է նախորդ դարասկզբի ժողովրդավարական բովանդակություն ունեցող թերթերից մեկըՙ տարբեր կարծիքների ու տեսակետների համադրությամբ: Հիմնադրման շրջանում տպաքանակը 15 հազարից ավելի էր, թերթն առաքվում էր Արեւելյան Անատոլիայից մինչեւ Բալկաններ, հարավից մինչեւ հյուսիս, բավականին ընդգրկուն շրջանով: Այդ ընթացքում Ստամբուլում կատարվում էին համաշխարհային նշանակության իրադարձություններ ու հասարակական կարծիք ձեւավորելու առումով հայկական մամուլի գործունեությունն ու բերած նպաստը շատ էական էր: Պատմության հոլովույթի մեջ աստիճանաբար փոխվում էր թերթի գործունեության բնույթը: Թուրքիայի հանրապետության ստեղծումից հետո, սփյուռքի մյուս թերթերի պես, «Ժամանակը» վերածվեց համայնքայինի, եւ այդ պայմաններում ոչ թե սահմանափակվեց թուրքական միջավայրով, այլ ջանքեր գործադրեց հետզհետե ձեւավորվող հայկական սփյուռքի տարբեր հատվածներից լրահոս ունենալու համար:
- Ովքե՞ր են հանդես եկել օրաթերթի էջերում, ի՞նչ հրապարակումներով է առանձնացել «Ժամանակը»:
- Սկզբնական շրջանում թերթում տեղ են գտել արեւմտահայ անվանի մտավորականների հրապարակումները: «Ժամանակի» պատմության մեջ եղավ այնպիսի շրջան, երբ այն հրատարակվեց «Ժողովրդի ձայն - ժամանակ» անունովՙ գլխավոր խմբագիրը Վահան Թեքեյանն էր, թերթի առաջին էջի համար գրում էին Արշակ Չոպանյանի, Երվանդ Օտյանի, Սիպիլի պես անվանի մտավորականները:
- Զուտ համայնքային թերթ դառնալուց հետո արդյո՞ք ծագել են որոշակի բարդություններ, որոնց հաղթահարումը ճիգերի լարում է պահանջել:
- Որոշ ձեռքբերումներ, իհարկե, եղել են, չի կարելի թերագնահատել հայապահպանության համար հայ մամուլի գործունեությունը, որ Ստամբուլի պարագայում կարող ենք «Ժամանակի» օրինակով ներկայացնել: Հայկական մամուլն իր դերակատարությունը բերեց սփյուռքի ավանդույթների ձեւավորման ու պահպանման, ազգային կառույցների հակակշռման, հայ հասարակության համախմբման եւ այլ առումներով: Դա էր գլխավոր առանձնահատկությունը, եւ այդ միջավայրում «Ժամանակն» իր գործունեությունը տեւականացրեցՙ նախանձախնդիր լինելով հայապահպանության, ազգային հաստատությունների առողջ գոյատեւման եւ արդյունավետ աշխատանք ծավալելու առումներով:
Հաջորդ շրջանը բերել է մի երեւույթ, երբ հնարավոր չի եղել սփյուռքի նոր սերնդին լիարժեք իմաստով փոխանցել հայկական արժեքները, գուցե դա տվյալ իրականությունից բխող երեւույթ էր, բայց հավաքական ճիգերով հանդերձ, հնարավոր չէ միարժեքորեն ասել, որ այդ շրջանում ամեն ինչ կատարյալ է արվել: Այդ ամենն իրար վրա գումարելով, հայկական արժեքները սերնդե-սերունդ փոխանցելու խնդիր է առաջացել: Դա, իհարկե, իր ազդեցությունն է ունեցել նաեւ մեր մամուլի վրա, որովհետեւ զուգադիպել է այնպիսի ժամանակահատվածի հետ, երբ նոր տեխնոլոգիաների արագընթաց զարգացումն անդրադարձել է լրատվամիջոցների վրա: Սակայն լավ իմանալով իր համեստ հնարավորությունները, մեր մամուլն անցումային շրջաններում դրսեւորել է հասունությունՙ ժողովրդին ցույց տալով լայն հորիզոններ:
- Գուցե արդեն խոսենք նոր շրջանի մասին ու փորձենք պատկերացում կազմել, թե ի՞նչ փոփոխություններ կատարվեցին «Ժամանակ»-ում Հայաստանի անկախությունից հետո:
- Թեպետ վաղ է պատմական գնահատական տալ, բայց արդեն իսկ կարելի է ասել, որ մեր ճակատագիրն էական փոփոխության ենթարկվեց, քանի որ անկախությունից հետո Հայաստանն ամբողջ աշխարհի հայության համար ձգողական ուժ ունեցավ, սփյուռքի մամուլն էլ իր հայացքը սեւեռեց հայրենիքի վրա: Նոր ժամանակները մեզ թելադրեցին հայրենիք ունենալու եւ նոր մարտահրավերներին դիմադրելու հրամայական, բոլոր գաղութների հայկական թերթերը համապատասխան կեցվածք որդեգրեցին: «Ժամանակը» այն թերթերից էր, որը խանդավառվեց Հայաստանի անկախացումով ու հետեւեց բոլոր իրադարձություններին ու զարգացումներին: Չհարելով որեւէ կուսակցության, մեր թերթը սփյուռքի անկախ թերթերի շարքում երեւի միակն էր, (բացառությամբ վերջին 1 տարվա), որ վերջին 10 տարիներին Հայաստանում սեփական թղթակից ուներ:
- Քանի՞ լրագրող ունի թերթը: Ձեզ հաջողվո՞ւմ է ներդաշնակ մթնոլորտ ստեղծել խմբագրատանը:
- Անցյալի հետ համեմատած հիմա աշխատակիցների թիվը նվազել է, սակայն ունենք երիտասարդ կադրեր, որոնց հետ ներդաշնակ համատեղություն է ստեղծվել, քանի որ փորձառու աշխատակիցներն իրենց գիտելիքները փոխանցում են նորերին, վերջիններս էլՙ ներշնչվում են նրանց կերպարով: Սփյուռքում հայ մամուլին աշխատակցելու երեւույթը նույնացվում է նվիրվածության, նաեւ հայ մամուլի առաքելության հանդեպ համառ հավատքի հետ: Չեմ ուզում որեւէ մեկի անունը նշել, ի վերջո թերթը կոլեկտիվ աշխատանքի արդյունք է եւ յուրաքանչյուրի բերած նպաստն իր նշանակությունն ունի: Այդ մոտեցումն այնպիսի մթնոլորտ է ստեղծում, որ որեւէ մեկը չի կարողանում ինքն իրեն կարեւորել: Հենց դա էլ ամրապնդում է խմբային ոգին, 100-ամյա թերթի գոյությունը չի կարելի բացատրել անձնական դրսեւորումներով: Գուցե որպես դասական առաջարկ ընկալեք, բայց կցանկանայի, որ այս հարցազրույցում հարգանքի տուրք մատուցեինք հայ պարբերական մամուլի հիմնադիր Հարություն քահանա Շմավոնյանին, որովհետեւ եթե նրա հիմնադրած «Ազդարարը» չլիներ, այսօր մենք հայ մամուլի զինվորները չէինք լինի: Ներկա աշխատակիցներին արժանին մատուցելով, կցանկանայի հարգանքով հիշել մեզանից անդարձ բաժանվածներին:
- Իր գործունեության սկզբում «Ժամանակը» 2 անգամ ճնշումների է ենթարկվել ու հարկադրված է եղել տպագրվելու մեկ այլ անունով: Ճնշումների դրդապատճառը միայն հայկական լինե՞լն է, թե՞ կան նաեւ այլ հանգամանքներ:
- Երբ խոսում ենք հայ մամուլի նկատմամբ ճնշումների մասին, մեր մտքում ակամա այն հարցադրումն է ծնվում, որ դրա պատճառը հայկական լինելն է: Ուրախությամբ պիտի ասեմ, որ զուտ հայկական թերթ լինելու համար «Ժամանակը» գրեթե այդպիսի խնդրի դեմհանդիման չի կանգնել: Օրինակ, մեր վարժարանները զուտ հայկական լինելու պատճառով որոշ խոչընդոտներ ունենում են, համայնքային մյուս հաստատությունները նույնպես, բայց մամուլի պարագայում այդպիսիք գրեթե չկան, եւ դա, իրոք, ուրախալի երեւույթ է: Մեզ այսօր տանջում են բոլոր այն հարցերը, որ մտահոգիչ են նաեւ թուրքական մամուլի համար:
- Ստամբուլահայության արտագաղթը վերջին շրջանում մարե՞լ է, թե՞ նկատելի է նոր ալիք:
- Մինչեւ 1980-ականների երկրորդ կեսը արտագաղթի հոսանքը զգալի էր, բայց 1990-ականներից սկսած այդ թափը կանգ առավՙ Թուրքիայի տնտեսական վերելքի պատճառով: Երկրի տնտեսությունն ինտեգրվեց համաշխարհային տնտեսությանն ու տնտեսական վերելք արձանագրելը բավականին կայուն դարձավ: Հիմա երկրից հեռանալու առանձնակի ձգտում չի նկատվում: Ցավոք, վերջին տարիներին հայաստանցիներն են արտագաղթում Ստամբուլ, իրենց օրվա հացը վաստակելու համար: Բայց մենք չենք ցանկանում, որ մեր համայնքի անդամների թիվն այս ձեւով ավելանա:
- Իսկ ի՞նչ ազդեցություն է ունեցել թերթը հայ-թուրքական հարաբերությունների վրա, ի՞նչ կեցվածք է ընդունել վերջին տարիներին:
- Վերջին 20 տարիներին Հայաստանի հանդեպ մեր դրսեւորած մոտեցումներն, անշուշտ, կարելի է դիտարկել հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից, որովհետեւ գրեթե բոլորն են ընդունում, որ «Ժամանակը» ստամբուլահայության կաթիլի շարունակությունն է: Մենք, իհարկե, դա հաճույքով ենք ընկալում, բայց միեւնույն ժամանակ պարտավորված ենք զգում նոր մարտահրավերներին դիմանալու ու սեփական կեցվածք ունենալու առումով: Հիմնադրման շրջանից ի վեր «Ժամանակ» օրաթերթը գտնվեց Քոչունյան գերդաստանի ղեկի ներքո: Հիմնադիրների մահվանից հետո թերթի ղեկը հանձնվեց Սարգիս Քոչունյանի որդուն` Մարտիրոսին, որը մինչեւ 1975 թվականը «Ժամանակի» խմբագրապետն էր, ավելի ուշ այդ գործը ստանձնեց պապսՙ Արա Քոչունյանը, որից հետո թերթի սեփականատերը դարձավ հայրս` Սարգիս Քոչունյանը, իսկ մայրս` Նադյա Քոչունյանը, հրատարակչության տնօրենն է: Ես խմբագրի դերում եմ, այնպես որ փորձում ենք չխախտել ընտանեկան նվիրապետական կարգը: Թեեւ մեր թերթը նույնացվում է գերդաստանային գործի հետ, բայց մյուս կողմից պիտի ընդունենք, որ սփյուռքի պայմաններում հայկական օրաթերթ պահելը, այն էլ` 100 տարի, ընտանեկան քմահաճությամբ անելու գործ չէր, այսինքն` մարդկանց բոլոր զոհողություններով հանդերձ, առաջին հերթին պետք է ընդգծել ընթերցող հասարակության դրսեւորած թերթին տեր կանգնելու գիտակցությունը: Փաստորեն «Ժամանակը» հայ իրականության, ինչպես նաեւ Թուրքիայում լույս տեսնող օրաթերթերից ամենահինն է: Հայ-թուրքական հարաբերությունների առումով սա հետաքրքրական փաստ է, որովհետեւ Ստամբուլը Թուրքիայի առաջատար քաղաքն է եւ էթնիկ միջավայրում հայկական թերթի դարավոր գոյատեւումը, ինչ էլ որ ասենք, դրական երեւույթների շարքն է դասվում: Բարդագույն հանգույցներով լի պատմական անցյալից հետո հայերն ու թուրքերն այսօր նոր արշալույսի որոնումների մեջ են` յուրաքանչյուրն իր նախանձախնդրությամբ ու նախապատվություններով, բայց ամբողջի մեջ նկատելի է դրական, խորհրդանշական ու խրախուսող երեւույթ` «Ժամանակի» 100-ամյա գոյությունը:
Հայկական մամուլը մոտավորապես 200 տարուց ավելի պատմություն ունի, եւ դրա կեսից ավելիի ականատեսն ու վկան «Ժամանակն» է, եւ առհասարակ, հայ պարբերականների ավելի քան կեսը հրատարակվել են Ստամբուլում: Եթե ուսումնասիրենք հայկական օրաթերթի 100-ամյա գոյատեւման տարեդարձի երեւույթը, կհամոզվենք, որ դա լուրջ նշանակություն ունի հայրենիք-սփյուռք հարաբերությունների տեսանկյունից, որովհետեւ Հայաստան-սփյուռք հարաբերությունները միշտ դիտարկել ենք որպես մեկ մարմնի 2 թեւեր: Մարմնի առողջության տեսակետից էական է, որ երկուսն էլ ամուր ու ներդաշնակ լինեն: Սփյուռքում ունենք շատ կարեւոր ավանդույթներ ու զանազան ոլորտներում արձանագրված ձեռքբերումներ, որոնք կարող են խրախուսելի լինել Հայաստանի համար: Ստամբուլը հայկական սփյուռքի մեջ իր ուրույն տեղն ունի, կենդանի եւ արթուն համայնք է, փորձում է մինչեւ այս պահը իր խոր ավանդույթներն ու սերած ժառանգությունն արժեւորել եւ հայկական դիմագիծը պահել: Այս ամբողջի մեջ ստամբուլահայ մամուլը համահայկական մակարդակի վրա իր ուրույն տեղն ունի, հետեւում է Հայաստանի անցուդարձին, Մայր աթոռի գործունեությանը: Այսօր, երբ համահայկական նոր ինքնություն է ձեւավորվում, պետք է Հայաստանը ճանաչել իր բոլոր երեսակներովՙ առանց լոզունգների ու ճառերի: Եթե հիմնավորված քայլեր չանենք, ուրեմն ի սկզբանե դատապարտված ենք:
Հարցազրույցը վարեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ