«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2007-10-24 | #195, 2007-10-25 | #196, 2007-10-26


ՄՈՍԿՎԱՅԻ ԱՅԼԱՏՅԱՑ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՆՈՐ ԶՈՀԵՐԻՑ ՄԵԿԸ ՀԱՅ Է

Մոսկվայի ՆԳԳ վարչության տվյալներ վկայակոչելով, ՌԻԱ գործակալությունը հաղորդում է, որ երեք տասնյակ դեռահասներ են կալանավորվել հոկտեմբերի 20-ին այլազգի անցորդների վրա կատարված հարձակումների գործով:

Նշվում է, որ այլատյաց դեռահասներն իրենց հարձակումները տեսագրել են բջջային հեռախոսներով: Բացի դրանից, հանցագործներին ճանաչել են բազմաթիվ ականատեսներ:

Հիշյալ օրը հարձակման է ենթարկվել 5 մարդ: Առաջին զոհը Յակուտիայից եկած 46-ամյա Սերգեյ Նիկոլաեւն է: Նա շախմատի միջազգային կարգի վարպետ էր եւ մահացավ ստացած վնասվածքներից: 37-ամյա ուզբեկ հավաքարար Գալիջան Գուլյաշովը ծանր վերքեր ստացավ: Օբրուչեւի փողոցում դաժան ծեծի ենթարկվեց 25-ամյա Գալիբ Կաբիլովը, որը Գուլյաշովի նման հայտնվեց վերակենդանացման բաժանմունքում եւ հավանաբար հաշմանդամ կմնա: Նույն փողոցում հայտնաբերվեց դանակի բազմաթիվ հարվածներ ստացած եւս մեկ այլազգի: Իսկ Բալակլավայի պողոտայում սպանվեց 24-ամյա Հովհաննես Հայրումյանը:

«Վրեմյա նովոստեյ» թերթի տեղեկությունների համաձայն, շաբաթ օրը սեւ, ծանր կոշիկներ եւ սեւ բաճկոններ հագած մոտ 15 դեռահասներ «Մոսկվա» ֆուտբոլային ակումբի նկատմամբ «Սպարտակի» հաղթանակը տոնել են փողոցներում «ոչ ռուս» անցորդներին վիրավորելով եւ սպանելով: Մոսկվայի ՆԳԳՎ-ում նախապես մերժել են հանցագործությունների էթնիկական բնույթը, բայց քննիչները կալանավորված դեռահասների բնակարանները խուզարկելիս հայտնաբերել են ազգայնամոլ բնույթի գրականություն:

Սերգեյ Նիկոլաեւի եւ Գալիջան Գուլյանովի վրա կատարված հարձակումների գործով դատախազությունը քրեական գործ է հարուցել ՌԴ 282-րդ (ազգային, ռասայական եւ կրոնական թշնամանքի հրահրում) եւ 111-րդ (դիտավորյալ մարմնական ծանր վնասվածքների պատճառում) հոդվածներով:

ՊԵՏՐՈՍ ՔԵՇԻՇՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4