«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2007-10-25 | #196, 2007-10-26 | #197, 2007-10-27


ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՐԱՔԻ ՀԱՐՑՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՆ ԴԱՐՁԵԼ Է ՍԵՓԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ

Ներխուժումը նրան սպառնում է երկրի քրդաբնակ շրջաններում վերահսկողությունը կորցնելու վտանգով

Հոկտեմբերի 17-ին դռնփակ նիստում Թուրքիայի ազգային մեծ ժողովը ձայների գերակշռող մեծամասնությամբ Հյուսիսային Իրաքում PKK-ի դեմ ռազմական գործողություններ ծավալելու լիազորություն էր տվել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը: Մինչ Թուրքիայի քաղաքական շրջանակներն անդրսահմանային ռազմական հնարավոր գործողությունների շուրջը համատարած հիստերիա էին հրահրում երկրում, իսկ Էրդողանն Իրաքի փոխնախագահ Հաշիմիին եւ վարչապետ Մալիքիին զգուշացնում էր, որ թուրքական զորքերի ներխուժումից կարելի է խուսափել PKK-ի երեք առաջնորդներին հանձնելու դեպքում միայն, ահա հոկտեմբերի 21-ին քրդական այս կազմակերպության մարտիկները հանկարծակի հարձակվում են Հաքքյարիի Յուքսեքովա գավառի մոտակայքում տեղակայված թուրքական զորամասի վրա: Նրանք երեք կողմից կրակի տակ են առնում զորամասը, սպանում 12 զինծառայողի, ապա եւ պատանդ են վերցնում 8 զինվորականի:

Այդ ընթացքում Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանին, հանդիպելով Էրբիլում Հյուսիսային Իրաքի «Քուրդիստան» շրջանի նախագահ Մասութ Բարզանիի հետ, ի պատասխան PKK-ի երեք առաջնորդներին Թուրքիային հանձնելու Էրդողանի պահանջին, հայտարարում է. «Նույնիսկ մեր կատուն ձեզ չենք տա: PKK-ի հարցը քաղաքական լուծում է պահանջում»:

Կատվի մասին Թալաբանիի հայտարարությունն իբրեւ մարտահրավերի դրսեւորում երեւան է հանում քաղաքական նպատակը ռազմական ներխուժման սպառնալիքի եւ դիվանագիտական ճնշման միջոցով ապահովելու Անկարայի հաշվարկների սնանկությունն ու կասկածի տակ է դնում Հյուսիսային Իրաք ներխուժելու նպատակահարմարությունը:

Ինչո՞ւ: Այն պարզ պատճառով, որ Թուրքիայի իրաքյան սահմանի երկայնքով տեղակայված թուրքական զորքերը, որոնց թվակազմը սահմանամերձ շրջաններում հասնում է ավելի քան 100 հազարի, ոչ միայն չեն կարողանում կասեցնել PKK-ի ներթափանցումը երկիր, այլեւ վերջինի հարձակումից պաշտպանել զինծառայողներին: Սա նշանակում է, որ PKK-ին մարտահրավերներ նետող թուրքական բանակն ինքն է հայտնվում մարտահրավերի առջեւ, թերեւս դրանով էլ քրդական այս կազմակերպությանն է զիջում նախաձեռնությունը:

Դա, ինչ խոսք, վտանգում է բանակի հեղինակությունը երկրի ներսում, առավել եւս Թուրքիայի քրդաբնակ հարավ-արեւելյան շրջաններում: Այլ կերպ, անկախ քաղաքական զարգացումների հետագա ընթացքից, Հյուսիսային Իրաքում PKK-ի դեմ ռազմական գործողություններ ծավալելու թուրքական սպառնալիքները նպատակի առումով ձախողվում են: Ըստ երեւույթին նպատակին չի ծառայելու նաեւ «Քուրդիստան» շրջանի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու Թուրքիայի սպառնալիքը, որովհետեւ հոկտեմբերի 25-ին Դամասկոսում Իրաքի խորհրդարանի նախագահ Մահմուդ ալ Մաշադին, որը պաշտոնական այցով Սիրիայում էր գտնվում, հայտարարել է. «Եթե Թուրքիան Հյուսիսային Իրաքի նկատմամբ տնտեսական պատժամիջոցների դիմի, ապա մենք կփակենք Քիրքուք-Ջեյհան նավթատարը»: Նրան հաստատել է նաեւ Իրաքի վարչապետ Մալիքին:

Այսպիսով, Հյուսիսային Իրաք ներխուժման հարցում ինչպես ԱՄՆ-ի եւ Իրաքի, այնպես էլ Հյուսիսային Իրաքի «Քուրդիստան» շրջանի ղեկավարության բուռն հակազդեցությանը բախվող Թուրքիան դարձել է սեփական նախաձեռնության պատանդը: Հարցը, սակայն, սոսկ այդ նախաձեռնությունը չէ, այլեւ PKK-ի դեմ ռազմական գործողություններ ծավալելու նպատակով Հյուսիսային Իրաք ներխուժելու դեպքում երկրի քրդաբնակ հարավ-արեւելյան շրջաններում վերահսկողությունը կորցնելու վտանգը, որն ամենեւին էլ չի բացառվում:

Ներխուժման դեպքում արդեն նրա խնդիրը ոչ թե կսահմանափակվի PKK-ի Հյուսիսային Իրաքում տեղակայված հենակետերով, այլ երկրի հարավ-արեւելյան շրջանների քուրդ բնակչությունն ակտիվորեն կներգրավվի Թուրքիայի դեմ քրդական այս կազմակերպության մղած պայքարում, իսկ դա այդ պայքարին կհաղորդի քրդական դիմադրության բնույթ:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4